Արդյոք ծառայե՞լ են թեկնածուի որդիները

ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը երկու որդի ունի՝ Վարդան եւ Հայկ Սարգսյանները: Քանի որ հատկապես վերջին շրջանում ակտուալ է պաշտոնյաների եւ նրանց զավակների՝ բանակում ծառայած-չծառայած լինելու հանգամանքը, հետաքրքիր է իմանալ՝ արդյո՞ք դեսպանի որդիները հայրենիքի առաջ կատարել են իրենց պարտքը: Մենք տեղեկացանք, որ մասնավորապես Հայկ Սարգսյանին դեռեւս նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի օրոք երկու անգամ տարկետում է տրվել՝ ուսումը շարունակելու հիմքով: Առաջին անգամ՝ մինչեւ 2005 թ. աշնանային, երկրորդ անգամ՝ մինչեւ 2007 թ. գարնանային զորակոչը՝ ուսումնառության ավարտը: 34-ամյա Հայկ Սարգսյանը, մեր տեղեկությամբ, նաեւ գիտական թեզ է պաշտպանել, թեման առնչվում է հետանկախական Հայաստանին եւ Մեծ Բրիտանիայի միջպետական հարաբերություններին:

38-ամյա Վարդան Սարգսյանը, մեր տեղեկություններով, ղեկավարում է Սարգսյանների սեփական՝ ռուսական շուկայում աշխատող կիբերանվտանգության ընկերությունը՝ Knightsbridge Cybersystems-ը, որտեղ Հայկն աշխատում է հոր հետ։ Ա. Սարգսյանի ընտանիքը Լոնդոն է տեղափոխվել 1992-ին, որտեղ եւ Սարգսյան եղբայրները դպրոց են հաճախել: Հայաստանում ծնված, Լոնդոնում հասակ առած Սարգսյան եղբայրներն ամեն հնարավորություն ունեցել են հաջող ուսումնառության եւ կարիերա անելու համար, միայն թե հայկական բանակում ծառայելու հարցը բաց է եւ պարզաբանման կարիք ունի: Նշենք, որ ռուսական Компания ամսագիրը 2013թ.-ին «Одна жизнь в трех частях» հոդվածում գրել էր, թե Արմեն Սարգսյանը ղեկավարում է ընդհանուր առմամբ 25 ընկերություն, որոնք ընդգրկում են ամենատարբեր ոլորտներ՝ հեռահաղորդակցություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, մուլտիմեդիա, անշարժ գույք, էներգետիկա, գյուղատնտեսություն եւ այլն:

Մեկնաբանություն
X