Հայերը` միջազգային և ներքին լրահոսում (լրագրային շանսոն)

Դատելով ԱՄՆ հրապարակած «Կրեմլի ցուցակի» շուրջ Հայաստանում բարձրացած իրարանցումից, կարելի է հստակ ասել, որ արտագաղթը կավելանա: Տնտեսագիտության դոկտոր և ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանը փորձել է վերջ տալ համընդհանուր պանիկային` ասելով, որ ԱՄՆ-ն զիջումների կգնա մեր պահով, երբ տեսնի այդ ցուցակի հայկական հետագծերը:

***

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, որի իտալական շրջագայությունը փչացրել էր Հռոմի ոստիկանությունը, իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ իտալացի իրավապահները ներողություն են խնդրել և հեռացել հյուրանոցի իր համարից: «Հռոմեական երեկո» թերթը, սակայն, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի անհավանական արկածներին Իտալիայում, գրում է, որ «ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորը երկարատև և դժվարին բանակցություններից հետո ազատ է արձակել իր հյուրանոցային համար բերման ենթարկված ոստիկաններին»:

***

Նիկոլ Փաշինյանի գործերը, սակայն, նույնքան հաջող չեն Հայաստանում: Մասնավորապես ՀՀ ԱԺ էթիկայի հանձնաժողովը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Արտաշես Գեղամյանն իր վրա է հարձակվել բռունցքներով, բավարար չէ Արտաշես Գեղամյանի դեմ միջոցներ ձեռնարկելու համար, որովհետև հայտնի չէ`հարձակումից հետո վերջինիս կողմից բռունցքներով հարվածներ եղել ե՞ն, թե՞ ոչ: Փոխարենը ԱԺ էթիկայի հանձնաժողովը քննության է առել Նիկոլ Փաշինյանի մեկ այլ հայտարարություն, ըստ որի, տեսնելով բռունցքներով իր վրա եկող Արտաշես Գեղամյանին, պաշտպանվել է ոտքերով և նրա կոստյումով մաքրել կոշիկները:

***

ՀՀԿ գրասենյակում ՀՀ նախագահի թեկնածուի հետ հանդիպման ժամանակ Մանվել Գրիգորյանը արմունկով հրում է Սեյրան Սարոյանին.

-Ինքն ա՞:

-Եսիմ, սպասա Շարմազանովին հարցնեմ:

Էդիկ Անդրեասյան

Մեկնաբանություն
X