Մարդ կարա՞ առանց փող 1 ամիս ապրի. հաշմանդամ ազատամարտիկը չի ստացել թոշակը

Հրազդան քաղաքի բնակիչ՝ հաշմանդամ ազատամարտիկ Սամվել Թադեւոսյանը հունվարի ամսվա թոշակը դեռ չի ստացել: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ 1 շաբաթ է փոստից գնում է զինկոմիսարիատ, զինկոմիսարիատից՝ Երեւան, բայց ցուցակներում անունը չկա. «Ես ազատամարտիկ եմ, սրանց համար եմ կռվել, որ թոշակս չկարողանա՞մ ստանալ: 10 տարի է Հրազդանի վայենկոմատից եմ թոշակ ստացել, նույն հասցեով, որտեղ հիմա ապրում եմ, հիմա ասում են թոշակը փոխել են սոցապ նախարարություն: Գնում եմ նախարարություն, ասում են ձեր հասցեն մեր բազայում չկա: Հանել եմ անձնագիրս տվել եմ, ասում եմ՝ նայեք, 10 տարի ես այս հասցեով եմ թոշակ ստացել: Աշխատանք չունեմ, ապրում եմ 50 հազար դրամ թոշակով: Մարդ կարա՞ առանց փող 1 ամիս ապրի, հեսա կգան լույսը կանջատեն, ես ի՞նչ ասեմ: Էլեկտրիկին շատա՞ հետաքրքրում դու թոշակ ստացել ես, թե չէ: Միայն ես չեմ, իմ հետ կռված մի քանի տղաներ էլ կան, որ թոշակը չեն ստացել»,-ասաց Սամվելը: Սոցապ նախարարությունից ի պատասխան մեր հարցին, թե ինչո՞ւ քաղաքացին դեռ թոշակ չի ստացել, ասացին, որ տվյալ քաղաքացու բազային հասցեն չի համապատասխանել իրենց ներկայացրած հասցեին, բազայում էլ են փոփոխություններ եղել, փետրվարի ամսին կստանա 2 ամսվա թոշակը: Իսկ թե ինչպես է մարդն այս ամիս ապրելու, ոչ մեկին չի հետաքրքրում։

Ստացվում է, որ որոշ կառույցներ այնքան են անգործություն մատնվել, որ անգամ ճիշտ հասցե չեն կարողանում ուղարկել, որի արդյունքում տուժում է քաղաքացին:

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X