Արդյո՞ք նախագահի պաշտոնից ևս անակնկալ չի՞ հեռանա

Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ, ամենայն հավանականությամբ, Ազգային ժողովը Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահ է ընտրելու նախկին վարչապետ Արմեն Սարգսյանին։

Իհարկե, Արմեն Սարգսյանի թեկնածությունը հավանական տարբերակ է՝ հաշվի առնելով հենց այն հանգամանքը, որ նա, կարծես թե, ամբողջությամբ համապատասխանում է Սերժ Սարգսյանի առաջ քաշած չափորոշիչներին։

Նախկին վարչապետը չափազանց կրթված է, զբաղվում է գիտությամբ, հեղինակություն ունի արտաքին աշխարհում՝ հատկապես Միացյալ Թագավորությունում եւ ԱՄՆ-ում, լայն կապեր ունի Սփյուռքում եւ այսպես շարունակ։ Այս ամենի հետ, սակայն, հարց է առաջանում, թե արդո՞ք Սարգսյանը հեղինակություն ունի Հայաստանում, եւ նրա վարչապետության կարճ ու անփառունակ շրջանը դիտարկվո՞ւմ է որպես քաղաքական գործունեություն, թե՞ ոչ։

1996 թ․ նրա վարչապետ նշանակվելը համընդհանուր ոգեւորության պատճառ էր դարձել։ Երիտասարդ, խանդավառ, ռեֆորմիստի համբավ ունեցող կառավարության ղեկավարը ժողովրդի մոտ որակական փոփոխությունների, կյանքի պայմանների բարելավման հույսեր էր արթնացրել։

Բայց եղավ այն, ինչ եղավ։ Գործին նորից միջամտեցին «սուպեր» նախարարները, եւ ժողովրդի այդ մի «հույսն» էլ ակնթարթորեն անհետացավ։ Վազգեն Սարգսյանն ու մյուսները չէին կարող հանդուրժել ու համակերպվել այն իրողության հետ, որ ինչ-որ օտար մեկը կարող է գալ ու խառնել խաղաքարտերը եւ կասկածի տակ դնել խաղի գործող կանոնները, որոնք հաստատվել էին իրենց կողմից։ Արդյունքում Արմեն Սարգսյանը 4 ամիս վարչապետ լինելուց հետո անակնկալ գնաց արձակուրդ եւ այդպես էլ չվերադարձավ՝ պաշտոնից հրաժարվելով եւ անհասկանալի բացատրություն տալով՝ առողջական վիճակը մեջտեղ բերելով։ Սա, իհարկե, Հայաստանի պատմության խայտառակություններից մեկն է, բայց ինչ արած․ խառնակ ժամանակներ էին։ Մինչ օրս էլ պարզ չէ, թե ի վերջո ինչ եղավ այդ մարդու հետ, նույնիսկ խոսակցություններ շրջանառվեցին, որ Վազգեն Սարգսյանը նրան բռնության է ենթարկել։

Անկախ ամեն ինչից, եթե փորձենք վերականգնել Արմեն Սարգսյանի քաղաքական կերպարը, ապա կստանանք հետեւյալ պատկերը․ տաղանդավոր գիտնական, փորձառու դիվանագետ, հաջողված գործարար, բայց թույլ ու քաղաքական փորձառություն չունեցող գործիչ, այն աստիճան թույլ, որ ի զորու չեղավ կարգուկանոն հաստատել նույնիսկ իր գլխավորած կառավարությունում։

Ասվածի համատեքստում կարելի է ասել, որ իսկապես սիմվոլիկ տեսանկյունից իր կրթվածությամբ, գիտական մտածողությամբ ու բարեկրթությամբ Արմեն Սարգսյանը համապատասխանում է նախագահի պաշտոնին, բայց, միեւնույն ժամանակ, լինելով թույլ եւ քաղաքական հոտառություն չունեցող գործիչ, ամենայն հավանականությամբ, կարող է «խաղալիք» դառնալ Սերժ Սարգսյանի ձեռքում։ Վերջինս նաեւ փորձելու է ամեն կերպ օգտվել Արմեն Սարգսյանի ազդեցիկ կապերից, որոնք նա ունի Եվրոպայում եւ ԱՄՆ-ում։

Բայց ո՞վ գիտի։ Միգուցե նախագահ նշանակվելուց հետո էլ Սարգսյանը երկու ամիս անց անակնկալ հեռանա՝ առանց հրաժարականի դիմումի։ Ներկայումս նույնպես կարծես թե խառնակ ժամանակներ են մոտենում։

Կարպիս ՓԱՇՈՅԱՆ

Մեկնաբանություն
X