Խառնաշփոթ և անելանելի իրավիճակ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում

Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը ուսումնական տարվա կեսին հայտնվել է ծանր վիճակում, քանի որ մի քանի օր առաջ դեռ պաշտոնակատար, իսկ հունվարի 11-ից արդեն Կառավարության նիստով հաստատած ռեկտոր Կարինե Վիլիկի Հարությունյանին արդեն հաջողվել է մի քանի ամիսների ընթացքում բուհը հասցնել կաթվածահար վիճակի:

2017 թվականի վերջին գիտխորհրդի նիստին, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 26-ին, առանց գիտխորհրդի անդամներին ըստ ընթացակարգի երեք օր առաջ իրազեկելու, ռեկտորը իր էլեկտրոնային կրիչից տեղեկատվություն հրամցրեց գիտխորհրդի անդամներին և մի քանի րոպեի ընթացքում ցույց տվեց բուհի նոր կառուցվածքը, որը հաստատվեց գիտխորհրդի անդամների կողմից: Այնուհետև հաջորդ օրը նոր կառուցվածքը և հաստիքացուցակը, որը չէր ներկայացվել գիտխորհրդի անդամներին, ուղարկվեց համալսարանի խորհրդի անդամներին՝ հաստատման: Այն ստորագրվեց անդամների կողմից դեկտեմբերի 29-ին և ըստ բուհի ղեկավարի անձնական մտահղացման, ուժի մեջ մտավ 2018 թվականի հունվարի 1-ից: Այսինքն, առանց անձնակազմին տեղեկացնելու երկու ամիս առաջ փոփոխությունների մասին, գործի մեջ դրվեց կամայական որոշումը: Իսկ հունվարի 8-ին անակնկալի եկան աշխատակիցները, որոնց ստիպեցին հետին թվով ազատման դիմումներ գրել հաստիքները լուծարելու պատճառով, կամ այլ աշխատանքի անցնելու նպատակով: Բացառությամբ մի քանի հոգուց, բուհի աշխատողների մեծ մասից հաջողվեց կորզել հետին թվով դիմումներ, քանի որ ճարահատյալ աշխատակիցները տարակուսանքի և շփոթմունքի մեջ վախեցան զրկվել աշխատատեղից, իսկ մի քանիսն էլ մեր տեղեկություններով դիմեցին դատարան՝ իրենց աշխատանքային իրավունքները վերականգնելու նպատակով:

Զավեշտն այն է, որ ուսումնական տարվա կեսին, առանց նոր ռազմավարական ծրագիր ձեռքի տակ ունենալու, ռեկտորը վերակազմավորեց նույնիսկ բուհի ֆակուլտետները, և այժմ ուսանողները հարկից հարկ, ֆակուլտետից ֆակուլտետ են գնում, որպեսզի իմանան իրենց հուզող հարցերի պատասխանները: Նոր դեկանները և դեկանի տեղակալները դեռ չգիտեն, թե ինչ և ինչպես են անելու:

Նոր կառուցվածքը անտրամաբանական է, քանի որ լուծարվել են ուսումնական գործընթացին վերաբերող մի շարք կարևոր հաստիքներ, և փոխարենը ընդլայնվել են մի քանի բաժիններ․ գնումների բաժինը /մեկ աշխատողի փոխարեն բաժնի ղեկավարի և մեկ գնումների մասնագետի հաստիքներ, շենք և շինությունների վարչությունը նախկինում ուներ մեկ աշխատակից, որն ուներ տարաբնույթ պարտականություններ, իսկ նոր կառուցվածքով վարչությունը կունենա վարչության պետ, պետի տեղակալ և ինժեների հաստիքներ, նորաստեղծ ֆինանսական վարչությունում ավելացվել է երեք դրամաշնորհային մասնագետի հաստիքներ և այլն: Դրանք համալսարանի ռեկտորը ավելի կարևոր է համարում, քան համալսարանի անգլերենի հնչյունաբանության և քերականության ամբիոնը, որտեղ լուծարվել է 30-ից ավելի հաստիք, ֆրանսերենի ամբիոնը, որը համարվում է թողարկող ամբիոն, և այն միանալով եվրոպական լեզուների ամբիոնին, այսուհետ կոչվելու է ռոմանական լեզուների ամբիոն և այլն:

Ռեկտորի անօրինականությունները չեն սահմանափակվում կառուցվածքով, դեկտեմբերին նա կազմակերպեց դրամահավաք բոլոր աշխատակիցներից՝ հայտարարելով, որ ստեղծում է հիմնադրամ, և տարբեր հաստիքներ զբաղեցնող անձինք զոհաբերեցին 500-ից մինչև 50 000 դրամ: Նույնիսկ համալսարանի հավաքարարներից գումար հավաքվեց «կամավոր-պարտադիր» սկզբունքով, և նրանք բուհի զարգացմանը տրամադրեցին 500 դրամ իրենց նոյեմբերի աշխատավարձից: Առ այսօր աշխատակիցները այդպես էլ չիմացվեց, թե ինչ հիմնադրամ էր ստեղծել ռեկտորը, որտեղ է այն գրանցվել, ինչ գումար հավաքվեց, և այլն:

Կարծում ենք, արժի, որ համապատասխան մարմինները իրազեկ լինեն անօրինական բարձիթողի վիճակից և միջոցներ ձեռնարկեն բուհը փրկելու ուղղությամբ: Այս պահին ընթանում են քննություններ, և ուսանողների շատ հարցեր մնում են անպատասխան, թեև ուսանողները վճարում են ուսման վարձ և իրավունք ունեն ստանալ հուզող հարցերի վերաբերյալ տեղեկատվություն և աջակցություն:

Մարինե Բաղրամյան

Մեկնաբանություն
X