Հենոյի շուրջ

Ժոզե Մոուրինիոն, իրականում մեծ դժվարությամբ է համաձայնել Հենրիխ Մխիթարյանի հեռանալուն: Խնդիրն, ասում են, ավելի շուտ ՄՅու ակումբի ղեկավարությունն է առաջ քաշել` ելնելով, հավանաբար, ֆինանսական նկատառումներից: Բայց դեռ պետք էր նաև Մխիթարյանի մասին երգող ֆանատներին համոզել, որ Մխիթարյանն այլևս «այն չէ», և Մոուրինիոյին, կարծես, հաջողվեց «թոզ փչել» հանրահայտ թիմի երկրպագուների աչքերին:

Չի կարելի ասել, թե Արսեն Վենգերն այն մասնագետն է, որ իր թիմի համար խաղացողներ է փնտրում այլ թիմերի պահեստային նստարաններին: Ավելին, նա, մեր կարծիքով, քաջատեղյակ է եղել ՄՅու-ի ներսում խմորի հասունացմանը և առանց աչքը թարթելու է «թռցրել» Մխիթարյանի տրանսֆերը` ՄՅու-ին զիջելով Ալեքսիս Սանչեսին:

Իր ասուլիսի ժամանակ Վենգերը, հաստատելով Սանչես-Մխիթարյան» փոխանակման հնարավորությունը, միաժամանակ նշել է, որ իրեն դուր է գալիս հայ ֆուտբոլիստի խաղը, և որ նրա ֆինանսական պահանջները չեն կարող խոչընդոտել տրանսֆերի կայացմանը: Իսկ այդ պահանջները, որքան հասկացանք, շատ էլ «համեստ» չեն: Transfer.news-ը հաղորդում է, որ Մխիթարյանն «Արսենալի» հետ 4 տարվա պայմանագրի շուրջ է համաձայնության եկել, իսկ նրա աշխատավարձը կկազմի շաբաթական 130 հազար ֆունտ սթեռլինգ` գումարած բոնուսները: Այս կերպ, հայ ֆուտբոլիստը պետք է դառնա «զինագործների» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

Չգիտեմ ինչ կասեն մասնագետները, բայց ըստ իս` անգլիական Պրեմիեր լիգայում հետաքրքիր ինտրիգ է հասունանում «Արսենալ»- «Մանչեսթեր Յունայթեդ» դիմակայության տեսքով, որը վերածվելու է Մաուրինիո-Վենգեր և Մխիթարյան-Սանչես զույգերի մենամարտի: Միմյանց ոչնչով չզիջող թիմեր, մարզիչներ, ֆուտբոլիստներ… Ավելացնենք սրան Մխիթարյանի մարզական չարությունը, որ հետևանք է փոխարինողների նստարանին նստելու, և կարելի է վստահ ասել, որ տիտղոսակիր այդ թիմերի հանդիպումները կվերածվեն գավաթային եզրափակիչների:

Էդիկ Անդրեասյան

Մեկնաբանություն
X