Իրավունք

Ի՞նչն էր Հանքավանում սպանության դրդապատճառը. նոր դատավարություն է սպասվում

2015թ նոյեմբերի 16-ին Կոտայքի մարզի Հանքավան համայնքում եղբայրներ Վարդան, Վահե Գալստյանների եւ Արմեն Հովհաննիսյանի սպանության քրեական գործը թեւակոխում է նոր դատավարական փուլ: 2 տարուց ավելի տեւած դատավարությունը դադարեցվեց Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանի լիազորություններ դադարեցնելու պատճառով:

Հիշեցնենք, որ երիտասարդ դատավորը 2017թ.-ի սեպտեմբերին դիմում էր գրել՝ խնդրելով դադարեցնել իր լիազորությունները։ Վարդան եւ Վահե Գալստյանների հայրը՝ Ֆրունզիկ Գալստյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, 2 տարի տեւած դատավարությունից պարզ դարձավ, որ իր որդիների սպանության միակ պատճառը հատվող ծառերն են եղել, եւ 2017-ի աշնանը ՀՀ ՔԿ-ի կողմից նոր քրեական գործ է քննվում Կոտայքի մարզի անտառների ծառահատումների և Հանքավանի համայնքի հողային բալանսում ապօրինությունների վերաբերյալ. «Փաստացի առկա անտառը շուրջ 200 հեկտար տարածությամբ համայնքի կադաստրային քարտեզով ներառված է որպես արոտավայր, որը հնարավորություն է տվել ծառահատողներին անարգել կատարել հատումներ: Անտառային տարածքները անօրինական վաճառել են առանց կառավարության համապատասխան որոշումների: Նախաքննության ընթացքում ես իմ ցուցմունքներում և իմ կողմից ներկայացված միջնորդություններում անդրադարձել եմ այդ հանգամանքին, սակայն վարույթն իրականացնող մարմինը այդ ուղղությամբ պատշաճ քննություն չի իրականացրել և առանց սպանության իրական դրդապատճառը պարզելու քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Քրեական գործի նախաքննության ընթացքում սպանություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել Հայրապետ Սեփոյանին և որպես սպանության շարժառիթ է նշվել վրեժը, որն իբրև թե առաջացել է որդիներիս կողմից Հ.Սեփոյանի հորը՝ Գագիկ Սեփոյանին, ծեծի ենթարկելու պատճառով։

Ես անձամբ լուսանկարահանումներ և տեսանկարահանումներ եմ իրականացրել ճամբարին հարակից անտառային գոտում և արձանագրել բազմաթիվ ծառահատումների դեպքեր։ ՀՀ ՀՔ Կոտայքի մարզի քննչական խումբը չի կարողացել բացահայտել, որ Հայրապետ Սեփոյանը սպանությունը կատարել է միայնակ թե խմբով: Ոչ մի տրամաբանություն չկա այն պնդումների մեջ, թե իբր մարդասպանը հոր՝ Գագիկ Սեփոյանի հետ 49 վարկյան տևած հեռախոսազանգի արդյունքում ձևավորված թասիբի համար, 25 կմ ոլորապտույտներով սառցեպատ ճանապարհը գիշերով, Նիվա մակնիշի մեքենան միայնակ վարելով, ինչպես նաև այդ ընթացքում մոտ 7 րոպե տևողությամբ հեռախոսով խոսելով /ստացել է զանգեր և ինքն է կատարել զանգեր/ 17-18 րոպեում անցներ և երեք երիտասարդ մարդկանց 10-15 վայրկյանում գնդակահարեր ու գնար, առանց մի խոսք ասելու:

Անգամ եթե մարդասպանը լիներ ոչ թե մարդ, այլ գերմարդ, ամենագազան, միևնույն է նա չէր կարող գնալ նման քայլի: Ծանոթանալով նյութերին՝ միանգամայն ակներև է դառնում, որ մարդասպանն որևէ լուրջ պատճառ չի ունեցել նման քայլի դիմելու համար: Թասիբի և վրեժխնդրության պատմությունը հորինված է հանցանքը մեղմելու համար: Այս պահին որդիներիս կորստից առավել, ինձ տառապանք է պատճառում այն հարցի պատասխանը, թե ինչու սպանվեցին իմ 3 զավակները, երրորդն իմ որդու ընկերն էր, նրա մահը նույն ցավն է պատճառում ինձ»:

Ֆրունզիկ Գալստյանը պնդում է, որ ձեռք բերված փաստական հանգամանքներից ակնհայտ է, որ սպանությունն իրականացրած Հայրապետ Սեփոյանը սպանությունից 5-6 րոպե առաջ զանգահարել է Դավիթ Քոչարյանին և խոսել 1 րոպե 4 վայրկյան, իսկ սպանությունից անմիջապես հետո կրկին խոսել է Քոչարյանի հետ 45 վարկյան տևողությամբ. «Վերը նշված փաստը հաստատում է, որ Դավիթ Քոչարյանը հնարավոր մասնակցություն է ունեցել սպանությանը, որն իրականացրել է Հայրապետ Սեփոյանը, իսկ նրա մասնակցության շարժառիթը եղել է գույքային, այսինքն՝ որդիներս իրենց գործողություններով թույլ չեն տվել իրականացնել ապօրինի ծառահատումներ և ձեռք բերել մեծ եկամուտներ։ Ավելին ասեմ, ուսումնասիրելով նախաքննության ընթացքում ձեռք բերված նյութերը, ինչպես նաև հեռախոսային վերծանումները և դատավարության ընթացքում տրված վկաների վկայությունները տանում են այն համոզման, որ սպանությունը կատարվել է նախօրոք կազմակերպած գործողությունների արդյունքում, հանցագործ խմբի կողմից»:

Հայրապետ Սեփոյանի հարազատների հետ կապ հաստատել չկարողացանք: Նրա պաշտպան Մխիթար Բեգյանը մեզ հայտնեց, որ այս պահի դրությամբ ոչինչ չի կարող ասել, քանի որ նոր դատավոր է նշանակվել, նորից դատավորություն կսկսվի:

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X