Գառը գայլին պահ տալ

Տարիներ շարունակ ՀՀ քաղաքացիների բոլոր բողոքներն ուղարկվում են այն կառույցներին, որոնցից նրանք բողոքում են։ Մարդը դիմում է իր երկրի նախագահին ու վարչապետին, բողոքում է, ասենք՝ համայնքապետարանից, իսկ նրա բողոքը հայտնվում է հենց համայնքապետի ձեռքում։ Օրինախախտ պաշտոնյային պատժելու փոխարեն բողոքողին պատժելու սկզբունքը կիրառող իշխանությունը ոչ թե պարզապես բողոքը մերժելու, այլ բողոքողին նաեւ նվաստացնելու ձեւն է ընտրել, որ նա այլեւս չհամարձակվի որեւէ մեկից բողոքել, առավել եւս՝ բարձր մարմիններին դիմել։

Իրենք շատ ավելի «կարեւոր» գործեր ունեն եւ շարքային քաղաքացու հոգսով զբաղվելու ժամանակ չունեն։ Մոտավորապես այս սկզբունքն են կիրառել նաեւ փաստաբանների նկատմամբ։ Խախտում կատարած փաստաբաններին պատժելու գործը հանձնել են հենց նրանց, ում դեմ պայքարում են փաստաբանները՝ դատավորներին։ Որ անկախ, համարձակ, իրենց համար «խնդիրներ» առաջացնող փաստաբաններին պատժելու համար դատավորները ոչ թե դիմեն Փաստաբանների պալատ, եւ ՓՊ-ն էլ իր հովանու տակ առնի «անհնազանդներին», այլ հենց տեղում պատժեն՝ 100 հազար դրամ տուգանելով։ Սա փաստաբանների անկախության, ինքնուրույնության դեմ ուղղված դրույթ է։ Էլ չասենք, որ դատական պաշտպանության սկզբունքի, մարդու իրավունքների ոտնահարմանն ուղղված քայլ է։

Ինչպե՞ս պիտի իր պաշտպանյալի շահերը ներկայացնի փաստաբանը եւ ստիպի դատարանին օրենքը կիրառել, եթե նրա գլխին կախված է այդ նույն դատարանի կողմից տուգանվելու վտանգը։ Ինչպե՞ս պիտի փաստաբանը պայքարի օրինականության հաստատման համար, պարտադրի դատավորին՝ արդար ու օբյեկտիվ լինել, մանավանդ՝ մեր կախյալ ու չկայացած դատական համակարգի պարագայում, եթե նրան վերահսկելու իրավունքը վերապահվել է հենց կոռումպացված դատավորներին։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Մեկնաբանություն
X