Յուվեցի Կարոյի փեսան մահացել է պատգամավորին պատկանող հյուրանոցում

Այսօր առավոտյան «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսայի՝ Գոռ Առաքելյանի դին, նրա մարմնի վրա բռնության հետքեր չեն եղել։

Ի՞նչ հանգամանքներում է մահը վրա հասել Հարցի պատասխանը դեռեւս պարզ չէ, սակայն փաստն այն է, որ Գոռ Առաքելյանին անշնչացած են գտել եւ նրա մարմնի վրա հետքեր չեն եղել։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են փորձանմուշներ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ինչն էլ կպարզի դեպքի հանգամանքները։ Սակայն, մինչ կպարզվեն մահվան պատճառները, նշենք, որ վարկածներից մեկն էլ այն է, որ Գոռ Առաքելյանը մահացել է թմրանյութի չարաշահման հետեւանքով։

Ի դեպ, «Նաբերեժնի» հյուրանոցը, որտեղից հերքում էիին լուրերը, թե իրենց մոտ տղամարդու դի է հայտնաբերվել, պատկանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին։ Այս հյուրանոցը հանրությանը հայտնի է՝ որպես կարճաժամկետ հաճույքների անցկացման վայր, հիմնականում սենյակները ամրագրում են մի քանի ժամով։

Նշենք, որ Գոռ Առաքելյանը հանրությանը հայտնի է Վերնիսաժում տեղի ունեցած կրակոցների գործից։

2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում կրակոցներ էին հնչել «Վերնիսաժի» տարածքում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանը Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ վեճի բռնվելով Վալերիկ Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի հետ, փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել նրանց, ինչպես նաեւ անկանոն կրակ է բացել՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով պատահական անցորդների։ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք էր առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ երկու եւ ավելի անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ավելի ուշ կալանավորվել են նաեւ Ներսես Մելքոնյանը եւ Վալերիկ Հովհաննիսյանը՝ խուլիգանության մեղադրանքով:

Գոռ Առաքելյանը մեղավոր էր ճանաչվել եւ դատապարտել 6,5 տարվա ազատազրկման: Նա ազատ էր արձակվել Սերժ Սարգսյանի ներմամբ:

Մեկնաբանություն
X