Ես ժողովրդից լավ գիտեմ, թե ինչ է նրան պետք

ժողովրդավարությունը (դեմոկրատիա) ժողովրդի իշխանությունն է: Ժողովուրդը իր իշխանությունը իրացնում է իր իսկ կողմից ընտրված ներկայացուցիչների միջոցով. սա արևմտյան ժողովրդավարության մոդելն է:

Սակայն ժողովրդավարությունը, ավելի լայն իմաստով, հասարակության կոնսոլիդացումն է ամեն մի անհատի իրավունքների և ազատությունների գերակա լինելու գաղափարի շուրջ. այդ առումով միակուսակցական Սինգապուրը նույնպես կարելի է համարել ժողովրդավարական երկիր, ու ընտրություններով իշխանություններ ձևավորելու մոդելը միշտ չէ, որ պարտադիր է ժողովրդավարության համար, առավել ևս, որ ոչ միշտ է ընտրություններով ձևավորվող իշխանություններ ունեցող երկրներում ժողովրդավարություն հաստատվում, օրինակ Ռուսաստանում Պուտինը ու իր իշխող կուսակցությունը իսկապես ընտրությունների արդյունքում ամենաշատ ձայներն են հավաքում, սակայն Ռուսաստանը ժողովրդավարության հետ ընդհանրապես ոչ մի աղերս չունի, քանի որ ռուսաստանցիները քաղաքակրթական այլ մոդելի են պատկանում, և արևմտյան ժողովրդավարության մոդելը իրենց մոտ չի գործում:

Կարճ ասած, Ռուսաստանում դեմոս համարյա գոյություն չունի, որպեսզի այնտեղ դեմոկրատիա լինի, ռուսաստանցիները մենթալ առումով հպատակներ են, այլ ոչ թե ազատ քաղաքացիներ (դեմոս), նույնն է նաև Հայաստանում, ես արդեն այս խնդրին անդրադարձել եմ. «դեմոկրատիա» բառը «ժողովրդավարություն» թարգմանելը ամենամեծ սխալն է թերևս, որովհետև ամեն մի ժողովուրդ չէ, որին կարելի է դեմոս համարել, կամ, ավելի ճիշտ, ժողովուրդը միշտ չէ, որ կարող է համապատասխանել «դեմոս» եզրույթին:

Ելնելով այս ամենից, առաջին պլան է մղվում էլիտայի և ժողովրդի մյուս շերտերի փոխհարաբերության խնդիրը. կհամաձայնվի՞ արդյոք իշխող էլիտան կոնսոլիդացնել հասարակությունը ամեն մի անհատի իրավունքները գերակա հայտարարելու և այն իրացնելու գաղափարի շուրջ, թե ոչ: Սա կախված է արդեն էլիտայի որակից: Սինգապուրում, օրինակ, էլիտան այդպիսին գտնվեց: Կամ երբ Իսրայելի հիմնադիր Բեն Գուրիոնի մերձավոր ընկերները նրան ասում էին, որ քո այս և այս որոշումները հասարակությունը չի ընդունում, հետ կանգնի այդ քայլից, որովհետև ժողովուրդը համաձայն չի դրա հետ, նա ասում էր,- «Բայց չէ՞ որ ես իրենցից շատ ավելի լավ գիտեմ թե ինչն է իրենց համար ավելի լավը, ու ինչը պիտի առաջնահերթ լինի հրեաների համար»: Այո, Բեն Գուրիոններ ունեցող էլիտան իրավունք ունի թերևս ազգի փոխարեն որոշելու, քանի որ այդ էլիտան ազգի ցավով է ապրում, ու, առանձին առանձին վերցրած, ազգի ամեն մի անհատի ցավով է ապրում, քանի որ այդ էլիտան իսկական էլիտա է, որը ունի բարոյականություն, կրեատիվ միտք ու նվիրական իդեալներ, և որը պատրաստ է հանուն այդ իդեալների գնալ ինքնազոհողության:

Բայց ցանկացած էլիտա լճանալու և արդյունքում նեխվելու հատկություն ունի, և հենց դրա համար էլ, եթե ազնիվ է նա իր ժողովրդի հանդեպ, պիտի ժողովրդավարության արևմտյան մոդելը ներդնի սեփական երկրում, քանի որ այն ամենաէֆեկտիվն է, ու անգամ Ռուսաստանի նման ավտորիտար հզոր ավանդույթներ ունեցող երկրներում, եթե լինի խոսքի, խղճի ու համոզմունքների ազատություն, ու հաստատվի արդարադատություն և, դրան որպես հետևանք, սեփականության իրավունքի անձեռնմխելիություն, ապա այդպիսի երկրներում նույնպես արևմտյան ժողովրդավարության մոդելը կսկսի աշխատել։

Թորոս Ալեքսանյան

Մեկնաբանություն
X