Բարև, Լևոն

Բարև Լևոն ջան, Ջավախյան Լևոն:

Ո՞նց ես, այ տա, էս ինչո՞ւ է «էրեսատեղը» այսպես թնդում անվանդ շուրջ: Հա, հա, էրեսատեղ ասելով` «Ֆեյսբուքը» նկատի ունեմ, էս ի՞նչ ես արել, էդ ո՞վ էր լեզվիցդ քաշըմ, որ ըսենց բան ասես, ու ասածդ էլ հմի ոչ էնա լուրջ ա ընկալվըմ, ոչ էնա` անլուրջ::

Կներես, ես քու իլլաջը չունեմ, Լևոն ջան, մեր բարբառով չեմ կարալ երգար գրեմ, սխալներ եմ անըմ: Այնպես որ, բարեկամ, թույլ տուր գրական լեզվի անցնել, որ կարողանամ վերջացնել ասելիքս:

Կարդացի: Գրել ես. «Ես հանդես եմ գալիս քաղաքացիական նախաձեռնությամբ. Որպես Հայաստանի հանրապետության նախագահի առաջադրում եմ Վազգեն Մանուկյանի թեկնածությունը»: Ասեմ` արդեն երեք օր է ցնցված եմ ու վերջը որոշեցի արձագանքել, բայց ոչ «Ֆեյսբուքում» որտեղ շունը տիրոջը չի ճանաչում, այլ այսպես, որ դու էլ կարդաս:

Ուզում եմ ասելիքս սկսել քեզ ուղղված մի հարցով` Լևոն ջան, Հայաստանում կա՞ մի ուրիշ գրող, որ չի դիմացել ու այս օրերին նախագահի թեկնածություն է տվել: Ես չգիտեմ, իսկ դո՞ւ: Եթե դու էլ չգիտես, ոչինչ, ամոթ բան չկա դրա մեջ, և իսկապես, չի բացառվում, որ դու մեր գրական աշխարհի միակ ծաղիկն ես, որ այդպես անբռնազբոսիկ կերպով, թույլ տուր ասել` գեղավարի, նախագահի թեկնածություն ես առաջադրել:

Ասում ես` արածդ «քաղաքացիական նախաձեռնություն է», հա՞: Ի՞նձ ես խաբում, թե՞ նախագահի պալատ գնացողները մի քանի ժամում «քաղաքացիական» են դառնում: Քաղաքացի Ջավախյան… վայ ես կմեռնեմ հիմա: Մի քանի կարգին մարդու էի ճանաչում, մեկն էլ, ահա, աչքիս առաջ ձեռից գնում է:

Ինձ սխալ չհասկանաս, Լևոն ջան: Եթե դու Կոլումբոսի թեկնածությունն էլ առաջադրեիր ՀՀ նախագահի պաշտոնի համար, ինձ ոչ թե Կոլումբոսն էր հետաքրքրելու, այլ դա` քո այդ «քաղաքացիական նախաձեռնության» փաստը: Ինձ դա է ցնցել, ու հիմա վախեցած մտածում եմ, որ եթե հանկարծ Վազգեն Մանուկյանին նշանակեն ՀՀ նախագահ, Լևոն Ջավախյան գրողը, մտավորականը, կերպարը տեղնուտեղը կմեռնի, ու մարդկանց հոգու միջից կվերանա այն հրաշքը, որ աշխարհից վերացած, բարու հետևից ընկած արարել ես այսքան տարի:

Կուզենայի, որ աչքերդ չչռեիր վրաս, այլ խոստովանեիր, թե ով է բզել քեզ` նման բան գրել: Հանկարծ ինձ էլ չմեղադրես, թե ուզում եմ վարկաբեկել կարծիքդ: Այդ տեսակ կարծիքները իմ իմացած Լևոն Ջավախյանը պետք է փորում պահեր և ոչ թե պոչը խուզած խառնվեր «Ֆեյսբուքի» ջահելներին ու մատի փաթաթան դառնար:

Բայց քեֆդ քոք պահիր, Լևոն ջան: Բաներ կան, որ քեզ դժվար կկպչեն, ինչքան էլ կպցնողը շատ է: Դրանց մեծ մասը, ուզես, թե չուզես, քո ընթերցողն է, քեզ իմացողը, քեզ գնահատողը, որ «քաղաքացիական նախաձեռնությանդ» մեջ քեզ չի ճանաչել: Էս է, մի սիրուն բան կգրես ու… Չարենցի ասած` Օրերը ծուխ կըլին, տարին կմնա…

Էդիկ Անդրեասյան

Մեկնաբանություն
X