Ինչպես են Էրդողանն ու Ալիևը խաղացնում ուժեղներին

Ադրբեջանին ռուսական զենքի (զրահատեխնիկա) հերթական խմբաքանակի մատակարարման մասին Ադրբեջանից հնչած խրոխտ հայտարարությունները, ինչպես նաև հատուկ վստահեցումները, որ այդ տեխնիկան տարվելու է ղարաբաղյան ճակատ, նոր իրարանցում են առաջացրել Հայաստանում: Այլ խոսքով` քարոզչության ասպարեզում Ադրբեջանը կրկին հասել է իր մուրազին, որովհետև Հայաստանում կրկին սկսել են խոսել Հայաստան-Ռուսաստան տարօրինակ դաշնակցային հարաբերությունների և դրանց նպատակահարմարության մասին: Քաղաքագետ Լևոն Շիրինյանը, մասնավորապես խոսել է հայերին և քրդերին «օպտով» դավաճանելու` Մոսկվայի քաղաքականության մասին, իսկ «Ժամանակ»-ի վերլուծաբանը Ադրբեջանին զենք վաճառելու Ռուսաստանի «հանցանքը» որակել հակադաշնակցային և հակահայկական: Իհարկե մտահոգիչ է, որ Ադրբեջանը մեծ քանակությամբ զենք է ձեռք բերում Ռուսաստանից: Բայց և անհասկանալի է, թե Ադրբեջանի ինչի՞ն է պետք այդքան զենքը` Արցախի դեմ կռվելո՞ւ, Արցախի նկատմամբ ռազմական գերակշռություն ստանալո՞ւ: Մենք չենք կարծում, որ Ալիևը զենքը գնում է միայն այդ նպատակով:

Ավելին ասեմ, մեր կարծիքով` Ալիևին զենքի նման քանակությունը պետք է, հավանաբար, ավելի լուրջ խնդիրներ լուծելու համար, օրինակ, տոհմական կալվածքի վերածված երկրում հասունացող տարատեսակ շարժումները ճնշելու կամ, ենթադրենք, կլանային ահաբեկչական խմբավորումներին դիմակայելու համար: Չմոռանանք նաև, որ Ադրբեջանում ընտրություններ են սպասվում, իսկ Ալիևը իշխանությունը պահելու լրջագույն խնդիրներ ունի և հազիվ թե տեսանելի ապագայում կարողանա հույս դնել իր ավանդական դաշնակցի` Թուրքիայի վրա, որի հարաբերությունները ԱՄՆ-ի հետ բավականին խրթին վիճակում են: Ալիևը ներքաշվել է ռուս-թուրքական հարաբերությունների հակաարևմտյան համագործակցության ոլորտ, իսկ դա կարող է տրամագծորեն հանգեցնել Ադրբեջանում սիրիական սցենարի կրկնության:

Ակնհայտ է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացումը արևմուտքում քաղաքական այն էֆեկտը չի ունեցել, ինչի մասին երազում էին Ալիևն ու Էրդողանը: Վերջիններիս վարած այսպես կոչված կոմպլեմենտար քաղաքականությունը Ռուսաստանի և Արևմուտքի միջև ընկալելի չէ Վաշինգտոնի, Լոնդոնի, Բեռլինի և Փարիզի համար: Ի՞նչ է նշանակում` գեղեցիկ ծրագրերով կերակրել Արևմուտքին, իսկ զենք ձեռք բերելու նպատակով կանաչ դոլարների հոսքը ուղղել Մոսկվա` հնարավորություն տալով Ռուսաստանին` շահ ստանալ արևմտյան թանկարժոք ծրագրերից: Ինչի՞ հետևանք է Ռուսաստանի բացահայտ ռազմական ներկայությունը Հայաստանում: Այս հարցին պատասխանելու համար կարիք չկա շատ հեռուն գնալու: Դա հետևանք է առաջին հերթին Ռուսաստանի հարցում թուրք-ադրբեջանական քաղաքականության: Ռուսաստանում քաջ գիտակցում են, որ թուրք-ադրբեջանական հեռահար ծրագրերը, մեղմ ասած, հղի են Ռուսաստանի կործանման հեռանկարով և մանավանդ Թուրքիայի հետ հարաբերություններում երբեք չի կարելի փայտը ձեռքից վայր դնել: Եվ սա է պատճառը Հարավային Կովկասում (հատկապես Թուրքիայի հետ սահմանին) ռուսական հիմնավոր ներկայության:

Թուրք-ադրբեջանական արտաքին քաղաքականության հետևանք էր նաև ռուս-վրացական պատերազմը, որից Վրաստանը դուրս եկավ տարածքային կորուստներով և թուրք-ադրբեջանական «յոլդաշությունից» կախվածության մեջ: Կա՞ այսօր մի վրացի, որ պարծենա ռուսական տանկերի դեմ կռիվներում իրենց հերոսությամբ: Չկա: Իսկ դա նշանակում է, որ այդ պատերազմը հրահրված և պարտադրված է եղել դրսից ու ծառայել է միայն դրսի շահերին, այս դեպքում` Թուրքիայի և Ադրբեջանի: Ինչո՞ւ, չնայած ռուս ազգաբնակչության առկայությանը, մերձբալթյան երկրներում դեպի ԵՄ և ՆԱՏՕ ճանապարհին այնպիսի դրամատիկ իրադարձություններ տեղի չունեցան, որոնց մենք ականատես եղանք Վրաստանում և Ուկրաինայում: Դժվար չէ նկատել, որ Թուրքիայի և Ադրբեջանի մատը խառն է ոչ միայն Վրաստանի, այլև Ուկրաինայի գործերում, մանավանդ Ղրիմի: Մյուս կողմից էլ` Ի՞նչն էր խանգարում Վրաստանին աստիճանաբար ինտեգրվել Եվրոպային, երբ ռուսական զորքն արդեն իսկ բարեհաջող կերպով դուրս էր բերվել Ջավախքից: Ո՞վ Մոսկվայի ականջը լցրեց Վրաստանի եվրոպական ինտեգրման վտանգների մասին հերյուրանքով: Իհարկե` Անկարան ու Բաքուն, որոնք, զուգահեռ, Վրաստանի իշխանություններին ու քաղաքական ուժերին շլացնում էին Ռուսաստանը շրջանցող արևմտյան ծրագրերով և Ռուսաստանին Հարավային կովկասից դուրս մղելու համար իրենց ռազմական աջակցությամբ: Ռուսաստանի և Արևմուտքի միջև թուրք-ադրբեջանական խաղը հղի է մեծ ու կործանարար պատերազմների վտանգով: Վաշինգտոնը և Մոսկվան, անշուշտ, սա պետք է հասկանային նաև սիրիական պատերազմի տարիներին, եթե, իհարկե, մինչ այդ էլ չէին հասկացել:

Դժվար չէ նկատել, որ Թուրքիան և Ադրբեջանը տարածաշրջանում ակտիվանում են հենց այն ժամանակահատվածներում, երբ լարվում են գերտերությունների` մասնավորապես Ռուսաստանի և ԱՄՆ-ի, ԱՄՆ-ի և Իրանի, ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերությունները: Իսկ այդ հարաբերությունները հենց այնպես չեն լարվում կամ հարթվում: Լարումները գրեթե միշտ գեներացվում են երրորդ կողմեի ջանքերով, իսկ մահմեդական և քրիստոնեական աշխարհների սահմանագծում գտնվող Թուրքիան ու Ադրբեջանն այդ գործի առաջամարտիկներն են` պատրաստ օգուտ քաղել գերտերությունների հակամարտությունից: ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ինչի՞ն են պետք ռուսական C400 համակարգերը և կամ Ադրբեջանին` մեծ քանակությամբ ռուսական զենքը: Չասենք Հայաստանից կամ Արցախից պաշտպանվելու համար, չասենք Արցախի նկատմամբ ռազմական գերակշռություն ստանալու համար: Դա կնշանակի ոչինչ չասել կամ մտածել, որ Արցախից անդին Թուրքիան ու Ադրբեջանն այլ խնդիրներ չունեն: Այստեղ սակայն հարց կարող է առաջանալ, թե ինչու է Ռուսաստանը զենք վաճառում հենց իր պոտենցիալ հակառակորդին: Ռուսաստանի կողմից խնդիրը տնտեսական է, փող է պետք, որպեսզի կարողանա դիմակայել պատժամիջոցներին և մեղմել սոցիալական բողոքը: Թուրքիան և Ադրբեջանը լավագույնս օգտվում են Ռուսաստանի այդ կացությունից` մի կողմից մեղմելով պատժամիջոցների ազդեցությունը, իսկ մյուս կողմից ավելի գրգռելով Արևմուտքին:

Մենք այս մեծ խաղի ճիշտ կենտրոնում ենք այսօր և պետք է կարողանանք գնահատել իրավիճակը: Ի վերջո մեր գեղեցիկ աչքերի պատճառով չէ, որ Ռուսաստանը չի ցանկանում հեռանալ Հարավային Կովկասից: Ռուսաստանի ներկայությունը Հայաստանում ամենաշատը խանգարում է Թուրքիային և Ադրբեջանին, որոնց խրոխտ զեկույցները ռուսական զենք գնելու, ընդհուպ այդ զենքով ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգերը փոխարինելու և այն ղարաբաղյան ճակատ ուղարկելու մասին, Ռուսաստանի դեմ Արևմուտքին էլ ավելի գրգռելու, տարածաշրջանում կայունությունը վերջնականապես խարխլելու նպատակ են հետապնդում: ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչներն արդեն քանիցս հայտարարել են հակամարտության կողմերին ռուսական զենքի վաճառքի կործանարար հետևանքների մասին: Հավանաբար, ԱՄՆ պետքարտուղարությունը նաև հասկանում է, որ միայն Ղարաբաղի հարցը լուծելու համար «խաղաղասեր» Թուրքիան և Ադրբեջանը միլիարդավոր դոլարների զենք չէին գնի Ռուսաստանից, իսկ գնելուց հետո էլ դեմարշներ չէին կազմակերպի Արևմուտքի դեմ:

Հայաստանի արձագանքն իր ռազմավարական դաշնակցի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու երևույթին միանգամայն հասկանալի է, հասկանալի է նաև զենքի նույն աղբյուրից դաշնակցային հարաբերությունների ընձեռած հնարավորություններով զենք ձեռք բերելու, այդ ոլորտում Ադրբեջանի հետ բալանսը պահելու մտահոգությունը: Զենք ձեռք բերել Ռուսաստանից. այլ ճանապարհ չկա այս պահին, երբ հարցը Հայաստանի և Արցախի անվտանգությանն է վերաբերվում: Եթե Արևմուտքում գտնվեն բարի քեռիներ ու թուրք-ադրբեջանական նկրտւմներին վերջ տալու համար գերժամանակակից պաշտպանական զենք տրամադրեն Հայաստանին, գուցե իրավիճակը արմատապես փոխվի: Արդեն իսկ նկատելի է, որ շփման գծում հսկիչ սարքերի տեղադրումը լուրջ էֆեկտ է տալիս: Ինչո՞ւ չշարունակել: Փոխարենը Արցախի երկնքում մեկ էլ հայտնվում են հաստատ ոչ ռուսական արտադրության անօդաչու թռչքղ սարքեր և հարվածում հայկական դիրքերին: Սա արդեն հայ-ամերիկյան կամ հայ-իսրայելական դաշնակցային հարաբերությունների մասին չի խոսում: Գուցե սխալվո՞մ ենք: Ինչո՞ւ Ադրբեջանը նույն հռետորաբանությամբ չի պարծենում Արևմուտքից զենք գնելու դեպքերում: Այս հարցը թերևս ճիշտ կլիներ ուղղել նաև Կրեմլին և Սպիտակ տանը:

Էդիկ Անդրեասյան

Մեկնաբանություն
X