2016թ․ նույն «Freedom House»-ը գնահատեց մեր երկիրը որպես «համախմբված ավտորիտարիզմ»․ Արթուր Սաքունց

Հունվարի 16-ին «Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2017թ․ հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ուսումնասիրության առարկա դարձած 195 երկրներին եւ 14 տարածքներին վերաբերող զեկույցը։ Հայաստանը դասակարգվել է «մասամբ ազատ» երկրների շարքում։ 7 բալանոց համակարգում Հայաստանը ստացել է 4,5 միավոր։ Ուշագրավ է, որ 7 բալանոց համակարգում Հայաստանի քաղաքացիական ազատությունները ստացել են 4 բալ, իսկ քաղաքական ազատությունները՝ 5, մեկ միավորով ավելի ցածր։ Զեկույցում հիշել են նաեւ 2017թ․ ապրիլին կայացած ԱԺ ընտրությունները՝ նշելով, որ անբարեխիղճ ընտրությունները ի ցույց դրեցին ժողովրդավարական նորմերի շարունակական անկումը Հայաստանում։ Նշվել է նաեւ, որ իշխող կուսակցությունը իշխանությունը պահելու նպատակով դիմեց ընդդիմության նկատմամբ ոտնձգությունների, ընտրողներին ահաբեկելու միջոցներին եւ վարչական ռեսուրսի չարաշահումներին։

Իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հիշեցնում է, որ ոչ միայն 2017թ․, այլեւ 2016թ․ էլ ենք համարվել «մասամբ ազատ» երկիր։ ««Freedom House»-ն համակողմանի է գնահատում։ Այսինքն՝ ինստիտուտների գործունեությունը դիտարկում է ոչ միայն նրանց անմիջական գործողություններով, այլ նաեւ այդ ինստիտուտների գործունեության համար անհրաժեշտ պայմանների՝ ֆինանսավորման, օրենսդրական, որոշումների կայացման մասնակցության սահմանափակումներով։ Եվ «Freedom House»-ն տվել է օբյեկտիվ գնահատական։ 2016թ․ էլ քաղաքական ազատությունները լրջորեն սահմանափակվեցին, նկատի ունեմ ճնշումները, քաղբանտարկյալների առկայությունը, 2017թ․ էլ շարունակվում է, չկա առաջընթաց։ Եվ ապրիլին տեղի ունեցած ԱԺ ընտրություններն անցան համատարած խախտումներով, տեղի ունեցավ մեխանիկական քվեարկություն, քանի որ չկար մրցակցություն։

Քաղաքական հավակնություններ ունեցողները զրկված են ֆինանսավորման հնարավորությունից, ամբողջ տնտեսական դաշտը վերահսկվում է»,- ասաց իրավապաշտպանը։ Նա հիշեցնում է, որ 2016թ․ նույն «Freedom House»-ը գնահատեց մեր երկիրը որպես «համախմբված ավտորիտարիզմ»։ «Եվ հիմա այդ գնահատականը Հայաստանի իշխանությունները «փայլուն» հաստատեցին ԱԺ ընտրությունների ժամանակ։ Դե ֆակտո ձեւավորվեց քաղաքական կայուն մեծամասնություն՝ ի դեմս մեկ կուսակցության գերակայության։ Ես անազատ եմ համարում Հանրային հեռուստաընկերությունում խոսքի ազատության սահմանափակումը, որը երկար ժամանակ չի լուծվում։ Այդ ամենն, իհարկե, փոխհատուցվում է սոցիալական ցանցերով, կայքերով, տպագիր մամուլով։ Իսկ հարկատուների հաշվին գոյատեւող Հանրային հեռուստաընկերությունը ամբողջովին անազատ է բազմակարծության համար»,- գնահատում է Արթուր Սաքունցը։

Մեկնաբանություն
X