Նավալնին գլխացավանք է Կրեմլի համար

Ներկայումս Ռուսաստանի իշխանությունների ամենամեծ գլխացավանքը Ալեքսեյ Նավալնին է։ Կրեմլում որևէ կերպ չեն պատկերացնում, թե ինչպես կարելի է նրան վնասազերծել ու չեզոքացնել, դեռ ավելին՝ նույնիսկ չգիտեն էլ ինչ անել Նավալնու հետ։ Ձերբակալե՞լ, թույլ չտա՞լ ընտրություններին մասնակցել, արտաքսե՞լ, վերջապես ի՞նչ անել։ Փորձը ցույց տվեց, որ արդեն ավանդույթ դարձած ձերբակալություններն ու ընտրություններին առաջադրվելու արգելքը չկարողացան ստվեր գցել Նավալնու բավականին արդյունավետ գործունեության վրա։ Իսկ արտաքսումն ու չեզոքացման այլ հնարավոր տարբերակները կարող են էլ ավելի մեծ խնդիրների պատճառ դառնալ։ Որքան էլ իշխանական քարոզչամեքենան փորձում է հեղինակազրկել նրան, միևնույնն է նա կարողանում է մարդկանց որոշակի քանակ մոբիլիզացնել՝ սրելով իրավիճակը փողոցում։ Իսկ իշխանությունները ամենից շատ վախենում են հենց ընդվզող երիտասարդներից և նրանց փողոցում հայտնվելու հնարավորությունից։

Հասկանալի է, այս պահին Ալեքսեյ Նավալնին որևէ կերպ չի կարող կանխարգելել Վլադիմիր Պուտինի վերարտադրությունը նախագահի պաշտոնում։ Եվ հենց այն պատճառով, որ նա ընդունելի և ընկալելի կերպար չէ Ռուսաստանի օլիգարխիկ էլիտայի տարատեսակ կլանների համար։ Բնակչության մի զգալի մասը դեռևս վստահում է Պուտինին՝ նրա մեջ տեսնելով ուժեղ առաջնորդի այնպիսի մի կերպար, որն ի զորու է չեզոքացնել Ռուսաստանի առջև ծառացած ներքին ու արտաքին ցանկացած մարտահրավեր։ Ավելին՝ անծայրածիր Ռուսաստանի հեռավոր բնակավայրերում ապրող մարդիկ, որոնք հիշում են Խորհրդային անհոգ ու բարի անցյալը, Պուտինին դիտարկում են որպես արդարության և անվտանգության երաշխավոր։ Այսինքն՝ ներկայիս նախագահը մարդկանց ընկալումներում այն անհատն է, որը կարող է պատժել ժողովրդին հարստահարող օլիգարխներին ու հացը վերադարձնել գյուղացիներին։ Բացի այդ Պուտինը կարողանում է սպասարկել նաև բնակչության ռևանշիստական տրամադրություններ ունեցող զանգվածի ակնկալիքները։ Զանգված, որը դեռևս ապրում է կայսերական գիտակցությամբ և համոզված է, որ Պուտինյան Ռուսաստանը կարող է վերագտնել Խորհրդային Միության երբեմնի հզորությունն ու համաշխարհային տերության կարգավիճակը։

Ասվածի համատեքստում չենք կարող չխոստովանել, որ իսկապես Պուտինը համակիրների մեծ բանակ ունի և եթե սրան էլ ավելացնենք նաև իշխանական անկասելի քարոզչության ու լուրջ մրցակիցների բացակայության հանգամանքները, ապա գրեթե կասկած չկա, որ ներկայիս նախագահը վերստին վերարտադրվելու է նախագահի պաշտոնում։ Բայց եթե Պուտինի դիրքերը այսքան հաստատուն են, ապա այդ դեպքում ի՞նչ սպառնալիք է իրենից ներկայացնում Ալեքսեյ Նավալնին, որն ինչպես նշեցինք գլխացավանք է դարձել Կրեմլի համար։

Բանն այն է, որ Ռուսաստանի իշխանությունները, դուրս թողնելով Նավալնուն նախագահական ընտրությունների մրցավազքից, իրենց համար էլ ավելի մեծ խնդիր ստեղծեցին։ Այսինքն՝ ընտրությունների բոյկոտ հայտարարած Նավալնին ավելի վտանգավոր է, քան՝ նախագահի թեկնածու Նավալնին, քանի որ Պուտինի համար ընտրություններում հաղթելուց շատ ավելի կարևոր է վստահ և ազդեցիկ պայմաններում հաղթելու փաստը, ինչը պետք է ամրագրվի բնակչության մասնակցության քանակով։ Եթե ուշադրություն դարձնենք թվերին, ապա վերջին տարիներին մարդկանց մասնակցությունն ընտրություններին էապես նվազել է, այսինքն՝ մի ստվար զանգված եկել է այն համոզմանը, որ իր քաղաքական ընտրությունն ու ձայնը լսելի չեն, նույնիսկ՝ առոչինչ են։ Իսկ Ռուսաստանի պես անհագիստ ու ցնցումներով լեցուն պետության համար այսպիսի տրամադրությունները չափազանց վտանգավոր են և կարող են հանգեցնել վերևում նշված անվտանգության և արդարության երաշխավորի, հզոր առաջնորդի կերպարների արժեզրկմանը։

Եվ ահա Ալեքսեյ Նավալնին հանդես է եկել ընտրությունները բոյկոտելու և ընդվազման կոչերով։ Նախաձեռնությունն այս էլ ավելի է նվազեցնելու մարդկանց մասնակցությունը ընտրություններում։ Իսկ Պուտինի նկատմամբ ժողովրդական զանգվածների վստահության անկումը կարող է հանգեցնել նրան, որ իրար դեմ մարտնչող օլիգարխիկ կլանները նույնպես կդադարեն Պուտինին դիտարկել որպես հավասարակշռություն, կապիտալի անվտանգություն և համակարգի շարունակականություն ապահովող առաջնորդ։ Իհարկե սա աստիճանական գործընթաց է, որը ինչ-որ մի օր կարող է հանգեցնել մեծ պայթյունի։ Երևի թե հենց Նավալնին էլ խաղադրույքը դրել է իրադարձությունների դանդաղ ընթացքի վրա՝ շատ լավ գիտակցելով, որ ներկայումս հաղթելու որևէ ռեսուրս չունի։

Միով բանիվ՝ Ռուսաստանում իրավիճակը լարված է: Լարվածության վկայությունն է ոչ միայն քաղաքացիների պարբերաբար փողոց դուրս գալու հանգամանքը, այլ նաև ակնհայտ է, սոցիալական անարդարությունն ու դեսպոտիզմը աստիճանաբար լցնում են հանրության համբերության բաժակը: Եթե բարեփոխումները հապաղեն, ապա ծխացող թմբիրը պայթելու է, մեկ, թե քսան տարի հետո, միևնույնն է պայթելու է:

Կայսրերը հեգնանքով էին նայում ճորտատիրությանը, լուրջ չէին վերաբերվում ժողովրդկան ցասումին՝ երես թեքելով Ռոմանովներին աստվածացնող մարդկանցից։ Նրանք չէին հասկանում, որ մեծ աղետ է խմորվում։ Ներկայումս կատարվում է գրեթե նույն գործընթացը: Ալեքսեյ Նավալնուն ծաղրում են և այդ ծաղրանքով փորձում են ճնշել նրա նախաձեռնած շարժումը՝ առանց հասկանալու, որ հիմք են նախապատրաստում առավել զորեղ շարժման համար: Պուտինը նույնպես լուրջ չի վերաբերում կոռուպցիայի հետևանքներին: Մի՞թե վերջինս չի հասկանում, որ դա կարող է մի օր պայթել: Եթե մարդիկ ինչ-որ մի օր ինչ-որ մի կայծից փողոց դուրս գան, ապա Պուտինին չեն փրկի նույնիսկ նրա պոպուլիստական ելույթները միջազգային արենայում, քանի որ ատելությամբ լցված ժողովուրդը միանգամից կմոռանա բարի և ողորմած ցարի, անվտանգության ու արդարության երաշխավորի «աստվածային» կերպարի մասին, ինչպես-որ մոռացավ 1917 թ-ին.՝ մի քանի ամսում անխնա ոչնչացնելով հարյուրամյակների ընթացքում կառուցված կայսրությունը:

Խեղդելով Նավալնուն իշխանությունները պարարտ հող են նախապատրաստում մի նոր «Հոկտեմբերի» համար։ Պատմական օրինաչափություն է՝ անկազմակերպ 1905-ին միշտ հաջորդում է կազմակերպված 1917-ը։

Մեկնաբանություն
X