Ո՞ւմ հաշվին են նվերներ բաժանել Կոտայքի թեմի առաջնորդը եւ Երկրապահ կամավորականների միությունը

Ամանորից առաջ «Երկրապահ կամավորականների միությունը» եւ Կոտայքի թեմի առաջնորդը գրություններ են ուղարկել համայնքապետարաններ՝ դրամական օգնություն ստանալու համար: Համայնքապետերը չեն մերժել գրությունը եւ բյուջեից որոշակի գումարներ են տրամադրել: Օրինակ՝ Նոր Հաճնի քաղաքապետը 300 հազար դրամ է հատկացրել «Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցի Կոտայքի թեմին» կարիքավոր երեխաների աջակցության համար:

Ցանկը կարելի է շարունակել: Կոտայքի թեմի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ Հրազդանի Սբ.Աստվածածին եկեղեցում, Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արք. Քարամյանի օրհնությամբ, ռուսաստանաբնակ եկեղեցանվեր հայրենակիցներ Մուրադ, Մհեր և Մելանյա Գրիգորյանների միջոցներով, Կոտայքի «Երեխաների Աջակցության» հիմնադրամի շուրջ 150 շահառուների բաժանել են ամանորյա նվերներ և Նոր Կտակարաններ:

Կեչառիս վանական համալիրում, Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արք. Քարամյանի օրհնությամբ և կրկին ռուսաստանաբնակ Մելանյա, Մուրադ և Մհեր Գրիգորյանների միջոցներով, Հրազդան քաղաքի թիվ 11 դպրոցի ներառական կրթություն ստացող երեխաների համար ամանորյա նվերներ էին պատրաստել:

Քանի՞ համայնքների ղեկավարների է դիմել եւ որքա՞ն օգնություն է ստացել, եւ ի՞նչ ուղղությամբ են ծախսվել գումարները, հարց ուղղեցինք Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արք. Քարամյանին. «Ես հեռախոսով հարցերին չեմ պատասխանում կարող ենք դեմ առ դեմ հարցազրույց տալ: Ամանորի հետ կապված էր, որ նվերներ բաշխեցինք 11 դպրոցի երեխաներին եւ Կոտայքի «Երեխաների Աջակցության» հիմնադրամի շահառուներին եւ սոցիալապես անապահով ընտանիքներին»:

Փորձեցինք ճշտել՝ որքա՞ն գումար են տրամադրել համայնքների ղեկավարները, Կոտայքի թեմի առաջնորդն անջատեց հեռախոսը եւ մեր զանգերին չպատասխանեց:

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X