Ժողովուրդը կապ չունի ո՛չ ընդդիմության և ո՛չ էլ իշխանության հետ

Իշխանություն-ընդդիմություն-ժողովուրդ բավականին բարդ և խճճված փոխհարաբերությունների համատեքստում Հայաստանը թևակոխեց վտանգավոր և ալեկոծվող կայունության մի շրջափուլ, որը ներկայացվում է որպես անցում կիսանախագահական կառավարման համակարգից անցում դեպի խորհրդարանական համակարգ: Դեռ ավելին՝ կարծես թե համակցված կամ էլ զավեշտական զուգադիպությամբ որքան մեծանում է հայրենասիրական պոպուլիզմը, այնքան խորանում է ճգնաժամը: Եթե ճգնաժամը վերահսկելի է, ապա, որպես կանոն, դրան պետք է հաջորդի թռիչքը, իսկ Հայաստանում այն ոչ միայն դուրս է վերահսկողությունից, այլ նաև ինքնահոս վիճակում է թողնված: Այսինքն` պետությունը վերածվել է ծխացող թմբիրի և պարզ չէ, թե մոտ ապագայում որտեղ կարող է խոշոր պայթյուն արձանագրվել:

Իսկ առավել աղետալի հետևանքների կարող է բերել հատկապես այն հանգամանքը, որ առաջին հերթին գտնված չեն ճգնաժամի պատճառները և դրանից բխող կանխարգելման միջոցները, ինչպես նաև ոչ մի կերպ չի հաջողվում կանխատեսել հնարավոր ցնցումների չափերն ու ընդգրկման սահմանները: Այս ամենին զուգընթաց հայաստանցիների առջև դրված մարտահրավերները դժվար թե հնարավոր լինի տեղավորել նեղ քաղաքական շրջանակներում: Վերևում մատնանշված անվերահսկելի ճգնաժամն աստիճանաբար ներթափանցել է սոցիումի մշակութային, սոցիալական և քաղաքակրթական տիրույթներ՝ պարալիզացնելով կյանքի գրեթե բոլոր ոլորտները: Այսինքն` քաղաքական պատճառներով առաջացած համընդգրկուն կոնֆլիկտն այլևս կանխարգելում է ամեն մի վերակենդանացման փորձ: Մյուս կողմից, եթե փորձենք մեկ նախադասությամբ ձևակերպել արժեհամակարգային ճգնաժամը, ապա կստացվի մոտավորապես այսպես` համակեցական կառույցը, որին մենք անվանում ենք հանրություն, հայտնվելով խցանման մեջ, փիլիսոփայական տեսանկյունից այլևս չի կարողանում ընկալել անհրաժեշտ արդիականացման միտումները:

Ըստ էության, Հայաստանի քաղաքական կյանքի կայացումը, ինչպես նաև դրանից բխող քաղաքակրթական խնդիրների կարգավորումը պետք է առաջնորդի հասարակական լայն շերտերի շահերը ներկայացնող կոնտինգենտը, որը, լինելով ընդդիմություն, ոչ միայն պետք է արմատապես փոխի արժեհամակարգային կացութաձևը, այլ նաև աստիճանական քայլերով վերցնի իշխանությունը և ձևավորի հանրության՝ կյանքի բոլոր ոլորտների զարգացմանը նպաստող միջավայր: Ընդդիմությունը վերբնական, անտեսանելի կամ էլ վերացական հասկացություն չէ: Դրա առարկայական դրսևորումները պետք է լինեն հանրույթի ներքին ու արտաքին փոխհարաբերությունների ամենաառանցքային, անբաժան մասնիկները։ Վերը մատնանշած խնդիրների միջոցով թերևս մասամբ հնարավոր է դառնում հասկանալ ներկայումս ստեղծված պարադոքսալ իրավիճակի էությունը:

Պարադոքսալ, քանի որ, ըստ էության, իշխանությունը, ընդդիմությունը և ժողովուրդը, կարծես թե, իրարից անկախ, իրար հետ կապ չունեցող ինստիտուտներ լինեն: Առաջին հերթին դրանք չեն կարողանում ըստ պատշաճի արձագանքել իրենց առջև դրված մարտահրավերներին, իսկ մյուս կողմից չեն կարողանում ընկալել փոխադարձ հարաբերման և շփման ազդակները: Այսինքն` նմանվել են չաշխատող ռադիոընդունիչի, որը ոչ մի կերպ չի կարողանում որսալ ռադիոալիքները: Իշխանությունները զբաղված են իշխանության պահպանման և վերարտադրության խնդիրներով: Ընդդիմությունը նրանց համար ընկալվում է որպես զուտ քննադատական ելույթներ հնչեցնող վերացական բազմություն, իսկ որևէ գործնական քայլի փորձ խեղդվում է՝ դեռևս բնից դուրս չեկած: Իսկ պետության և ժողովրդի առջև ծառացած խնդիրներն այդպես էլ մնում են առկախված:

Ընդդիմությունը` որպես այդպիսին, կարելի է բաժանել երկու խմբի՝ պոպուլիստական հայտարարություններ հնչեցնողներ, որոնք խոսում են բարձրաձայն, բայց չեն ցանկանում աշխատել և կրկին պոպուլիստական հայտարարություններ հնչեցնողներ, որոնք արդեն ցանկանում են աշխատել, բայց այն, ինչ նրանք անվանում են աշխատանք, տարիներ անց պատմաբանները կորակեն որպես ձախորդ արկածախնդրություն: Բնականաբար երկու խմբերն էլ իշխանությունների հետ կապ չունեն այնքանով, որ չունեն համապատասխան լծակներ դրանց հավասարակշռելու, որոշումների կայացման վրա ներազդելու համար: Իսկ ժողովուրդ-ընդդիմություն կապը թերևս գտնվում է ամենաողբերգական իրավիճակում, քանի որ փոխադարձ կապը գրեթե բացակայում է:

Ինչ վերաբերում է ժողովրդին, ապա, ինչպես վերևում նշվեց, այն որևէ կերպ կապ չունի ո՛չ ընդդիմության և ո՛չ էլ իշխանությունների հետ: Մարդիկ իրենց համար հանգիստ գնում են աշխատանքի, երբեմն դժգոհում են, պոռթկում են, բայց, չունենալով որևէ հենման կետ, կա՛մ արտագաղթում են, կա՛մ էլ՝ համակերպվում և լուռ հանդուրժում: Բայց, այնուամենայնիվ մարդիկ կարծես թե, համակրում են ընդդիմությանը և, մեղմ ասած, չեն սիրում իշխանություններին, բայց պարադոքսը հենց այստեղ է թաքնված. նրանք ոչ մի կերպ չեն արձագանքում ընդդիմության գործունեությանը։ Չեն վստահում, չեն հավատում, լուրջ չեն վերաբերվում և ո՞վ է մեղավոր այս անվստահության միջավայրի համար։ Իշխանությու՞նը, որը տարիներ շարունակ հետևողական քաղաքականության միջոցով ոչնչի առջև կանգ չի առել ընդդիմությանը ոչնչացնելու համար, թե՞ ընդդիմությունը, որն այնքան թույլ է գտնվել, որ չի կարողացել դիմադրել իշխանական հարձակումներին։ Երևի թե երկուսն էլ մեղավոր են։ Խնդիրն այն է, որ ընդդիմադիրներից շատերն իրենց ձախողումների մեղքը փորձում են բարդել ժողովրդի վրա։ Այսինքն՝ կարելի է փաստել, որ արդի շրջանում ընդդիմադիրները գրեթե ամբողջությամբ կտրված են ժողովրդից, նրանց հետևորդների թիվը չափազանց քիչ է, դեռ ավելին, մի բան էլ պակասում է, բայց նրանք դրանից չեն ընկճվում, ավելի են գոտեպնդվում՝ կարծելով, թե ամբողջ հայ ժողովուրդը մոլորյալ է, չի գիտակցում իրենց վեհ առաքելության արժեքը, իսկ իրենք բարձրագույն ճշմարտության կրողներն են՝ «մարգարեներ հեռավոր անցյալից», որոնք կանխատեսել են պետականության մոտալուտ կործանման սպառնալիքը և ճիշտ ժամանակին հայտնվել են ճիշտ տեղում: «Փրկիչ առաջնորդների» փրկագործական ճառերին հավատում են միայն ֆանատիկոս հետևորդները, իսկ ժողովուրդը՞․․․

Մեկնաբանություն
X