Զարմանալի երկվություն

Ուզում եմ հասկանալ, թե ինչու եմ դեմ «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման եւ կանխարգելման մասին» ՀՀ նոր օրենքի նախագծին, որը, ամենայն հավանականությամբ, կանցնի, իսկ 2018թ. նոյեմբերի 1-ից կդառնա նորմ: Լուրջ օրենք է, հեղինակները, որքան հասկացա, առաջնորդվել են մարդու առողջության պահպանման, մարդու առողջական խնդիրներով պայմանավորված` պետությանը հասցվող վնասը նվազագույնի հասցնելու վճռականությամբ: Չեն զլացել, նկարագրել են բոլոր այն ռիսկային գոտիները, որտեղ ծխելն առավել վտանգավոր է, քանզի ծխած օդից կարող են «օգտվել» նաեւ չծխող մարդիկ:

Ճիշտն ասած` մինչ նախագծին ծանոթանալը ես թյուր պատկերացումներ ունեի ծխախոտի վնասների մասին: Ժամանակին այդ վնասները չափում էի ծնողներիս նախատինքով, ավելի ուշ` բժիշկների` «ծխելը կատեգորիկ արգելում եմ» դեղատոմսով, որ նրանք գրում էին իրենց բոլոր հիվանդներին` գլխացավ լիներ, թե սրտի նոպա:

Ծխողի իմ կարգավիճակից առաջին անգամ զզվել եմ Թեհրանի օդանավակայանում: Սպասասրահում ինձ ասացին, որ մեկ հարկ ներքեւ ծխելու սենյակ կա: Շտապեցի դեպի այդ երանելիությունը` ճանապարհին հարցուփորձ անելով աշխատակիցներին: Հասա, կպցրեցի սիգարետը, բավականությամբ մի քանի անգամ ներս քաշեցի ծուխն ու… հիմա մի հազ է բռնել, մի հազ… Շուրջս տարբեր ազգերի ծխողներ էին, բայց բոլորի հայացքում ինձ հասկանալի լեզվով նույն հարցն էր` ի՞նչ պատահեց քեզ: Ուշքի եկա այդ սենյակում տիրող գարշահոտից: Դա ծխած սենյակ չէր, այլ մի վայր, ուր կարելի էր նետել բորոտներին ու վիրուսակիրներին` հասարակությունից մեկուսացնելու համար: Չծխած ծխախոտը նետեցի աղբամանի մեջ, sorry ասացի ու դուրս եկա: Այնպես էի ընկել ինքս իմ աչքից, որ Երեւանի մաքուր օդում էլ չէի ուզում ծխել:

Ես չգիտեմ մի ծխող մարդու, որ երբեք չի փորձել թողնել ծխելը: Շատերի մոտ ստացվել է, ոմանք էլ հպարտանում են` 30 տարի ծխել եմ, հիմա չեմ ծխում: Ուզում են ասել` այդքան մեծ կամքի ուժ ենք ունեցել: Ծխելը թողնելը, իմ կարծիքով, ոչ այնքան կամքի ուժ ունենալու, որքան խելք ունենալու նշան է: Մարդ պետք է խելք ունենա, որ չծխի: Ընդհակառակը, կամքի ուժն առկա է այն ժամանակ, երբ բժիշկն արգելում է ծխել, իսկ մարդը, դրան հակառակ, ավելի շատ է ծխում` ցուցաբերելով իր տոկունությամբ հայտնի կենդանու համառություն:

Կարդում եմ օրենքի նախագիծն ու ներքուստ զգում, որ մեջս համառությունն է գլուխ բարձրացնում: Ձեռքի հետ էլ սողանցքներ եմ փնտրում, թե 2018 թվականի նոյեմբերի 1-ից հետո ինչպես հաղթահարեմ օրենքի արգելքները: Ես չեմ մտածում, որ այս օրենքի պատճառով ծխախոտը կարող է թանկանալ, դրա ձեռք բերելը՝ դժվարանալ: Մեր շենքը կպած է դպրոցին, որի հարեւանությամբ գտնվող խանութներից էլ ծխախոտ եմ գնում: Ստիպված եմ լինելու ավելի հեռու քայլել, այնպիսի խանութ գտնել, որ ուսումնական հաստատություններից հեռու է առնվազն 100 մետր: Դա հեշտ չէ, որովհետեւ մեր տան մոտի դպրոցից մյուս դպրոցը շատ էլ հեռու չէ: Սրան հարեւան էլ ուսումնարան կա, քիչ այն կողմ` մի ուրիշ հաստատություն: «Երեւան սիթին» փրկություն չէ այս դեպքում: Ծխախոտի վաճառքը կարգելվի նաեւ այդ ցանցի այն սուպերմարկետներում, որոնց հարեւանությամբ կան ուսումնական կամ առողջապահական հիմնարկներ: Տիգրան Մեծի պողոտայի «Երեւան սիթի»-ից, օրինակ, մանկավարժական համալսարանը մի քանի քայլի վրա է: Ուրեմն կա՛մ մանկավարժներ պատրաստող միջնաբերդը պետք է փակեն, կա՛մ «Երեւան սիթի»-ի ծխախոտի բաժինը: Հասկանալի է, ես կողմ եմ ծխախոտի բաժինը փակելուն, բայց, կրկնում եմ, ներքուստ դեմ եմ այս օրենքին, որովհետեւ նրանում կան կետեր, որոնք ուղղակի սպանում են ծխողին թե՛ բարոյապես եւ թե՛ քաղաքացիապես:

Տեսեք` օրենքում սեւով սպիտակի վրա գրել են, որ չծխող մարդիկ իրավունք ունեն մաքուր օդ շնչել, եւ նրանց ներկայությամբ ծխելը նշանակում է այդ իրավունքի խախտում: Ծխողների իրավունքների մասին ոչ մի խոսք: Ես չգիտեմ, գուցե սա ծխելը նվազեցնելու մեթոդաբանություն է, բայց ինձ մի տեսակ իրավազուրկ եմ զգում չծխողների համեմատ:

Առաջիկա ամառը վերջինն է լինելու հայ զբոսաշրջիկների կյանքում, որ Երեւան-Բաթում գնացքի «տամբուրում» կարողանան ծխել: Վերջ, մյուս տարվանից դա էլ թույլ չեն տալու, եւ նույնիսկ Սանահին կայարանում չենք կարող իջնել գնացքից եւ ծխել: Մի խոսքով, մենք` իրավազուրկ ծխողներս, դառնում ենք երկրորդ սորտի մարդ, չնայած որ դրանից շահում է մեր առողջությունը:

Առավել թունդ ծխող եւ մի քիչ էլ պետական հարկուտուրքից գլուխ հանող ՀՀ քաղաքացիները պնդում են, որ այս օրենքը կապիկություն է, որի երկրորդ, բայց հիմնական նպատակը բյուջե փող բերելն է: «Էս իշխանությունները որ ամոթը կորցնեն, փողի համար մարդկանց վրա էլ ջրաչափ կդնեն, որ իմանան ով ինչքան հեղուկ բաց թողեց»,- ասում է մի ծանոթ ծխող` խնդրելով չհրապարակել իր անունը: Որ ծխախոտ քիչ վաճառվի, ինչպե՞ս փող կաշխատեն` հարցնում եմ: Իսկ նա իրենն է պնդում` տուգանքներով… Տեսնո՞ւմ եք, միայն ես չեմ, որ չեմ մտածում ծխելը թողնելու մասին: Մինչդեռ ինչքան հարց միանգամից կկարգավորվեր, եթե բոլորը միասին թողնեին ծխելը:

Մի ուրիշ թունդ ծխող Ֆեյսբուքում առաջարկում է հավաքվել կառավարության շենքի մոտ ու այնքան ծխել, մինչեւ վարչապետն իջնի ներքեւ: Մեկ այլ տեղ բարոյական խրատ են կարդում օրենքի նախագծի հեղինակների գլխին. «Այնպես արեք, որ ձեր թաղմանը մարդիկ գան ու տխուր դեմքով ծխեն»: Ծխելու դեմ պայքարի դեմ պայքարն ինձ, չգիտեմ ինչու, ոգեւորում է, թեեւ ես շատ եմ ուզում, որ մատաղ սերունդը չծխի:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Մեկնաբանություն
X