Խերով լինի

Կարծում եմ` հարկ չկա հատուկ ընդգծելու, որ առաջիկա փետրվարը դառնալու է Արմեն Սարգսյանի ամիսը: Դիցուք` քարզչության առումով: Բոլոր թերթերն ու կայքերը մի գլուխ նրա մասին են գրելու` այստեղ գնաց, սրա հետ հանդիպեց, այս ասաց, այն ընդգծեց… Մի խոսքով` նախագահահար են անելու գլուխներս: Էլ չեմ ասում, որ մարտի 2-ից մինչև ապրիլի 9-ն էլ համարյա 2 նախագահ ենք ունենալու, ու դեռ հայտնի չէ` երկուսն էլ Բաղրամյան 26-ու՞մ են նստելու, թե՞ ջոկ:

Հա, ի դեպ` էն Շարմազանովն ինչո՞ւ ասաց, որ ՀՀԿ-ն ընդհանուր առմամբ դեմ չի եղել Արմեն Սարգսյանի թեկնածությանը: Ի՞նչ է նեշանակում «ընդհանուր առմամբ»: Այսինքն` ո՞չ բոլորն են կողմ եղել: Շարմազանովի խոսքից դա է զգացվում և կարելի է ենթադրել, որ Սերժ Սարգսյանի ընտրությունը, ինչպիսի աննախադեպ բան, միաձայնությամբ չի ընդունվել ՀՀԿ-ում: Վատ չէ, կարծես, և, եթե մեր կասկածները հաստատվեն, ապա դա կարող է դառնալ անցումային եզրափակիչ փուլի (ձևակերպումը Սերժ Սարգսյանինն է) թոփ լուրը և մի քանի օրում բոլորը կմոռանան Արմեն Սարգսյանի մասին: Մենք, իհարկե, ռոմանտիկ չենք, իսկ ՀՀԿ-ն էլ այնքան միամիտ, որ քաղաքական այս պատասխանատու մոմենտին նման բան թույլ տա: Բայց, ինչպես ասում են` «чем черт не шутит пока бог спит»:

Գալով նախագահ ընտրելու այս նոր ձևին` կցանկանայի մեր հայրենակիցների ուշադրությունը սևեռել նախագահ ընտրելու նախկին և նոր ձևերի տարբերության վրա: Իրականում դրանք որակապես տարբեր գործընթացներ են, որոնք, սակայն, հանգեցնում են նույն արդյունքին` նախագահ է ընտրվում` երկրի գլուխը: Թե ինչու այս օրերին Հայաստանում անհարկի սրացումներ, գոտկատեղից ներքև հարվածներ, գնդակահարություն, 1-2 տոկոսանոց թեկնածուների մրցավազք չկա, կարծում եմ ինքնին հասկանալի է: Վաղը ոչ ոք փողոց չի նետվելու, թե իր ձայները գողացան, զանազան դեսպանատների դռներ չի թակելու, որ ինչ-որ կերպ սևացնի երկիրն ու նրա նորընտիր նախագահին:

Փառքդ շատ, տեր Աստված, այս օրն էլ տեսանք, որ մենք մեր տանը նստած` ՀՀ ապագա նախագահը գալու է մեզ հետ հանդիպումների, որ վրան-գլխին նայենք, լավուվատ անենք, կողմնորոշվենք, թե ինչ մարդ է: Վատ բան չկա դրա մեջ, կարծում եմ, իսկ մեր այն «քաղաքական կիսադեմքերին», որոնք դեռ կես ժամ չանցած սկսեցին պիտակավորել Արմեն Սարգսյանին, խորհուրդ կտայի մի քիչ համբերել, մինչև մենք էլ դառնանք Ֆրանսիա կամ Ամերիկա, որ վերադառնանք նախագահ ընտրելու հին ձևին:

Հավանաբար շատերը կքննադատեն ինձ, եթե ասեմ, որ այս օրերին մեր ժողովուրդը քաղաքական հրաշալի դապրոց է անցնում: Սա դասընթաց է այն մասին, թե ինչու պետք է ԱԺ ընտրությունների ժամնակ ճիշտ ընտրություն կատարել և խորհրդարանում այնպիսի մեծամասնություն գոյացնել, որի համար հետո հարկ չլինի ամաչել կամ փոշմանել: ԱԺ անցած ընտրությունները բոլոր հիմքերը տվել են Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ին` «նախագահ նշանակել» միանձնյա, և դեռ պետք է գոհ լինենք, որ այդ ընտրությունը կանգ է առել մի մարդու վրա, որ «մեր իմացածներից» չէ: Ոզում եմ հավատացնել, որ հաջորդ ընտրությանը մենք ավելի լավ թեկնածու կունենանք, եթե սովորենք ԱԺ ընտրություններում ձայն տալ քաղաքական ուժերի ծրագրերին և ոչ թե 10 հազարանոց թղթադրամին:

Եվ էլի մի կարևոր բանի մասին: Գաղտնիք չէ, որ աշխարհի հզորները հաճախ են իրենց քաղաքական շահերը պարտադրում մյուս երկրներին և դա, հիմնականում, անում են այդ երկրների միանձնյա ղեկավարների վրա ճնշումներ գործադրելով: Վրաստանը և Ուկրաինան տիպիկ օրինակներ են այս տեսանկյունից: Ի տարբերություն Ուկրաինայի, սակայն, Վրաստանն արագ վերագտավ իրեն` անցում կատարելով կառավարման խորհրդարանական համակարգի, ինչն էլ բացառեց կոպիտ միջամտությունը թե Ռուսաստանի և թե Արևմուտքի կողմից: Վրաստանում այսօր չկա այն «ուժեղ» նախագահը, որի կոկորդից բռնեն ու պարտադրեն որևէ քայլ անել: Իսկ ինչ վերաբերվում է վարչապետին, ապա դարձյալ Վրաստանի օրինակով տեսնում ենք, թե ինչպես են նրանք փոխարինում միմյանց առանց ավելորդ ողբերգություններ սարքելու` դրանով չեզոքացնելով նաև դրսի ճնշումները:

Թող մերկապարանոց չհնչի, բայց մեր վիճակում գտնվող երկրի համար, որին ամեն վայրկյան կարող են թուղթ դեմ տալ, կառավարման նոր համակարգը անհրաժեշտ էր օդուջրի նման: Դե հիմա թող քամի գտնեն անապատում, որ իրենց համար Ղարաբաղի հետ կապված ադրբեջանահաճո թուղթ ստորագրի: Կգան նախագահի մոտ, ցույց կտա վարչապետի կաբինետը, կհասնեն տեղ` վարչապետն արդեն հրաժարական տված կլինի կամ ցույց կտա ԱԺ-ն,, իսկ ԱԺ-ում` 101 մարդ, դե արի ու 101-մարդու համոզիր: Գուցե ասեք` անլուրջ է, բայց լո՞ւրջ է, երբ գերտերությունները չեն կարողանում 30 տարում մի հարց լուծել, երբ Բաշար Ասադին պաշտոնանկ անելու համար մի ողջ երկիր են քանդում, երբ մի Սահակաշվիլի իր էքսցենտրիկ էությամբ պատճառ է դառնում, որ ռուսական տանկերը հասնեն Թբիլիսիի մատույցները: Յանուկովիչ, Պորոշենկո` պե՞տք են նրանք Ուկրաինային: Մոլդովան ավելի լուրջ երկիր է այսօր, թեև այդ երկրի կառավարության և նախագահի ջրերը, մի առվով չեն գնում: Մի օր դա էլ կհաղթահարեն նրանք, բայց երբեք չեն հայտնվի այսօրվա Ուկրաինայի վիճակում, որի վերջին նախագահներն իսկական խաղալիք են դարձել դրսի համար:

Մեզ հաջողություն և Աստված պահապան: Նոր իրականություն ենք ոտք դնում, ու թող խերով լինի այս ամենը մեզ համար:

Էդիկ Անդրեասյան

Մեկնաբանություն
X