Իրավունք

Նախատեսված նոր մոտեցումը ուղղակիորեն վտանգում է փաստաբանի անկախությունը և ազատությունը. Արմեն Վարդանյան

Հայաստանի փաստաբանների բողոքը կշարունակվի դատական օրենսգրքի նախագծով սահմանված՝ դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառում նախատեսող իրավակարգավորման դեմ: Փաստաբան Արմեն Վարդանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ օրենքի ընդունումը կսահմանափակի փաստաբանի լիազորությունները. «Գործող իրավակարգավորման համաձայն երաշխավորվում է փաստաբանների պաշտպանությունը դատարանի հնարավոր անհիմն ներգործության միջոցներից, մինչդեռ նախագծով նախատեսված նոր մոտեցումը ուղղակիորեն վտանգում է փաստաբանի անկախությունը և ազատությունը, որոնք երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և միջազգային իրավական ակտերով:

Օրենքի նախագծով նույնիսկ որևէ երաշխիք չկա այն մասին, որ դատավորը կամայականորեն, անհիմն կերպով փաստաբանին չի տուգանի: Օրինակ, այդ երաշխիքը կլիներ այն դեպքում, երբ դատավորի կողմից փաստաբանի կամ դատախազի նկատմամբ տուգանքի ձևով դատական սանկցիա կիրառելը պարտադիր հիմք հանդիսանար նշված դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար: Ավելի խայտառակ դրույթ է այն, որ դատական տուգանքի ձևով սանկցիա կիրառելու մասին դատարանի որոշումը ուժի մեջ է մտնելու հրապարակման պահից, և այն կարող է բողոքարկվել ընդամենը եռօրյա ժամկետում:

Նաև նախատեսված է, որ դատական սանկցիա կիրառելու մասին որոշման բողոքարկումը չի կասեցնում դրա կատարումը, այն կարող է կասեցվել միայն վերաքննիչ դատարանի կամ վճռաբեկ դատարանի որոշմամբ: Եվ այս ամենից հետո, ինչ եք կարծում, փաստաբանը կարո՞ղ է կաշկանդված չլինել դատական նիստերի դահլիճում, այն մտավախությունից ելնելով, որ իր կողմից արված ցանկացած քայլի համար դատավորը կարող է իրեն տուգանել»: Արմեն Վարդանյանը եւս միացել է ակցիա իրականացնող գործընկերներին եւ կշարունակի պայքարը. «Մի քանի մարզերի մեր գործընկերները իրենց բողոքն արտահայտել են նաև գործադուլով: Գործադուլին մի փոքր դեմ եմ, գտնում եմ, որ մեր վստահորդների շահերից չի բխում, քանի որ դատական նիստերը կարող են հետաձգվել մի քանի ամսով, բայց այնուամենայնիվ ողջունում եմ մեր գործընկերների քայլը՝ համախմբված և միասնական լինելու առումով: Բնականաբար ավելի վճռական քայլերի ենք դիմելու»-ասաց Արմեն Վարդանյանը:

Նշենք, որ Սյունքի մարզի փաստաբանները եւս կմիանան պայքարին, բողոքի ակցիան տեղի կունենա 2018 թվականի հունվարի 30-ին: Հիշեցնենք, որ բողոքի նմանատիպ ակցիա արդեն իրականացրել են Տավուշի, Արարատի, Լոռու և Շիրակի մարզի փաստաբանները։

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X