Դավոս-2018. Համաշխարհային տնտեսությունը կրկին կապրի՞ արդյոք Մեծ դեպրեսիա

Ժողովրդավարություն պոստ-ճշմարտության դարաշրջանում, պղպջակներ կրիպտոարժույթների շուկայում, փախուստ դեպի օֆշորային դրախտ, ռոբոտների հեղափոխություն: Ահա այսպես են բնութագրում հեղինակավոր վերլուծական կենտրոնները Դավոսի այս տարվա տնտեսական գագաթնաժողովը: Սրանք նաեւ այն հիմնական թեմաներն են, որոնք քննարկվելու են Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի,Գերմանիայի, Միացյալ Թագավորության, Հնդկաստանի եւ Բրազիլիայի առաջնորդների կողմից:

Սակայն այս ամենից զատ, ֆորումն ունի նաեւ իր այսպես ասած` սուպերթեման` մոլորակին սպասվու՞մ է արդյոք երկրորդ Մեծ Դեպրեսիա: Դավոսում եղանակը բավական ցուրտ է: Առատ ձյուն է տեղացել, որպիսին չի եղել արդեն տասը տարի: Ճանապարհներին կա սառույց, կա նաեւ վտանգ ձնահյուսքի: Այդուհանդերձ 48-րդ Միջազգային տնտեսական ֆորումը մեկնարկեց ըստ ժամանակացույցի: Այսօր տեղի կունենան արդեն գրաֆիկով նշված պաշտոնական միջոցառումները, որոնք կշարունակվեն մինչեւ հունվարի 26: Ի դեպ տասը տարին մոտավորապես լրանում է նաեւ համաշխարհային տնտեսական ճգնաժամի:

Քննարկվող թեմաները կարելի է դասակարգել երկու տիպի մեջ` ավանդական թեմաներ, ինչպիսիք են ավանդական տնտեսական ռիսկեր, դրամավարկային քաղաքականություն, բիզնես միջավայր եւ այլն, եւ ժամանակակից թեմաներ, որոնք են թվային տնտեսություն, կրիպտոարժույթներ, ռոտոբացում, Չորրորդ արդյունաբերական հեղափոխություն եւ այլն: Արդեն այսօր ֆորումի օրակարգում ներառված է թվային տնտեսության զարգացման ռազմավարական կանխատեսման ներկայացումը, որում կխոսվի թվային էկոնոմիկայի զարգացման հեռանկարների եւ ավանդական տնտեսության ճյուղերի թվայնացման մասին: Հատուկ անդրադարձ կկատարվի էնեգետիկայի մեծ փոխակերպմանը: Այստեղ արդեն հատկապես կկարեւորվի վերականգնվող էներգառեսուրսների հարցը, հատկապես, որ ըստ կանխատեսումների, արդեն 2030-ին վերականգնվող էներգետիկայի մասնաբաժինը կկրկնապատկվի: Վերականգնվող էներգետիկան կփրկի 4 միլիոն մարդու կյանք, շնորհիվ վնասակար արտանետումների կրճատման, կավելացնի համաշխարհային ՀՆԱ-ն$1,3 տրիլիոնով եւ աշխատանքով կապահովի 24,4 միլիոն մարդու:

Հիմնական գայթաքարն այս դեպքում այն է, թե կկարողանան արդյոք քաղաքական առաջնորդները դուրս գալ իրենց քաղաքական կաղապարներից հանուն ապագայի մաքուր եւ անվտանգ էներգետիկայի ստեղծման: Ֆորումն ի դեպ արդեն հասցրել է արձանագրել, որ սոցիալական բեւեռացվածությունը հարուստների եւ աղքատների միջեւ կխորանա, կրիպտոարժույթները դեռ քննարկվելիք թեմա են, իսկ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանն էլ շարունակում է գովազդել Եկատերինբուրգի տնտեսական հնարավորությունները:

Մեկնաբանություն
X