Պատահական չէ, որ մեր հասարակության ամենահարգված ներկայացուցիչներն օրենքով գողերն են

Հիմա շատ են սիրում ազգային ծրագրի ու ազգային գաղափարախոսության մասին խոսել: Ունենալ ազգային ծրագիր, նշանակում է ունենալ մշակված կոմպլեքս գործողությունների հաջորդականություն` ազգի առաջընթաց զարգացումն ապահովելու համար ու որոշակի գաղափարախոսություն, որն այդ ծրագրավորված գործողությունները կդարձնի հասարակական պահանջ: Այս ուղղությամբ ոչինչ չի արվում, սա ցույց է տալիս, որ մենք իրականում պետություն չունենք, որովհետև դա պետականության համար պարտադիր պայման է: Սակայն ունենք մեկ այլ կոմպլեքս գործողությունների ծրագիր, որը իրագործվում է արագ տեմպերով, և որի արդյունքում մեր ժողովուրդը կորցնում է ազգ կոչվելու բոլոր հատկանիշները: Դա հայության ռուսական կոնցեպտն է, համաձայն որի, հայությունը պիտի դադարի առանձին ազգ լինելուց ու դառնա ռուսաստանյան մեծ ազգի սուբկուլտուրաներից մեկը:

Դրա համար, առաջինը, նախ պիտի ազգը գլխատվի, այսինքն՝ էլիտան պիտի ոչնչացվի: Դա նշանակում է, որ ստեղծագործ մտքով օժտված հայերը պիտի հրաժարվեն իրենց ազգային ինքնությունից և ընդունեն ռուսական ինքնություն, որպեսզի կարողանան ռեալիզացնել իրենց որպես ինտելեկտուալ արարած, որպես կրեատիվ մարդ (պարտադիր չի միայն արվեստ, նաև բիզնեսի ու կառավարման մասին է խոսքը, և ընդհանրապես հասարակակակն քաղաքական կյանքի այն բոլոր բնագավառների, որտեղ էլիտան ունի մենաշնորհ): Երկրորդ` Հայաստանում պիտի լինի ինքնությունը պահպանած (խստագույնս այլասերված ձևով իհարկե) շատ փոքր միջին խավ, որը սակայն չպիտի ազատ լինի, և որը պիտի զբաղվի բացառապես Ռուսաստանից իրենց վրա նշանակված վարչախմբերի կողմից իրականացվող ծրագրերի սպասարկմամբ:

Այդ մարդիկ չպիտի կիրթ լինեն ու բազմակողմանի զարգացվածության գոնե միջին մակարդակ չպիտի ունենան, դրանք պիտի նեղ մասնագետներ լինեն միայն, և որ ամենակարևորն է, դրանց մոտ խիստ կերպով աղճատված պիտի լինի ազգային ինքնագիտակցության զգացողությունը: Նրանք թշնամաբար պիտի ընկալեն սեփական պետականություն ունենալու գաղափարը, նրանք չպիտի ունենան ազգային մտածողություն. Օրինակ՝ իրենց հերոսները չպիտի հակասության մեջ մտնեն ռուսական աշխարհի արժեհամակարգի հետ։ Ավելին, ամենամեծ հերոսները նրանց համար պիտի համարվեն այն էթնիկ հայերը, որոնք ծառայել են բացառապես Ռուսաստանին, այսինքն՝ սկսած Բեկ-Փիրումովներից ու Լորիս-Մելիքովներից մինչև Բաղրամյաններ, Բաբաջանյաններ ու, անգամ, Անաստաս Միկոյաններ: Պոզների այն հարցին, թե, ըստ ձեզ, ո՞րն է հայ հերոսի իսկական կերպարը, որը օրինակ պիտի լինի երիտասարդ հայերի համար, Սերժ Սարգսյանը մարշալ Բաղրամյանի անունը տվեց, դա պատահականություն չէր, այդպես նրանք սերունդ են դաստիարակում, կամ ավելի ճիշտ այլասերում:

Միջին խավի հայությանը ու նաև ստորին խավի հայությանը, որը հիմնականում Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող սևագործ բանվորությունն է, պիտի դաստիարակեն այն գաղափարներով, որ իրենք Մեծ Ռուսաստանի մի մասնիկն են ու պիտի հպարտանան դրանով, պիտի մտածեն, որ առանց Ռուսաստանի իրենք գոյություն չեն ունենա ու հանուն Ռուսաստանի պիտի պատրաստ լինեն ամենամեծ զոհողությունների: Դրա համար նրանց պիտի ներարկվի անհայրենիք ազգի սինդրոմն ու ազգային թերարժեքության բարդույթը, այսինքն նրանց մեջ պիտի մտցվի այն գաղափարը, որ հայ ժողովուրդը միշտ խեղճ ու հալածված է եղել, որ հայությունը իրականում չի ունեցել ոչ մի լուրջ մշակույթ, ոչ դասական արվեստ և գրականություն, ոչ գիտություն և ճարտարապետություն, և ոչ էլ պետականության ավանդույթներ, և որ եթե հայության մեջ կլինեն հանճարեղ մարդիկ, ապա ռուսական կայսրության կամ ուրիշ կայսրությունների սահմաններում կարող են միայն իրենց դրսևորել, կորցնելով իհարկե իրենց մայրենի լեզուն և ազգային ինքնության մյուս ատրիբուտները:

Իսկ այն հայերը, որոնք կպահպանեն իրենց ինքնությունը պիտի տգետ ու գռեհիկ լինեն, և որ իրենց մեջից, լավագույն դեպքում, սպորտային աշխարհի հեղինակություններ կարող են դուրս գալ և ոչ ավելի (չմոռանանք որ ժամանակակից պրոֆեսիոնալ սպորտսմենները անցյալի գլադիատորներն են, դրանք այն ստրուկներն էին, որ, երբեմն իրենց կյանքի գնով, իրենց ֆիզիկական ուժն ու մարմնի ճկունությունը ի ցույց էին դնում ազատ մարդկանց զվարճացնելու համար): Այսինքն, հայությանը ամեն կերպ վերածում են անմշակույթ խառնամբոխի, որը սովորաբար գլխատված լինելու պարագայում, այսինքն էլիտա չունենալու պարագայում, վեր է ածվում կազմակերպված հանցագործ հանրույթի, ու դա է պատճառը, որ մեր ազգի վերնախավը այսօր բացառապես կրիմինալ տարրերից է կազմված, ու հասարակության ամենահարգված ներկայացուցիչներն են, թերևս, օրենքով գողերը (որոնք, ի դեպ, ամբողջովին ղեկավարվում են ռուսական հատուկ ծառայությունների կողմից, ու, ըստ էության, ռուսական հանցավոր աշխարհը, որի մասն է կազմում նաև հայկական հանցավոր աշխարհը, այդ ծառայությունների ամենակարևոր ենթակառուցվածքներից մեկն են հանդիսանում):

Թորոս Ալեքսանյան

Մեկնաբանություն
X