Եվրոպական վոյաժներ

Այնպես ստացվեց, որ ՀՀ նախագահի եւ վարչապետի արտերկրյա այցերը համընկան՝ Սերժ Սարգսյանն այս օրերին Ֆրանսիայում եւ Ստրասբուրգում է, Կարեն Կարապետյանը՝ Դավոսում։ Երկուսն էլ հագեցած օրակարգով հանդիպումներ են ունենում․ Սերժ Սարգսյանը՝ ԵԽ գլխավոր քարտուղարի, Ֆրանսիայի նախագահի, Կարեն Կարապետյանը՝ միջազգային տարբեր ընկերությունների ղեկավարների, Շվեյցարիայի նախագահի, Իրաքյան Քրդստանի վարչապետի, Սինգապուրի փոխվարչապետի եւ այլն։ Դժվար է ասել, թե այս հանդիպումներից Հայաստանը կոնկրետ ինչ է շահելու, սակայն ամեն դեպքում հաճելի է տեսնել, որ մենք կովկասյան փակուղի մղված երկիր չենք՝ Ղարաբաղի անլուծելի խնդրի տակ կքած։

Եվ մեր իշխանության առաջին դեմքերը հավասարը հավասարի պես հանդիպում-շփվում են աշխարհի մեծերի, միջազգային հանրության հետ։ Ճիշտ է՝ այդ հանդիպումների ժամանակ մեր երկրի ղեկավարները հիմնականում «աղքատ ազգականի» հոգեբանությամբ են առաջնորդվում՝ մի կողմից ղարաբաղյան խնդրի լուծման, մյուս կողմից միջազգային ներդրումների թեման առաջ տանելով, բայց դա էլ վատ չէ, քանզի մեզ եւ մեր խնդիրներն աշխարհին հասկանալի դարձնելու, այդ խնդիրների լուծման հարցում առաջընթաց ապահովելու անհրաժեշտությունը կա։

Շատ ավելի ընդունելի եւ ողջունելի է Եվրոպայի առաջ «զեղումների» մեջ ընկնելն ու պահանջողի-խնդրողի դերում լինելը, քան ռուսական ֆորպոստի կարգավիճակը, որն առնվազն հեռանկարային չէ, անգամ եթե դու փոքր եղբոր պարտականություններն ազնվորեն ու նվիրումով ես կատարում՝ ակնկալելով, որ մեծ եղբայրը կնպաստի քո խնդիրների լուծմանը։ Ի վերջո, կյանքը ցույց տվեց, որ դեպի հյուսիս ուղղված մեր խոնարհ հայացքը մեզ շատ բան չի տալիս՝ ո՛չ մեր անվտանգության առումով, ո՛չ տնտեսական զարգացման, ո՛չ էլ Ղարաբաղի խնդրի լուծման։

Արմինե Օհանյան

Մեկնաբանություն
X