Դե, որ մի 50-100 հազար մարդ պահանջում են, մենք ո՞վ ենք, որ չգնանք իշխանափոխության

«Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն այսօր անդրադառնալով հունվարի 19-ին «Ելքի» նախաձեռնած բողոքի երթին՝ ընդդեմ թանկացումների, ասաց, որ իշխանությունն, անշուշտ, այս երթից մտահոգվելով էր, որ որոշակի զիջումների գնաց (հայտարարեց լսումներ այս թեմայով)։

Ինչ վրաբերում է նրան, որ մյուս ընդդիմադիր ուժը՝ ԲՀԿ-ն, չի միանալու իրենց երթին, արդյոք դա չի՞ մտահոգում իրենց, Միքայելյանն ասաց․«Ժամանակը ցույց կտա։ Ես չեմ ուզում ոչ մեկի ոչ քննադատեմ․․․ պրոբլեմը դրանում չի։ Էսօր մի տեսակ, կներեք, էդ գզվռտոցը տանում եք ընդդիմադիր ուժերի մեջ կամ, չգիտեմ, ուրիշ դաշտ եք տանում։ Մենք ակցիա ենք անում, ազգիդ 99 տոկոսն ընդդիմադիր ա, թող միանան։ Բոլորին էլ կստիպի, կգան կմիանան»։

Միքայելյանն ասաց, որ իրենք չեն գնում տեսախցիկների առաջ նկարվելու, այլ ազգի հանապազօրյա հացի հարց են լուծում։ «Մենք դուրս ենք գալիս փողոց, որ էդ կանխենք, ոչ թե քիչ առաջ, որ հարց են տալիս՝ կտանե՞ք իշխանափոխության։ Էդ իշխանափոխության տանողներն էսօր էս օրը գցին էս ժողովրդին, ընդդիմությունը վերացավ, մնաց մի փոքր մաս ընդդիմադիր, որ էսօր էլ դուք հարց եք տալիս՝ կմիանա՞, թե՞ չի միանա։ Սրան պիտի միանա առաջնահերթ ազգաբնակչությունը՝ իրա սոցիալական վիճակից ելնելով»։

Հարցին, թե եթե ասում է, որ ժողովրդի 99 տոկոսն ընդդիմադիր է, եթե ժողովուրդը պահանջի, իրենք կգնա՞ն իշխանափոխության, «Ելք» խմբակցության պատգամավորն ասաց․ «Դե, որ ժողովրդի ընդհանուր մեծամասնությունը, մի 50-100 հազար մարդ պահանջում են, մենք ո՞վ ենք, որ չգնանք»։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X