Բանակը գործում է նաև Հայաստանի հանրության դեմ

Ցավոք սրտի ներկայումս բանակը դուրս է եկել իրավասությունների իր նեղ շրջանակից՝ փոխակերպվելով գաղափարական անկասելի գործիքի: Այսինքն արդի Հայաստանում բանակն իրականացնում է երկու գործառույթ՝ գործնական և գաղափարական: Գործնական տեսանկյունից ապահովում է հանրապետության արտաքին սահմանների անվտանգությունը, իսկ գաղափարական տեսանկյունից ուղղված է հանրության դեմ: Այո՛, որքան էլ զարմանալի չթվա, բայց բանակը գործում է նաև հանրության դեմ և այդ կարգավիճակը նրան շնորհել են իշխանությունները: Այլ խոսքով ասած իշխանությունները «Ազգ-բանակ»-ի դրոշի ներքո բանակն օգտագործում են ժողովրդի դեմ:

Բանակային փիլիսոփայությունը դուրս է եկել զորամասերի պարիսպներից այն կողմ և աստիճանաբար ներծծվում է շրջակա միջավայրում՝ ձևախեղելով համակեցության սոցիալական ինստիտուտները: Այսինքն՝ պետությունը միլիտարիզացվում է, իսկ դրան զուգընթաց՝ նաև կրոնականացվում, ինչն էլ ավելի է խճճում ու բարդացնում իրավիճակը: Խնդիրն այն է, որ գործընթացն այս չունի լուրջ հակառակորդներ, բոլորը համերաշխ են այս հարցի շուրջ: Ավելին՝ համոզված են, որ ամեն ինչ պետք է հենց այդպես էլ լիներ:

Եթե կարճ ասենք, իրավիճակն այս ծայրահեղ հակասոցիալական բնույթ ունի, այսինքն՝ ջարդվում է հանրության սոցիալական հենքը, իսկ դա նշանակում է փշրել պետության ողնաշարը: Առանց սոցիալականի ո՛չ անկախությունն իմաստ ունի և ո՛չ էլ պետությունը: Հասկանում եք, անկախությունն ու պետությունը ինքնանպատակ չեն, ընդհակառակը՝ նախատեսված են նոր տիպի սոցիում և ընկերային միջավայր կառուցելու և գործարկելու համար: Բանակի գաղափարական ազդեցության ներքո հանրությանը ստրկացնելու են, մարդիկ շարունակելու են արտագաղթել, իսկ մնացողներն էլ համազգեստով ու սոված փորով քոչարի են պարելու: Բանակով համեմված կերը ամեն անգամ շպրտելու են մարդկանց դիմաց՝ սպանելով հանրության զարգանալու, նորացվելու, այլանալու բնականոն գործընթացները: Երբ հեղափոխականները դուրս կգան հեղափոխության, նրանց կճանապարհեն տուն՝ ասելով, թե. չե՞ք ամաչում, հայ զինվորը ձեր համար սահման ա պահում, իսկ դուք այստեղ հեղափոխություն եք անում: Թատերական ինստիտուտ ընդունվել փորձող ջահելին կասեն. տո՛ չաթլախ դասալիք, հայ տղամարդը պդի ծառայի, իսկ դու ուզում ես թատրոնում կապիկություն անես: Վիպագրին վեպի շնորհանդեսին կհեգնեն. նորմալ էր, բայց ավելի լավ կլիներ, եթե ակտուալ թեմաներով գրած լինեիր, օրինակ՝ սուրբ բանակի մասին: Լավ չշարունակեմ էս մառազմը: Միայն նշեմ, որ դեռ շատերի ճակատագրերը պետք է խեղվեն, մայրերը կկորցնեն որդիներին, որդիները հայրերին...

Ցավալին այն է, որ շղթայի վերջը չի երևում, հնարավոր է նույնիսկ մի քան տասնամյակ ապրենք այսպիսի պայմաններում: Բայց անկախ շարունակականությունից ինչ-որ մի օր սպասվում է ռազմաքաղաքական խոշոր աղետ: Սրբություն սրբոց բանակը ջախջախվելու է, դիմադրողականությունը կորցրած պետությունը անշարժանալու է, քանի որ մնալու է առանց սոցիալական ֆունդամենտի ու քաղաքական կենսունակ համակարգի: Դրանք արդեն իսկ կլանված ու անդամահատված կլինեն ամենակուլ միլիտարիզացիայի կողմից: Ու այդ ժամանակ չի բացառվում, որ հանրությունը ցնցվի, վերջապես սթափվի ու կենդանության ճիչ արձակի` գլխի ընկնելով, որ պետությունը բանակային կացարան չէ, այլ՝ առաջին հերթին սոցիալական, իրավական ու քաղաքական համակեցություն:

Հունվարի 28-ն ինձ համար տոն չէ ու ոչ ոքի չեմ շնորհավորում:

Մեկնաբանություն
X