Հուսիկ Արա․ «Հայրենիքի թշնամին»

>

Երբ Պյոտր Չաադաևը հրապարակեց իր առաջին Փիլիսոփայական նամակը համընդհանուր հիստերիա բարձացավ: Ռուսական միջավայրը երբեք այդպես չէր ցնցվել, տասնամյակներ շարունակ մարդիկ սովորել էին ապրել խլացված ու խեղդված ճշմարտությունների աշխարհում: Բայց ահա հայտնվեց մեկը, որը թքեց իրականության երեսին, համարձակվեց «ձեռք բարձրացնել» սրբություն սրբոցի կարգավիճակ ունեցող եկեղեցու և ինքնակալության վրա: Չաադաևին չներեցին, ռազմահայրենասիրական վարագույրը մեջտեղից պատռվեց, նրան հայհոյում էին ու սպառնում՝ հաշվեհարդարի անզուսպ շիզոֆրենիայով տոգորված: Ո՞վ է այդ խելագարը, նրա տեղը գժանոցն է: Մոսկվայի համալսարանի ուսանողները զենք էին պահանջում, որպեսզի գնան ու այդ Չաադաև կոչվածի հարցերը հենց տեղում լուծեն:

Վիսարիոն Բելինսկին գրում է. « Палками бьют — не обижаемся, в Сибирь посылают — не обижаемся, а тут Чаадаев, видите, зацепил народную честь — не смей говорить; речь — дерзость, лакей никогда не должен говорить!»:

Ճշգրիտ է չէ՞ գրել Բելինսկին, բա ո՞ր Գերցենի գրածները կարդաք հայրենասիրական մութ զանգվածների մասին, որոնց սատկացնում են, ծեծում, ճորտացնում, աքսորում Սիբիր, բայց ձայն հանող չի լինում: Այսինքն այդպիսի պայմաններում ապրել կարելի է, բայց գրել՝ ոչ: Հայրենիք ու եկեղեցի կոչվածները անձեռմխելի են, եթե գրես, ապա դառնում ես սրբապիղծ ու դավաճան:

Երևի թե հասկանում եք, որ այս շարադրանքում կենտրոնական թեման 19-րդ դարի Ռուսասանը չէ, այլ՝ 21-րդ դարի Հայաստանը, որտեղ խճանկարի տրամաբանությամբ ամբողջացել է գրեթե նույն պատկերը:

Բանաստեղծ Հուսիկ Արան մի բանաստեղծություն է գրել և ահա ինչ-որ գորշ զանգված ցնցվել է, ապշել է ու ապշահարվել: Այն աստիճան, որ բանստեղծության գրականագիտական տեսանկյունը մի կողմ դրած՝ հայհոյում են Հուսիկին, թե բա դու ո՞վ ես, որ համարձակվել ես կպնել մեր Էրգրին, մեր Էրգիրը սուրբ ա, անձեռնմխելի ա, Հուսիկ հո դու թուրք չե՞ս:

Արդեն երեք տասնամյակ է, ինչ ժողովրդին ծեծում են, ջարդում, սպանում, մարդկանց հասցրել են աղքատության ու քաղցի անդունդը, մարդիկ փախնում են այս երկրից, արժեք կոչվածը հողին է հավասարեցվել, բայց ո՛չ, ամենն այդ օրինաչափության մեջ է, իսկ երբ Հուսիկն իր ցասումն է արտահայտել գորշ իրականության վերաբերյալ, վիրավորական է, սրբապղծություն է, նա հայ չէ, իսկ եթե հայ չէ, ապա տրամաբանորեն մարդ էլ չի կարող կոչվել:

Գիտեք, խոսքը ժողովրդի մասին չէ, եթե բանաստեղծությունն այդ ցույց տանք որևէ գյուղացու, ապա անշուշտ նա կհամաձայնի Հուսիկի հետ, որովհետև այդ տողերում կգտնի իր խեղված ճակատագիրը, որովհետև Հայաստանի գյուղացիները շատ լավ գիտեն, որ ազատ ու անկախ այս երկիրը դեռևս ոչ ոքի երջանկություն չի բերել, այլ խեղել է հազարների կյանքերը:

Այսինքն Հուսիկին քրֆողը ժողովուրդը չէ, այլ այն կիսակրթված, բայց լայնախոհությունից ու մարդեղությունից անդին ապրող գորշ զանգվածը, որի միակ ու անկրկնելի կերը սրբերն ու հերոսներն են՝ ողողված մոլեռանդ կրոնականությամբ ու շիզոֆրենիկ հայրենապաշտությամբ: Եվ հիմնախնդիրն այս միայն Հուսիկի պարագային չի վերաբերվում: Կենդանական բնազդներով ապրող զանգվածը կարող է օրինակի համար հայհոյել Ինքնագրին ու Վահան Իշխանյանին, իբրև թե՝ Վահան, հո թուրք չե՞ս, ինչի ես Չարենցի անտիպները հրատարակել, ինչի՞ ես ազգի սրբությանը խայտառակ արել: Այսպիսի օրինակները բազմաթիվ են:

Դրանք նոմենկլատուրային գրականության առջև խոնարհվող զանգվածներն են, նրանց օրգազմի աղբյուրը «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում» տողերն են, նրանք սնվում են մայր հայրենիքի ու Արարատի մասին պոշլի ոտանավորներով: Ամենակարևորը՝ Մասիսին պետք է հաջորդի մեդալ հետ տալու ծիսակարգը: Այո՛, հայ գրականության հանճարը սահմանափակված է մեդալ վերադարձնելու կամ էլ՝ չվերցնելու ցածր, ողորմելի արարողակարգով:

Եկեք, մի քիչ էլ ինձ հայհոյեք, մի քիչ էլ իմ արյունը խմեք, մարդակերներ ջան, որովհետև ես էլ եմ թքում այս կեղծ իրականության ու պոշլի ռազմահայրենասիրության երեսին:

Բանաստեղծությունը․

Apocalypto

Իմ երկիրը՝ արևելյան թերմացք,

նեխելու է կեղծիքի մեջ ու ստի,

կեղտից-կեղտ սողալու է ճապաղ

ու չի բարձրանա իր կղանքից վեր:

Անսպիտակեղեն, մնալու է ցեխին տապկած՝

թևերի տակ սարդոստայն ու ոչ մի թռչող երազ.

մեր փախուստն է աշխարհում՝ ելք դեպի ներս,

որ ճակատագիր է այլևս, ոչ թե հեգնանք:

Հուսիկ Արա

Լուսանկարները՝ Կարպիս Փաշոյանի, Հուսիկ Արայի գրքի շնորհանդեսից, 2017 թ․

Մեկնաբանություն
X