Կաթիլ-կաթիլ

Պատահականությո՞ւն էր արդյոք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Սերժ Սարգսյանի ելույթն ու կառավարության կառուցվածքի մասին նոր օրենքը հրապարակվեցին գրեթե միաժամանակ՝ երկուսն էլ գալով ապացուցելու, որ լուծված է առաջիկա 5 տարիներին ՀՀ ղեկավարի՝ վարչապետի ով լինելու հարցը։

Հարց, որ վերջին մեկ տարում մեզանում ամենից շատ քննարկված, ամենից շատ տարակարծություններ ու կարծիքներ ծնած հարցերից է։ Եթե հետեւենք մամուլի հրապարակումներին, հրապարակային ելույթներին ու հանրային կարծիքի վրա ազդեցություն ունեցող այլ ազդակների, ապա պարզ կդառնա, որ ամեն ինչ արվեց վերջին մեկ տարում հանրային կարծիքը մշակելու, Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարման մտքի հետ հաշտեցնելու համար։

Հասարակությանը կամաց-կամաց համոզեցին, որ եթե անգամ ժամանակին նա հրապարակավ հրաժարվել է այդ պաշտոնից, եւ Սահմանադրության ընդունման նախօրեին թիմով համոզել են հանրությանը, որ իշխանության վերարտադրության հարց չեն լուծում, հիմա իշխանությունը պահելու, պաշտոնավարումը շարունակելու հազար ու մի պատճառներ կան, եւ դրանք բխում են հենց հանրության ու պետության շահերից։

Աստիճանաբար՝ կաթիլ առ կաթիլ, միլիմետր առ միլիմետր վստահեցրին, որ Սերժ Սարգսյանից ավելի արժանի անձ չկա, որ ազգովին պետք է խնդրենք, որ նա շարունակի պաշտոնավարել։ Եվ որ երկրի անվտանգության, ղարաբաղյան խնդրի լուծման տեսանկյունից պարզապես հույժ կարեւոր է, որ նա եւ իր թիմը մնան ու շարունակեն կատարել պետության կառավարումը։ ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի ելույթն ու Հայաստանի ստանձնած պարտականությունների մասով Եվրոպային ուղղված հավաստիացումներն էլ էին դա ասում, երեկ արդարադատության նախարարության կողմից հրապարակված օրենքների փաթեթն էլ է դրա մասին վկայում։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Մեկնաբանություն
X