Սրանով, ըստ էության, Հայաստանի ցանկացած քառակուսի մետրը կարող է դրվել տեսանկարահանման տակ

Աժ-ում այսօր քննարկում էր «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով ոստիկանությունն առաջարկում է հանցագործությունները բացահայտելիս, հասարակական կարգը պահպանելիս և ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելիս թույլատրել ոստիկանության ծառայողներին տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ օգտագործել: Նախագծի հիմնական զեկուցող, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանն իր ելույթում նշեց, որ օրենքի մակարդակով կամրագրվեն դրանց օգտագործման հիմքերը, կարգը, տվյալների պահպանման ժամկետները, կապահովվի տեղեկությունների հավաքման և օգտագործման լեգիտիմությունը:

«Հասարակական վայրերում անշարժ տեսախցիկների տեղադրման դեպքում կլինեն ցուցանակներ, որոնք կզգուշացնեն տեսանկարահանման մասին, իսկ շարժական տեսանկարահանում իրականացնելիս ոստիկանության ծառայողները բանավոր պետք է իրազեկեն տեսանկարահանման մասին: Նախատեսվում է հավաքագրված տվյալները վերացնել 7 օրվա ընթացքում»,- ասաց նա:

«Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը նշեց, թե տեսախցիկների տեղադրումը կսահմանափակի խոսքի ազատությունը: «Դառնալու է ոստիկանական երկիր, մարդ չի կարող արդեն ազատ արտահայտվի, պնդի, խնդիր ունենա ու խոսա դրա մասին, լուծի այն: Ես չեմ հասկանում, թե ո՞նց ա լինելու մեր երկրի ու մարդու խոսքի ազատության ապագան»,- զարմացավ Միքայելյանը: Ի պատասխան՝ Վարդան Եղիազարյանն ասաց, որ անձի ազատ կամքի դրսևորման հետ տեսախցիկները որևէ կապ չունեն:

Նախագծի վերաբերյալ ելույթ ունեցավ նաև ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: «Հարգելի՛ քաղաքացիներ, այս օրենքով վերջապես իրականանում է ոստիկանության երազանքը, եւ նա օրենքով հնարավորություն կունենա տեսախցիկներ տեղադրել ցանկացած տեղ Հայաստանի Հանրապետությունում: Հիմնական եւ հարակից զեկուցողներն ասում են` հանրային վայրերում են տեղադրվելու, եւ շրջանցում են այն պահը, որ այս օրենքով կարող են տեղադրել ոչ միայն հանրային վայրերում, այլ նաև մասնավոր»,- հայտարարեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այս օրենքով առնվազն տեսականորեն չի բացառվում, որ ոստիկանությունը կարող է ՀՀ յուրաքանչյուր քաղաքական գործչի, քաղաքական ու քաղաքացիական ակտիվիստի դիմացի հարևանի հետ պայմանագիր կնքել ու ամբողջ տունը, գրասենյակը վերցնել տեսանկարահանման տակ։ Ուստի խնդրեց նշել, թե այս օրենքի որ կետն է բացառում, որ իրենք ոստիկանությունը կամ համապատասխան մարմինները կարող են այդպիսի գործողություններ կատարել։

Վարդան Եղիազարյանն ասաց, որ ինքը չի կարծում, թե այդպիսի նկատառում երբևիցե եղել է կամ կլինի փոխոստիկանության առջև դրված։ «Մենք ունենք հնարավորություն օպերատիվ ճանապարհով տեսանկարահանում կատարելու։ Ի՞նչ ասել է՝ ամեն մի հարևանի կամ խանութի դիամց դնել նման սարքեր»,- ասաց Եղիազարյանը։

Փաշինյանը նկատեց, թե այս շրջանում եղան հրապարակումներ, թե այս կամ այն քաղաքական գործչի բնակության վայրի, շքամուտքի մոտակայքում ոստիկանությունը տեսախցիկ է տեղադրել, և դա պարզվել է ինչ-որ ուրիշ քրեական գործի նախաքննության ժամանակ։ «Այսինքն՝ մենք բոլորս պետք է տեղյակ լինենք, որ սրանով, ըստ էության, Հայաստանի Հանրապետության ցանկացած քառակուսի մետրը կարող է դրվել տեսանկարահանման տակ։ Եվ շատ կարևոր հարց է՝ ինչո՞ւ յոթ օր պահպանել, որովհետև յոթ օր պահպանեն, հետո իբր ջնջեն, հետո կոմպրոմատներ պահպանեն, որ հետո ջնջեն իրենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Եղիազարյանն էլ ասաց, որ ինքը համաձայն չէ Փաշինյանի հետ ու կարծում է՝ նրա մտահոգություններն ավելորդ են, և այս օրենքը նման միտում չունի։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X