ՊՆ-ն 7 միլոն դրամ է ծախսել ծաղիկների համար

«Ազատություն» ռադիոկայանը լրագրողական հետաքննություն է իրականացրել, որի մեջ ներկայացված են Ամանորին ընդառաջ պետ․ բյուջեի հաշվին պետական կառույցների իրականացրած ծախսերը։ Մասնավորապես՝ նշվում է, որ ավելի քան 30 միլիոն դրամ ծախսվել է կորպորատիվ հավաքույթների և նվերների համար։ Հետաքննության մեջ առանձին-առանձին ներկայացված են գրեթե բոլոր գերատեսչությունների կողմից իրականացված տոնական ծախսերը, բայց մեր ուշադրությունը գրավեց հատկապես այն փաստը, որ Պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի վերջին 7 միլիոն դրամի ծաղիկներ է գնել։ Փաստն այս «Ազատության» հետ զրույցում մատնանշեց գնումների ոլորտն ուսումնասիրող «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Արտակ Մանուկյանը։

Հիշեցնենք, որ ընդամենը շաբաթներ առաջ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքում քաղաքացիներից գումար էր խնդրում վիրավորված զինծառայող Ալբերտ Դալլաքյանի վիրահատությունը արտերկրում իրականացնելու համար։ Վիրահատության համար պահանջվում էր 45 հազար դոլլար, որը եթե փոխակերպենք ՀՀ դրամի, ապա կստանանք մոտ 21 միլիոն դրամ։ Իսկ 7 միլոն դրամը, եթե վերածենք դոլլարի, ապա կստացվի 14․600 դոլլար։ Այսինքն՝ եթե նախարարությունները մի փոքր ավելի զուսպ, 30 տոկոս աղքատություն ունեցող երկրին պատշաճող կորպորատիվներ կազմակերպեին, իսկ Վիգեն Սարգսյանը զսպեր իր գերատեսչության «ռոմանտիկ ծաղկատենչությունը« ապա ամենևին էլ դրամահավաք կազմակերպելու անհրաժեշտություն չէր առաջանա և պետությունը հնարավորություն կունենար իր քաղաքացիական պարտքն իրականացրած զինծառայողի կարիքները հոգալ ավելի արժանապատիվ պայմաններում։ Նշենք, որ դա պետության պարտավորությունն է։

Ի պատասխան այս հոդվածի Վիգեն Սարգսյանը կնշի, թե իրենք օրենքով չէին կարող փոխհատուցել արտերկրում այդ վիրահատության կատարումը, քանի որ այն հնարավոր էր կազմակերպել նաև Հայաստանում։ Բայց մենք էլ իրավացիորեն կշեշտադրենք, որ ծաղիկների վրա ծախսված գումարները կարելի էր տեղափոխել այլ հաշվի վրա և այդպիսով՝ կազմակերպել փոխհատուցումը։ Թե՞ Վիգեն Սարգսյանն այնքան «ուղղադավան» է, որ չի կարող պետության շահերից ելնելով այսպիսի լուծումների գնալ։ Իսրայելի հատուկ ծառայությունները կարող են աշխարհով մեկ իսլամիստ ահաբեկիչների ոչնչացման լայնամաշտաբ օպերացիա իրականացնել՝ շրջանցելով մի շարք միջազգային օրենքներ, իսկ Հայաստանի իշխանությունները չեն կարող ընդամենը մի քանի փոխանցումներ իրականացնել։

Լավ, սա էլ դնենք մի կողմ։ Պատկերացրեք, թե այսքան տարիների ընթացքում քանի-քանի զինվորներ կարող էին բուժվել նախարարությունների կորպորատիվների, թանկարժեք խմիչքների, ռեստորանային «քեֆերի» հաշվին։ Զինվորները ավելի լավ կսնվեին, ավելի լավ սպառազինություն կունենային և այսպես շարունակ։ Եվ չկենտրոնանանք միայն բանակի վրա, առհասարակ՝ Հայաստանի քաղաքացիները ավելի լավ կապրեին, թոշակառուները արժանապատիվ թոշակներ կստանային, իսկ ուսուցիչներն էլ չէին ստորացվի 50-60 հազար դրամ աշխատավարձերով։ Այսինքն ստացվում է այնպիսի մի իրավիճակ, որ պետական բյուջեն թալանվում է միաժամանակ երկու ճանապարհներով։ Առաջինը անօրինական ճանապարհն է՝ կոռուպցիան, իսկ երկրորդը՝ օրենքով թույլատրելին, որն իհարկե խնայողությունների անհրաժեշտություն ունեցող աղքատ երկրի տեսանկյունից անթույլատրելի է։ Եվ այս ցինիկ իրականության պայմաններում իրեն ծաղիկներով շրջապատող Վիգեն Սարգսյանը համարձակվում է ժողովրդից փող խնդրել, երբ «ժանտախտի օրերին» պետական պաշտոնյաները միլիոններ են ծախսում իրենց «քեֆերի» համար, իսկ քաղաքացիները քաղցած են ու մրսած։

Մեկնաբանություն
X