ՀՀԿ-ում պատրաստվում են քննե՞լ Արմեն Սարգսյանին

ՀՀԿ-ի հումորն իրոք սպանում է: Դրել, աշխարհով մեկ հայտարարել են, թե ՀՀ նախագահի իրենց թեկնածուն հանդիպելու է ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության, որ նույն է` իրենց հետ: Հա, չեն մոռացել նշել, որ հանդիպման նախաձեռնությունը գալիս է Արմեն Սարգսյանից և այդ մասին իրենք տեղեկացել են 2 օր առաջ: Դուք` ձեր թեկնածուն, գնացեք ինչքան ուզում եք հանդիպեք, ինչո՞ւ եք այսպես պաշտոնական տեսք տալիս այդ հանդիպմանը: Պատկերացնո՞ւմ եք, 2013 թվականին նախագահի ՀՀԿ-ական թեկնածու Սերժ Սարգսյանը հանդիպեր իր կուսակցության խորհրդարանական խմբակցության հետ և այդ հանդիպման մասին գրեին բոլոր թերթերը, բա այսպես ու այսպես, Սերժ Սարգսյանը ուզում է հանդիպել ՀՀԿ-ի հետ: Երևի լավ ենք պրծել, որ ՀՀԿ-ի հետ նրա թեկնածուի հանդիպմանը ոչինչ չի խանգարել, վատ եղանակը, օրինակ, կամ որևէ բարձրաստիճան ՀՀԿ-ականի զբաղվածությունը:

Ասում է` ՀՀԿ-ում ո՞վ չգիտի, որ թեկնածուն պաշտպանելու համար է, եթե այդ թեկնածուին առաջադրել է Սերժ Սարգսյանը: Պարզվում է, սակայն, որ դա այնքան էլ այդպես չէ, ու ՀՀԿ-ն պաշտոնական հատուկ օրուժամ է դրել իր թեկնածուի հետ հանդիպման համար: Երևի ցանկանում են մի լավ տնտղել Արմեն Սարգսյանին, որպեսզի տեսնեն «հո մազերը դնովի չի՞»: Գալուստ Սահակյանն էլ, իբր այնքան մտահոգ է, թե Արմեն Սարգսյանի հետ ինչ տեղի կունենա, հասցրել է մի քիչ առաջ գցել իրենց թեկնածուին. «Ես Արմեն Սարգսյանին շատ վաղուց եմ ճանաչում և շատ դրական եմ վերաբերվում: Կարծում եմ՝ ԱԺ-ն դրական որոշում կունենա, որովհետև որոշակի վերլուծություններ արվել են»:

Եթե իրոք լուրջ հանդիպում է լինելու ՀՀԿ-Արմեն Սարգսյան ձևաչափով, ապա կարելի էր այն ուղիղ եթեր տալ: Վստահաբար, դրանից կշահեին բոլորը, այդ թվում և առաջին հերթին ՀՀԿ-ն, որ այսպիսի ծափծլնգոցով անոնս է արել այդ հանդիպումը: Համ էլ կտեսնեինք, թե ՀՀԿ քաղաքական դեմքերն ինչ հարցեր են տալիս իրենց թեկնածուին, որը, ինչպես Սերժ Սարգսյանն ասաց, երբեք քաղաքականության մեջ չի եղել: Մյուս կողմից էլ դա շատ լավ նախավարժանք կլիներ Արմեն Սարգսյանի համար` ԱԺ մյուս խմբակցությունների հետ հանդիպումներից առաջ:

Այսքան ասում ենք` փոխվում ենք, փոխվում ենք, բայց էլի են «խալխն» ենք, որ համբերատար սպասում ենք, որ ՀՀԿ սենյակից Շարմազանովը դուրս գա ու մեզ պատմի, թե ինչ են խոսել ներսում: Անպայման պետք է մեկնումեկին «քոթակելու» նիստ լինի, որ դնեն ու հեռուստացույցով ցույց տան: Հիմա, երբ պարզ է, որ ամեն կերպ շահելու, պահելու են Արմեն Սարգսյանին, ՀՀԿ-ն պոչ է խաղացնում, թե Արմեն Սարգսյանը գալու է, որ իրենք «քընընեն»:

Էդիկ Անդրեասյան

Մեկնաբանություն
X