Հայերն իրենց մշակույթին վերաբերվում են ինչպես հանգուցյալի

Անկախությունից ի վեր հայ հասարակությունը հայտնվել է կյանքի գրեթե բոլոր ոլորտներն ընդգրկող ճգնաժամի շղթայական շրջափուլի մեջ, որն իր հերթին հանգեցրել է գոյություն ունեցող կենսունակ արժեքների կազմաքանդման աստիճանական գործընթացին՝ մյուս կողմից էլ կանխարգելելով նոր արժեքներ ստեղծելու հասարակական միտումը:

Այս ամենի կոնտեքստում մտավոր շրջանակների համար առաջնային է դառնում հետևյալ հարցադրումը՝ ո՞րն է ճգնաժամի պատճառը:

Առաջին իսկ պատասխանը, որը կարող է մեր մտքով անցնել, կլինի այն, որ պատճառն այլասերված իշխանական վերնախավն է, ինչպես նաև տևական ժամանակ շարունակվող նրանց հակամշակութային վարքագիծը: Բայց իրավիճակի համակողմանի վերլուծությունը թույլ է տալիս պնդելու, որ արժեքներ բացառող վերնախավն ամենևին էլ պատճառ չէ, այլ՝ հետևանքը, որի արատավոր ներգործությունն անշուշտ էլ ավելի է խորացնում ճգնաժամը:

Իսկ եթե վերնախավը հետևանք է, ապա ո՞րն է ճգնաժամի բուն պատճառը: Որոշակի փաստերի համադրման արդյունքում կարող ենք փաստել, որ պատճառն առաջին հերթին մշակութային արատավոր միջավայրի առկայությունն է, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ դրա ամբողջական բացակայությունը: Այդ տեսանկյունից համակեցական միջավայրի ռեալիզացման բոլոր փորձերը դատապարտվում են ձախողման, քանզի արատավոր միջավայրի ուղղակի և անուղղակի ներգործության արդյունքում կամ թույլ և ոչ հիմնային թիրախներ են ընտրվում, կամ էլ դրա զորեղ ազդեցությունը ստվերում և փոշիացնում է ամեն մի դրական տեղաշարժ:

Նախ նշենք, որ առաջին հերթին ձևախեղվել են մշակույթի վերաբերյալ հասարակական պատկերացումները, այն է՝ մշակույթն ինքնին սահմանափակված է առանձին ստեղծագործությունների, պատմական հուշարձանների կամ շինությունների և երաժշտության շրջանակներում: Վերոհիշյալները համակարգի առանձին ատրիբուտներն են և մշակութային միջավայրի համապատասխան դրսևորումները, բայց ոչ այն ամբողջական կառույցը, որն ուղղահայաց և հորիզոնական տարաբնույթ վեկտորներով ընդգրկում է կյանքի բացառապես բոլոր ոլորտները: Այսինքն, մշակույթը տարաբնույթ գործընթացների ֆունկցիոնալ ամբողջություն է, որը ձևավորում է համապատասխան միջավայր: Այս տեսանկյունից առաջնային պլան է մղվում այդ միջավայրի շարունակականության խնդիրը, որի ապահովման համար մշակույթը պետք է մշտապես խնդիրներ առաջադրի և գտնի դրա լուծման բոլոր հնարավոր տարբերակները: Առաջադրված խնդիրներից թերևս առաջնային պետք է լինի սահմանել ինքնության այն պոստուլատային դրույթները, որոնց հիման վրա պետք է կառուցվի համակեցական կառույցը:

Ներկայումս հայ հասարակության ինքնության հիմքում դրված է ցեղասպանությունը: Սա ինքնին մշակութային խաբկանք է, քանզի մահի և արյան վրա պարզապես հնարավոր չէ ձևավորել ինքնության կառուցակազմիկ համակարգ: 100-ամյակի կապակցությամբ նախաձեռնված անմոռուկային խրախճանքը ևս մեկ անգամ փաստեց, որ այդ մոդելը դատապարտված է ձախողման, իսկ որպես վերջնական արդյունք՝ նաև արժեզրկման: Խնդիրն այն չէ, որ ձախողվում է փորձը, այլ դրա ձախողմանը զուգընթաց քարանում և կանխարգելվում է նաև հասարակության ստեղծագործական ճիգը: Մշակույթն այլևս չի կարողանում իր առջև խնդիրներ դնել, և արդյունքում ստեղծվում է վակուումային տարածություն, որն էլ, որպես կանոն, կլանում է հետադիմությունը, այլասերվածությունը և մղում առաջնային պլան: Մշակույթը կառուցվում է պոզիտիվիստական գաղափարների հիման վրա, որն ի զօրու է ապրեցնել, դրա հիմքում ընկած է կյանքը, արարումը, գեղեցկությունը, բարին և այսպես շարունակ:

Հայերն իրենց մշակույթին վերաբերվում են ինչպես հանգուցյալի: Ասվածի վառ ապացույցն է այն, որ ոչ ոք դրա մասին չի խոսում ներկա ժամանակով, իսկ եթե խոսում է, ապա դրա բացակայության մասին. «Իսկ դուք գիտե՞ք, թե ինչ մշակույթ են ունեցել հայերը»: Ահա այսպիսի նախադասությամբ ենք մենք դիմավորում Հայաստան ժամանած զբոսաշրջիկներին, բայց երբեք չենք ասում, թե ինչ ունենք այժմ: Հայաստանում գործում է հետևյալ սկզբունքը. հանգուցյալի ետևից՝ կամ լավը, կամ ոչինչ: Եթե ուշադրություն եք դարձրել, հայկական մշակույթի մասին խոսելիս նույնպես մենք խոսում ենք կամ լավը, կամ ոչինչ: Դեռ ավելին՝ հայերը շատ են սիրում հանգուցյալների պաշտամունքը՝ նրանց հաղորդելով բացառիկ և վերբնական հատկություններ: Ճիշտ նույնը կատարվում է նաև մշակույթի պարագայում: Երևի թե զբոսաշրջիկներն այնքան էլ կոռեկտ չեն համարում, որպեսզի հարցնեն, թե ո՞ւր է այդ մշակույթն այսօր, որտե՞ղ է, և վերջապես որտե՞ղ են դրա կրողները: Կամ էլ երևի հարցնում են և որպես պատասխան ստանում են հայկական մշակույթի «գլուխգործոց» խորովածը, չէ՞ որ ազգային ավանդույթ է, բոլոր դժվար հարցեր տվող արտասահմանցիների բերանը փակել ուտել-խմելու միջոցով:

Բայց ի վերջո ո՞ւր է կորել այդ մշակույթը: Հարյուրամյակներ շարունակվող ստրկական կարգավիճակի արդյունքում հայ ժողովուրդը փոշիացրեց ինչպես իր պետական ինստիտուտները, այնպես էլ՝ մշակութային ամբողջ միջավայրը: Վերածվեց կրոնաէթնիկական պարզունակ հանրույթի, որի սոցիալական միակ ցուցիչները կարող էին լինել ադաթը և կրոնը: Այսինքն կտրվեց մշակութային համակարգի շարունակականությունը, և ժողովուրդը խզեց քաղաքակրթական կապն անցյալի հետ: Ասվածի վառ ապացույցն է Հովսեփ Էմինի հետ տեղի ունեցած խորհրդանշական դեպքը: Հայաստանի ազատագրության համար Հայաստան ժամանած Էմինը երկրի տարբեր հատվածներում շրջում էր Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» ձեռքին, որպեսզի մարդկանց մեջ արթնացնի հայրենասիրական ոգին: Բայց որքան էլ որ զավեշտական չհնչի, մարդիկ չճանաչեցին և չհասկացան, թե ինչ գիրք էր նրա ձեռքին: Մարդկության պատմության ընթացքում քաղաքակրթական այդպիսի խզումներն առավել քան օրինաչափ են, քանզի դրանց արդյունքում ազգերը ստեղծել են էլ ավելի զարգացած և կայացած մշակութային համակարգեր, ինչը չկատարվեց մեր պարագայում:

Վերջին ձևակերպումը կարող է դժգոհությունների տեղիք տալ, իսկ որպես հիմնավորում կբերվի Խորհրդային Հայաստանի մշակութային ժառանգությունը: Ոչ ոք չի կարող ժխտել, որ այդ տարիներին մշակույթի ասպարեզում հանդես եկան բազմաթիվ հանճարեղ գործիչներ: Բայց նրանք բոլորն էլ՝ նույնիսկ ընդդիմադիր կեցվածք ունեցողները, պատկանում էին կայսրությանը: Նրանց հետ, թե առանց նրանց, Խորհրդային Հայաստանի քաղաքացին ամեն դեպքում կայսերական մշակութային միջավայրի կրողն էր: Մշակութային միջավայրը չէր փոփոխվում, դրա կենտրոնում առաջվա պես շարունակում էր մնալ հպատակության սինդրոմը: Դա էր պատճառը, որ կայսրության փլուզումից հետո դրա հետ միասին անհետացավ նաև կայսերական մշակույթը:

Այսպիսի պայմաններում առաջացավ վակուումային տարածք, որը շարունակում է լցվել տարաբնույթ պատրանքներով և խաբկանքներով՝ իհարկե ոչ առանց լղոզված հայրենասիրության:

Հայաստանի Հանրապետությունում այդպես էլ չստեղծվեց անկախությանը համահունչ մշակութային միջավայր: Այնպիսի մի միջավայր, որը կերաշխավորեր բնականոն կապն առաջին հերթին քաղաքացիների և հետո քաղաքացու և պետության, արվեստի և գիտության միջև: Միջավայր, որն ըստ էության պետք է կազմաքանդեր մարդկանց տներում ուրվականի պես շրջող ադաթները: Այս և այլ գործոնների բացակայությունը հանգեցրել է ֆունդամենտալիստական ծայրահեղ պատկերացումների: Արդյունքում՝ ինչ-որ բան ստեղծելու խնդիր երբեք չի դրվել, այլ վերստեղծելու: Եվ այդ վերստեղծելու, կատարյալը վերագտնելու հիվանդագին սինդրոմն ամորձատում է ստեղծագործական ճիգը՝ հանգեցնելով չբերության: Ունենք հետևյալ պատկերը՝ ո՛չ վերստեղծում են և ո՛չ էլ ստեղծում:

Ամփոփելով շարադրանքը՝ կարող ենք փաստել. մշակույթը չի սահմանափակվում միայն պոեմների և սիմֆոնիաների շրջանակներում, այն առաջին հերթին մարդկանց վարքագիծն է, փոխհարաբերվելու կերպը և այսպես շարունակ: Ներկայումս մարդկանց վարքագծի առաջնային դրսևորումն արտագաղթն է կամ դրա միտումը, իսկ դա արդյունք է մշակութային անառողջ միջավայրի: Միջավայր, որը ծնեց կամ բուծեց Նժդեհական այն հայտնի կուսակցությանը: Վերջինս էլ առաջարկեց իր իդեալները, որոնք էլ մարդիկ ընդունեցին մեծագույն խանդավառությամբ: Հանկարծ պարզվեց, որ կաշառքը վերցնելն օջախ պահելն է, իսկ առանց Արմենչիկի հայկական հարսանիքները թերի, Հայաստանն առանց ռուսի կյանք չունի, իսկ եկեղեցու փողերը չի կարելի հաշվել, քանզի այն սուրբ է: Այս ամենն էլ Նժդեհի աֆորիզմների ներքո:

Մեկնաբանություն
X