Դատավորների ձերբակալությունից մինչեւ վենդետա. ի՞նչ ընթացք կունենան Գեղարքունիքի մարզի աղմկոտ դատավարությունները

2015թ.-ի ապրիլի 5-ին Սևան քաղաքում գտնվող ռեստորաններից մեկում կազմակերպված մատաղի արարողությունից հետո տեղի ունեցած վիճաբանության հետեւանքով, ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել էր Սեւան քաղաքի բնակիչ 44-ամյա Կ. Մնեյանը: Սպանության հեղինակներն են՝ Սեւանի նախկին քաղաքապետ Աշոտ Ալեքսանյանի «Մողեսի» որդին՝ Արթուր Ալեքսանյանը եւ նրա ընկեր Համուլը՝ Հմայակ Թադևոսյանը: Նրանց մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով: 2 տարուց ավելի տեւած դատավարությունը դեռ կշարունակվի եւ այլ ընթացք կունենա: Մեզ հասած տեղեկություններով Սեւանի նախկին քաղաքապետ՝ Աշոտ Ալեքսանյանը տարբեր միջոցներով փորձում է մեղմել որդու դատավճիռը: Դատական հերթական նիստը տեղի կունենա հունվարի 31-ին:

2015 թ.-ի սեպտեմբերի 20-ին մի քանի անձինք դաժան ծեծի էին ենթարկել Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչ Հ. Սարգսյանին, ով տեղում մահացել էր: Դեպքից հետո անմիջապես նրանք դիմել էին փախուստի: Օրեր անց հայտնաբերվում են Հրանտ Շաբոյանն ու Զոհրաբ Կարապետյանը, որոնց կալանավորում են, իսկ վարդենիսցի «Չոշեյի Մարտին» մականվամբ՝ Մարտին Հակոբյանը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Աղվան Պետրոսյանի որոշմամբ գրավի դիմաց ազատ է արձակվում: Անպատժելիությանը վրդովմունք է առաջացրել վարդենիսցիների շրջանում, քանի որ Չոշեյի Մարտինը, ով բազմաթիվ անգամներ հայտնվել է ծեծկռտուքների, սպանություն, խուլիգանություն, անձի առևանգում պատմությունների մեջ, ազատության մեջ է եւ այս գործով դատավարությունը վերջին նիստը ըստ դատական տեղեկատվական համակարգի տեղի է ունեցել 2017թ.-ի հունիսի 28-ին եւ մինչ օրս ոչ դատական նիստ է գումարվել եւ ոչ էլ դատավճիռ:

Հերթական աղմկահարույց սպանությունը, որ դեռ երկար ընթացք կունենա տեղի է ունեցել 2017թ.-ի հունվարի 7-ին Գավառի «Քաղառի կռուգ» կոչվող վայրում: Սպանվեց Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդին՝ 29-ամյա Հայկ Հակոբյանը: Սպանությունը կատարել է Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանի եղբոր՝ «Չոլի շուն» մականվամբ Արտակ Հարությունյանի տղան՝ Մեխակ Հարությունյանը: Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ փետրվարի 7-ին տեղի կունենա հերթական դատական նիստը: Մեխակ Հարությունյանի պաշտպանը պահանջում է, այդ տարածաշրջանում նիստերը դռնփակ անցկացնել: Նրա պնդմամբ՝ իր պաշտպանյալի կյանքին վտանգ է սպառնում: Նշենք, որ «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել էին սպանել Մեխակ Հարությունյանին. այդ դեպքից հետո Հարությունյանը առ այսօր գտնվում է պաշտպանության տակ: Աղմկահարույց այս սպանությունից հետո կրքերը թվում էր, թե հանդարտվել են, սակայն ինչպես ասում են՝ հանդարտություն է փոթորիկից առաջ:

Դատավորները հրաժարվեցին դատավորներին դատելուց

Դատավորների կողմից կաշառք վերցնելու աղմկահարույց գործով դատավարությունը մեկնարկեց Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 2017թ. նոյեմբերի 8-ին: Նշենք, որ գործով անցնում են 13 մեղադրյալ, նրանցից կալանքի տակ են գտնվում 5-ը՝ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը, նրա վարորդ Կարեն Մարտիկյանը, նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանը, Գեղարքունիքի մարզի դատախազ Սևակ Շհոյանը և նույն մարզի բնակիչ Հայկ Կարապետյանը:

7 մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը և միայն Ռոբերտ Գրիգորյանի նկատմամբ՝ խափանման միջոց է ընտրվել անձնական երաշխավորություն: Այս դատավարության մեջ ուշագրավն այն է, որ դատավորները հերթով ինքնաբացարկ արեցին եւ հրաժարվեցին դատել իրենց մտերիմ ընկերներին: Դատական հաջորդ նիստը կկայանա հունվարի 26-ին:

2 սպանություն՝ 15 րոպեում. հանգիստը Սևանում դարձավ ողբերգությունների պատճառ

2017թ. հունիսի 30-ին Սևանա լճի «Միրաժե» կոչվող հանգստյաn գոտու հարակից տարածքում հանգստացող Դավիթ Առաքելյանը վիճել էր Սեւան քաղաքի բնակիչ Աշոտ Հովհաննիսյանի հետ, ինչի արդյունքում Աշոտ Հովհաննիսյանը մահացու վնասվածքներ էր ստացել: Ավելի ուշ սպանվածի որդին՝ Էդգար Հովհաննիսյանը, իմանալով հոր հետ կատարվածի մասին, որոշել էր վրեժխնդիր լինել եւ Երեւան-Սեւան ճանապարհին սպանել է Դավիթ Առաքելյանին:

Էդգար Հովհաննիսյանը կալանավորված է, իսկ եղբայրը՝ Մամիկոն Հովհաննիսյանը ստորագրությամբ ազատ է արձակվել: Քրեական գործը ուղարկվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին:

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X