Բաց նամակ Այաթոլլահ Ալի Խամենեին

Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն հրամանատար, հոգեւոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին

Մեծարգո առաջնորդ, մենք հանդիսանում ենք Իրանում ճանաչված հայտնի գործարար, թավրիզաբնակ հանգուցյալ, քաղաքի Բաբա Բեկ Մելիք Մուշկամբարյանի (Բաբա-Խան) (1867-1930) ժառանգները:

Նրա մահից հետո շահի գահակալման տարիներին ընտանիքը ենթարկվելով բազմաթիվ հալածանքների տիկնոջ` Նարինգյուլ Մուշկամբարյանի ուղեկցությամբ 12.06.1946թ. հարկադրված ներգաղթել է Թավրիզից Հայաստան: Բաբա-Խանի կինը` մեր տատիկը, բազմիցս պատմել է մեզ ամուսնու կատարած խոշոր ներդրումների մասին, մասնավորապես` Թավրիզ քաղաքում: Դրանք են՝ առաջին գյուղփոխբանկը, դպրոց, մանկապարտեզ, եկեղեցիներ, խանութներ եւ բազմաթիվ հասարակական շենք-շինություններ: Նրան են պատկանել նաեւ Ատրպատական գավառից 29 գյուղեր: Մահից առաջ՝ 1969թ., տիկին Նարինգյուլը մեզ պատգամել է․ «Էսպես չի մնա, ճանապարհներն ի վերջո կբացվեն, եւ դուք կգնաք Ձեր պապիկի շիրիմին խունկ ծխելու, որը գտնվում է Ատրպատական նահանգի Կարաթորփախ գյուղի եկեղեցու բակում»: 2000թ. Բաբա-Խանի մահվան յոթանասունամյա տարելիցի կապակցությամբ մենք եղել ենք Իրանում, նրա շիրիմին: Այդ ընթացքում այնտեղ տեղեկացանք, որ Հայաստան-Իրան էլեկտրաէներգիայի առաջին պայմանագրից հետո երկրի արդարադատության նախարարությունը հայտարարությամբ փնտրում է Բաբա-Խանի ժառանգներին, քանի որ էլէներգիայի հենասյուներն անցնում են նրա կալվածքի տարածքով:

Այս պահին կալվածքը վարձակալված է Թավրիզի առաջնորդարանի կողմից, որն էլ, օգտվելով ժառանգների բացկայությունից, կատարել է որոշակի անօրինական առքուվաճառք:

Մեծարգո առաջնորդ, նշենք, որ 2004թ. մեր ձեռքում են գտնվում Ատրպատական նահանգի Քյալեյբար քաղաքում գտնվող արդարադատության նախարարության կալվածքների արձանագրման գրանցման վարչության պետ պրն Հաշեմիի կողմից մեզ տրված համապատասխան փաստաթղթերը` դատական հայց ներկայացնելու առնչությամբ: Դիմել ենք Իրանական իրավաբանների իրավաբանական օգնությանը` Սաբեր Ջաֆարի Թաբանին` Թավրիզից, եւ Մեջլիսի իրավաբան Խալիլ Բահրամեանին` Թեհրանից: Վերջինս մեզնից գանձել է երկու միլիոն ռեալին համարժեք ԱՄՆ դոլար՝ գործը դատարան ներկայացնելու համար, եւ այսպես երկուսն էլ խաբել են մեզ:

02.09.2014թ. «Առավոտ» օրաթերթով դիմել ենք Իրանի նախագահին եւ հոգեւոր առաջնորդին, բայց ոչ մի արձագանք չենք ստացել:

Տեղեկացնենք, որ այդ առիթով հինգ անգամ եղել ենք այդ երկրում, բայց ոչ մի արդյունքի չենք հասել:

21.08.2015թ դիմել ենք Հայաստանում Իրանի դեսպանատուն՝ դիմում հղելով երկրի հոգեւոր առաջնորդին, մեր խնդրին վերջնական լուծում ստանալու ակնկալիքով: Ցավոք, մինչեւ այսօր դեսպանատունը մեզ ոչ մի պատասխան չի տալիս տվյալ դիմումի վերաբերյալ: Ավելին՝ դեսպանատան հյուպատոս պարոն Ֆադավին մեզ հորդորում է, որ վեցերորդ անգամ գնանք իրենց երկիր եւ դիմենք երրորդ իրավաբանին:

Հավելենք նաեւ, որ բաց նամակը թվով 4-րդ դիմումն է, որ հղում ենք Ձեզ` հուսով, որ վերջապես արձագանք կստանանք:

20.10.2017 եւ 14.11.2017թթ․ սույն ամսաթվերով միաժամանակ դիմել ենք դեսպանատուն՝ հոգեւոր առաջնորդ պրն Խամենեին եւ արդարադատության նախարար պրն Մոստաֆա Պուր-Մոհամմադսին: Ցավոք, մինչեւ այսօր ոչ մի պատասխան չենք ստացել:

Հարգելի պրն առաջնորդ, մենք ներկայացնում ենք մանկավարժի ընտանիք, լինելով երկրորդ կարգի հաշմանդամ թոշակառու՝ այլեւս իզորու չենք վեցերորդ անգամ լինել Իրանում ո՛չ ֆիզիկապես եւ ո՛չ էլ ֆինանսապես: Հարգելի պրն Խամենե, 1930 թ․ ի վեր, մինչեւ իսլամական հեղափոխությունը, Բաբախանի անունը երբեւէ չի հիշատակվել եւ քննարկվել Իրանում, այդ միայն իսլամական հեղափոխությունից հետո է նրա գոյության փաստն արձանագրվել, ինչը մեզ մեծ հույս է տալիս, որ իսլամական արդարադատությունն էլ Ձեր անմիջական միջնորդությամբ եւ օժանդակությամբ ի վերջո վերջնականապես լուծում կտա այսքան տարիներ մեր ոտնահարված իրավունքները վերականգնելու ակնկալիքով:

Կանխավ հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը:

Բաբա-Խանի ժառանգների անունից՝ Անահիտ Սմբատի Գեւորգյան (Մուշկամբարյան)

Մեկնաբանություն
X