Գյուղացին մեղադրում է գյուղապետին, գյուղապետը՝ հերքում

2017թ.-ի նոյեմբերի 5-ին՝ համայնքների խոշորացումից հետո Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքին միացան Մարմարիկ, Աղավնաձոր, Հանքավան, Փյունիկ և Արտավազդ գյուղերը: Ավագանու որոշմամբ Մեղրաձոր համայնքի ղեկավար Կառլեն Հովհաննիսյանի աշխատավարձը 320 հազար դրամ է, իսկ վարչական ղեկավարների աշխատավարձը՝ 250 հազար դրամ:

Ընտրություններից հետո թվում էր, որ Մեղրաձորում կրքերը հանդարտվել են: Սակայն Մեղրաձոր համայնքի բնակիչ Գուրգեն Գալստյանը բաց նամակ էր գրել նախագահին, ոստիկանապետին, գլխավոր դատախազին՝ հայտնելով, որ «Մեղրաձորի գյուղապետ Կառլեն Հովհաննիսյանը հանցագործ է և շարունակում է կատարել հանցանքներ»:

Նամակում ներկայացվել է նաև հողատարածքի պատմությունը, թե ինչպես են գյուղապետն ու իր մերձավորները այն ծառայեցրել իրենց համար որպես ճանապարհ և խոտատեղի. «Կառլեն Հովհաննիսյանը շուրջ 13 տարի է՝ ղեկավարում է Մեղրաձոր համայնքը, այն վերածել է իր սեփականությունը և մարդկանց հետ վարվում է այնպես, կարծես բոլորը նրա ճորտերը լինեն: Նա իր հարազատների և մերձավորների համար համայնքի բյուջեից հորինված պաշտոններով աշխատավարձներ տալով, համայնքի բյուջեն ծառայեցնում է իր նեղ շրջանակի անձանց հարստացմանը, կամ ինչպես երկրի ղեկավարը հայտարարեց՝ բյուջեն տանում է իր տուն: 2014-2016 թվականներին իր եղբոր որդին՝ Մարտին Հովհաննիսյանը, գրանցված է եղել համայնքի ղեկավարի վարորդ, սակայն այդ ընթացքում ոչ միայն ոչ մի օր չի կատարել իր աշխատանքը, այլ նաև տվյալ ժամանակահատվածում բացակայել է ՀՀ-ից, իսկ աշխատավարձը իր փոխարեն ստացել է հենց ինքը՝ Կառլեն Հովհաննիսյանը: Մարտին Հովհաննիսյանից առաջ նույն պաշտոնում հանդես է եկել իր աղջկա ամուսինը՝ փեսան, որը նույնպես երբեք չի աշխատել որպես վարորդ, սակայն համայնքի բյուջեն նվազել է այդ աշխատավարձի չափով: Տարիների ընթացքում, միայն այս հաստիքից դուրս գրված գումարները միլիոնավոր դրամներ են»:

Այս մեղադրանքների վերաբերյալ զրուցեցինք Մեղրաձորի գյուղապետ Կառլեն Հովհաննիսյանի հետ, ով էլ իր հերթին հերքեց նամակում նշված յուրացումների մասին. «Այս ամենը ընտրությունների հետ էր կապված, ամեն ձեւով փորձում են ցեխ շպրտել իմ աշխատանքի վրա: Ինձ մոտ ստուգումներ են անցկացվել, ոստիկանությունը հետաքննություն է իրականացրել, բայց ոչ մի խախտում էլ չի հայտնաբերել: Այս ամենը սարքած բան է, ինչո՞ւ մինչեւ այդ չէին գրում»,-ասաց գյուղապետը:

Կառլեն Հովհաննիսյանից հետաքրքվեցինք, փոփոխություն եղել է վարչական համայնքների շրջանում, քանի՞ աշխատակից են կրճատվել. «Բոլոր գյուղերի ղեկավարները աշխատում են, իրենց տեղում են, իսկ կրճատումները եղել են օրենքով սահմաված կարգով»:

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X