Գիքորն ու Սաշիկը

Սաշիկը հայ ժողովրդի հավաքական կերպարն է կամ էլ՝ արքետիպային հերոսը, որն երկար դեգերումներից հետո ի վերջո դուրս է եկել աշխարհ:

Առաջին հայացքից ասվածը կարող է իմաստից զուրկ թվալ, բայց իրականում խնդիրն իր բոլոր նրբերանգներով հանդերձ հարյուրամյակների ընթացք ունի, որն ամբողջանում է «Գիքորից դեպի Սաշիկ» պայմանական վերնագրի շրջանակներում:

Գիքորը հայ ժողովրդի էպիկական հերոսն է:

«Համբոն ուզում էր իր տասներկու տարեկան Գիքորին տանի քաղաք, մի գործի տա, որ մարդ դառնա, աշխատանք անի, որ լեզու սովորի, գրիլ-կարդալ սովորի, նստիլ-վերկենալ սովորի, մարդ ճանաչի, որ աշխարքումն խեղճ ու զուրկ չմնա…»: Պատմվածքի հանգուցալուծումը. «Համբոն գնում էր իրենց գյուղը: Նա թաղել էր Գիքորին ու գնում էր: Կռան տակին տանում էր շորերը, որ մերը լաց լինի վրեն»:

Պրոֆեսոր Ա. Ստեփանյանն իր «Պատմության հետագիծը» գրքում խնդիրը դիտարկում է համակեցական միջավայրի նորացման դիտանկյունից: Այսինքն Գիքորը հայտնվել է մի միջավայրում, որտեղ իր համար խաթարված են հազարամյա բնականոն առնչությունները և այն աստիճան, որ փոքրիկ Գիքորի քաղաքային այլափոխումը դառնում է անհնար: Նա մնում է երկու աշխարհների արանքում և զոհ դառնում. գրում է Ստեփանյանը: Այլ խոսքով ասած՝ դեռևս ուշ միջնադարին բնորոշ աշխարհայացքով և աշխարհընկալումով Գիքորը չի կարողանում ինքնադրսևորվել նոր աշխարհում և դիմակայել դրա պարտադրած մարտահրավերներին:

Թումանյանի էպիկական հերոսի ուրվագծած տարբերակը մարգարեական եղավ: Հայ ժողովուրդը շարունակեց մնալ չիմացության և անգիտության մեջ, իր միջնադարյան պատկերացումներով չկարողացավ դիմագրավել նոր աշխարհի մարտահրավերներին: Փորձելով դուրս գալ միջնադարյան թմբիրից՝ հայտնվեց մեծ տերությունների շահերի բախման կիզակետում և ի վերջո զոհ գնաց իր իսկ անգիտության հետևանքով: Գիքորի մահը ուղիղ համեմատականն է Ցեղասպանության և Առաջին Հանրապետության վախճանի: Այլ խոսքով ասած՝ հայերը չկարողացան ստեղծել այն համակեցական նորացված կառույցը, որը թույլ կտար ժողովրդին ըստ պատշաճի գոյակցել նոր աշխարհի պայմաններում:

Չնայած իրադարձությունների այսպիսի զարգացմանը՝ ճակատագիրը հնարավորություն տվեց Գիքորին հարություն առնել, վերածնվել և նորից դուրս գալ աշխարհ: Խոսքերի վառ ապացույցն է Հայաստանի անկախացումը և Արցախի ազատագրումը:

Անկախությունն այդ չգիտակցված պարգև էր, քանզի Գիքորը չէր փոխվել, միայն պայմաններն էին փոխվել, այն է՝ իր միջնադարյան պատկերացումներով և չիմացությամբ այս անգամ հանգամանքների բերումով ժառանգել էր պետություն, դարձել էր ինքնուրույն: Բայց չէ՞ որ նա նույն անկիրթն էր, որը հարյուրամյակներ շարունակ չէր կարողացել ինքնուրույն գործել, չէր հասկացել, թե ինչ է պետականությունը, օրենքը: Արդյունքում նա պետությունը նույնացրեց իր գյուղի կալվածքների հետ, նրա աչքերը կուրացան երկնքից իջած հարստության առատությունից, որն իրականում պետությանն էր: Գիքորը սկսեց թալանել և տարիների ընթացքում կերպափոխվեց Սաշիկի:

Այո՛, մենք բոլորս նման ենք Սաշիկին, քանզի բոլորս էլ «օջախ» պահողներ ենք, չէ՞ որ Սաշիկն էլ է «օջախ» պահում: Իսկ ի՞նչ կա օջախի սահմաններից դուրս, հայրենի՞ք, պետությո՞ւն: Մեզ և մեր էպիկական հերոս Սաշիկին դա բոլորովին չի հետաքրքրում:

Գիքորը հայրենասեր էր, նա սիրում էր իր հողն ու ջուրը, հպարտանում էր նախնիների հերոսական անցյալով, ատում էր թուրքերին և համոզված էր, որ կրթվել ու փրկվել հնարավոր է միայն ինչ-որ մեկի (խանութպան-Ռուսաստան) ստրուկը լինելու պայմանով: Այսինքն վերստին կենդանություն առնելուց հետո նա շարժվում է այն նույն ճանապարհով, որի արդյունքում զրկվել էր ապրելու իրավունքից: Նա չի կարողանում հասկանալ, որ պետություն ունենալու համար պետք է լինել այդ պետության քաղաքացին: Քաղաքացի ոչ անձնագրով, այլ մտքի ողջ տրամաբանությամբ:

Սա է մեր իրականությունը. Գիքորը կերպափոխվում է Սաշիկի, իսկ Սաշիկն էլ երբեմն վերածվում է Գիքորի, և նույն տրամաբանությամբ պտտվում ենք ի շրջանս յուր:

Մեկնաբանություն
X