Ռուսաստանը որոշել է Հայաստանի Հանրապետությունը լուծարել

Բոլորը նորից խիստ զայրացած են «դաշնակցի» վրա: Օրերս Ադրբեջանը նորից ռուսական զենքի հսկայական խմբաքանակ է ստացել: Անգամ ռուսահպատակ թափթփուկները արդեն չգիտեն ինչ երգ երգեն, ադրբեջանական ու հայկական բանակների պարիտետի պահպանման մասին իրենց մոգոնած փուչիկը վաղուց է պայթել:

Ցանկացած ոք կարող է մտնել հայկական բանակի և ադրբեջանական բանակի կայքերը ու տեսնել, որ այլևս պարիտետի մասին խոսելը ավելորդ է, ադրբեջանական բանակը բազմապատիկ անգամներ գերազանցում է մեր բանակին իր զենքի և՛ քանակով, և՛ որակով, ու դա շնորհիվ Ռուսաստանի, որը ադրբեջանական բանակի զենքի ավելի քան 85%-ի մատակարարն է: Ինչու՞ է դա արվում. նախ ասեմ, որ դա ուղղակի բիզնես չի, ընդհանրապես ցանկացած բիզնես ենթակա է քաղաքական ինչ և ինչ կոնյուկտուրաների, առավել ևս զենքի բիզնեսը, որի շնորհիվ երկրները աշխարհաքաղաքական լուրջ խնդիրներ են լուծում: Բաքվին այդ քանակությամբ զենք մատակարարելով Ռուսաստանը նախ Ադրբեջանին ռազմատեխնիկական առումով իրենից կախյալ պետություն է դարձնում, որի արդյունքում վերջինիս մյուս ռազմական դաշինքներին ինտեգրվելու հնարավորությունները խիստ սահմանափակվում են, և երկրորդ, ստեղծելով հզոր Ադրբեջանական բանակ, նա լուծում է այն խնդիրը, որ Հարավային Կովկասում Հայաստան կոչվող փսևդոպետությունը կարող է գոյություն ունենալ միայն և միայն այն դեպքում, երբ որ Ռուսաստանի իշխանության տակ լինի, հակառակ դեպքում Ադրբեջանը ուղղակի կսրբի այն երկրի երեսից: Այդ բանին ռուսները գնացին, երբ հասկացան, որ մյուս հարևաններից Թուրքիան (Իրանի ու Վրաստանի մասով պարզ է) Հայաստանին երկրի երեսից սրբելու նպատակ չունի, ու այդ ֆունկցիան պիտի իր վրա վերցնի Ադրբեջանը: Դրանով Ռուսաստանը ոչ միայն հայաստանցիներին այլև հայկական սփյուռքին է զրկում այլընտրանքի որևէ հնարավորությունից ու, ըստ էության, ամբողջ հայությանը դարձնում է ուղղակի իր քաղաքականության օբյեկտը` հայաստանցիներին պատանդի կարգավիճակով, իսկ սփյուռքահայերի շատ թե քիչ կազմակերպված կառույցներին` իրենց երկրների մեջ ռուսական 5-րդ շարասյան կարգավիճակով:

Ո՞րն է Ռուսաստանի վերջնական նպատակը. նախ Արցախը որպես հայկական ինքնավարություն խծկել Ադրբեջանի կազմ և, որպես արցախահայության անվտանգության երաշխավոր, այնտեղ ունենալ խաղաղապահ զորքերի անվան տակ ռուսական ռազմական կոնտինգենտ, որը փաստորեն Ռուսաստանի ռազմական ներկայությունն է լինելու Ադրբեջանում: Դրանով Ռուսաստանը կկարողանա կախման մեջ պահել Ադրբեջանին, այսինքն սահմանափակել Ադրբեջանի սուվերենությունը, ու նաև ռազմական հսկողության տակ վերցնել Ադրբեջանից Վրաստանով դեպի Թուրքիա և Եվրոպա գնացող նավթամուղներն ու գազամուղները: Դրանից հետո Ռուսաստանը կսկսի Ադրբեջանին ներգրավել նաև ԵԱՏՄ կոչվող ռուսական ինտեգրացիոն պրոյեկտի մեջ, ռազմական առումով նաև ՀԱՊԿ-ի մեջ:

Իսկ Հայաստանի մասով, կարծես, դեռ վերջնական չեն կողմնորոշվել` լուծարել ՀՀ-ն ու Ինքնավար Հանրապետության կարգավիճակով մտցնել Ռուսաստանի կազմի մեջ, թէ՞ դեռ որոշ ժամանակ պահպանել ՀՀ-ի դե յուրե անկախությունը, միջազգային ատյաններում ևս մեկ ձայն ունենալու ակնկալիքով: Այնուամենայնիվ, եթե ոչ մոտ ժամանակներս, ապա պերսպեկտիվայում Ռուսաստանը անպայման կլուծարի Հայաստանի Հանրապետությունը, որովհետև դրա նույնիսկ ձևական (իրական ինքնիշխանությունից զուրկ) գոյությունը ռազմավարական առումով լուրջ սպառնալիք է Ռուսաստանի համար։

Թորոս Ալեքսանյան

Մեկնաբանություն
X