Սերժ Սարգսյանի հյուսած սարդոստայնը

Ինչպես երեւում է, մինչեւ մայիս Հայաստանի ներքին անցուդարձն ավելի հետաքրքիր է լինելու, քան տարածաշրջանային ու միջազգային զարգացումները: Ամենից հետաքրքիր կլինի, իհարկե, փետրվարին:

Նախ այն պատճառով, որ 2018-ի փետրվարին լրանում է ղարաբաղյան շարժման 30 տարին: Իհարկե, այդ շարժման արդյունքում ծնված ղարաբաղյան խնդիրն արդեն երեք տասնամյակ միայն վնասել ու վնասում է Հայաստանին, սակայն 1988-ի շարժումն էր, որ իրականություն դարձրեց Հայաստանի անկախությունը, իսկ դա այնպիսի ձեռքբերում է, որի կողքին ամեն բացթողում, կորուստ ու զրկանք էլ կարող է ներվել:

Այնուհետ այս փետրվարին լրանում է «հայտնի ուժերի» նախաձեռնած 1998-ի պետական հեղաշրջման եւ Տեր-Պետրոսյանի` ՀՀ նախագահի պաշտոնից հեռանալու քսաներորդ տարին: Քսան տարի առաջ հազիվ թե ՀՀՇ-ի մենիշխանությունից հոգնած հայաստանյան հասարակությունը պատկերացներ, թե ինչ աղետաբեր հետեւանքներ կունենա Տեր-Պետրոսյանի հրաժարականը Հայաստանի համար: Եթե հրաժարական ներկայացնելու փոխարեն Տեր-Պետրոսյանը հայտնի ուժերին ու դրանց պարագլուխ, հետագայում ՀՀ նախագահի աթոռն զբաղեցրած Ռ. Քոչարյանին ժամանակին պաշտոնանկ աներ եւ վնասազերծեր, այսօր կունենայինք գուցե ԵՄ անդամ Արեւելյան Եվրոպայի երկրներից էլ ավելի բարգավաճ ու ծաղկող Հայաստան` ղարաբաղյան հակամարտության ճահճի մեջ խեղդվող ու պատերազմի շանտաժով արտաքին ազդեցությունների ենթակա դարձած երկրի փոխարեն: Այն, ինչ սերունդներն էլ, պատմությունն էլ պիտի դժվարանան ներել Տեր-Պետրոսյանին, 1998-ի հեղաշրջումը չկանխելն ու դրան չհակազդելն էր, ինչի արդյունքը եղավ 1999-ի ահաբեկչությունը երկրի Ազգային ժողովում եւ դրան հետեւած Հայաստանի անշեղ ընթացքը դեպի անդունդ: Չլիներ Եվրոպական միությունը, երբեւէ անդունդից դուրս գալու հույս էլ չէր մնա:

2018-ին նաեւ շատ ցավալի կորստյան ու ողբերգության` 2008-ի Մարտի 1-ի տասներորդ տարելիցն է: Այդ տասը զոհերի հիշողությունը չի խամրում եւ չի էլ կարող խամրել հանրային գիտակցության եւ հիշողության մեջ, քանի դեռ ղարաբաղյան կլանը Հայաստանում չեզոքացված չէ, եւ Մարտի 1-ի հանցագործ հրամաններ արձակողներն ու ՀՀ զինված ուժերը Երեւանի փողոցներ բերողները արդարադատության առջեւ չեն կանգնել եւ չեն պատժվել իրենց քստմնելի հանցագործության համար:

Վերջապես՝ 2018-ի փետրվարը հետաքրքիր է ինքնին, քանի որ հենց փետրվարին պաշտոնապես կհայտարարվի, թե ովքեր են առաջադրվում ՀՀ նախագահի եւ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոններում: Այս երկու պաշտոնները միասին վերցրած առանցքային են մնում եւ նույնիսկ հիմնական են դառնում Հայաստանում, որքան էլ արհեստականորեն իլյուզիաներ տարածվեն, թե իբր իշխանությունը նոր սահմանադրությամբ կենտրոնանում է վարչապետի ձեռքում: Եթե այդ նոր վարչապետը ո՛չ բանակի հրամանատարական կազմ է նշանակելու (ՀՀ սահմանադրություն, հոդված 133), ո՛չ դեսպաններ (հոդված 132), ո՛չ նախարարներ կամ փոխվարչապետներ (հոդված 150), ո՛չ էլ նույնիսկ օրենքների ուժի մեջ մտնել-չմտնելուն է կարողանալու միջամտել (հոդված 129), ապա նա, ըստ էության, ինչո՞վ է տարբերվելու ներկայիս վարչապետից: Նրանով, որ 2015թ․ դեկտեմբերի 6-ի հանրաքվեով փոփոխված Սահմանադրության մի կետում գրված է, թե «Պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարը վարչապետն է»: Բայց Հայաստանն այդ ե՞րբ կամ ո՞ւմ դեմ պիտի պաշտոնապես պատերազմի մեջ մտնի, որ վարչապետն էլ գերագույն հրամանատարություն ստանձնի: Պարզ է, որ դա սնամեջ դրույթ է: Իսկ խաղաղ ժամանակներում ՀՀ ԶՈՒ բարձրագույն զինվորական պաշտոնյան գլխավոր շտաբի պետն է, որը ենթարկվում է պաշտպանության նախարարին, եւ որին նշանակում է ՀՀ նախագահը:

Այնպես որ, եթե խորը նայես, Հայաստանում ոչ թե խորհրդարանական ղեկավարման համակարգ է ներդրվում, այլ մի իրավիճակ է հաստատվում, որտեղ ոչ ոք լիարժեք իշխանության չի տիրապետելու՝ մինչեւ ներկա Սահմանադրության հաջորդ փոփոխությունը: Իսկ դա նշանակում է, որ ռեալ իշխանությունը կհայտնվի նրա ձեռքում, ով կկարողանա քաղաքական ազդեցության ակկումուլյացիա ապահովել: Դա նույն հաջողությամբ կարող է կատարել նախագահը, վարչապետը կամ փոխվարչապետներից մեկը: Իսկ իրականում Սերժ Սարգսյանի հյուսած սարդոստայնի իմաստն այն է, որ երկրում իշխանության լիարժեք կրող չլինի, եւ ինքն առանց պաշտոն զբաղեցնելու, խորհրդարանում ՀՀԿ-ական բիոմասսայի հաշվին, գոնե մինչեւ հաջորդ խորհրդարանական ընտրություններ կամ Սահմանադրության փոփոխություն երկրում դերակատարություն ունենա: Սերժ Սարգսյանը դերակատարություն կունենա, թե սեփական սարդոստայնի մեջ կխճճվի եւ ՀՀԿ-ի հետ ասպարեզից կհեռանա, ոչ այնքան հեռու ապագայում կտեսնենք: Այլ հարց, որ քանի դեռ ՀՀԿն եւ ԲՀԿ-ն իշխանական դաշտում են, այնտեղ պետք է լինի նաեւ Սերժ Սարգսյանը։

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X