Փուչիկը գեղեցիկ է, բայց մեզ փուչիկ պետք չէ

ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու անունների շքերթն Ամանորի թմբիրից արթնացրել է նաեւ կառավարությանը: Արտերկրյա կարճատեւ արձակուրդից վերադարձած վարչապետը ձեռնամուխ է եղել իր տիրույթների նշագծման եւ ինվենտարիզացիայի գործին: Նա հունվարի 15-ին այցելել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե՝ ծանոթանալու 2017 թվականի հարկային եկամուտների կատարողականին, կառավարության ծրագրով հարկային եւ մաքսային մարմիններին վերապահված գործունեության արդյունքներին, ինչպես նաեւ 2018 թվականի անելիքներին: Կառավարության ղեկավարը նշել է, որ հանդիպումներ է նախատեսում բոլոր նախարարությունների եւ գերատեսչությունների հետ՝ ամփոփելու 2017 թվականն ու խոսելու 2018-ի անելիքների մասին:

Գերատեսչությունների հետ նման ձեւաչափի հանդիպումները Կարապետյանի պրակտիկայում նորություն չեն, նորություն չեն նաեւ կատարված աշխատանքի եւ անելիքների մասին հաշվետվություն ու ծրագիր պահանջելը: Հատկանշականն այս դեպքում այն է, որ այս օրերին Կարապետյանը գերատեսչություններից «նվնվոցներ», դժգոհություններ, դժվարությունների մասին հեքիաթներ չի ակնկալում եւ ցանկանում է լսել միայն լավ նորություններ, որոնք կվկայեն 2017 թվականի լավ աշխատանքի ու շոշափելի արդյունքների մասին:

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե կատարած նրա այցը մեզ ակամա հիշեցրեց ՀՀԿ-ականների այն հայտարարությունները, որ Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել նաեւ 2018-ին եւ դրանից հետո, եթե արդարացնի իրեն եւ լավ ցուցանիշներ ունենա: Մինչ այս պահը ո՛չ Սերժ Սարգսյանը եւ ո՛չ էլ հանրապետականները նոր հայտարարություններ չեն արել Կարեն Կարապետյանի հետագա պաշտոնավարման մասին, եթե գործող վարչապետի հեռացման ակնարկ չհամարենք անվտանգության հարցերում Սերժ Սարգսյանին երկընտրանք չլինելու խոստովանությամբ Կարապետյանի հայտնի հարցազրույցը եւ ՀՀԿ-ականների նույնաբովանդակ հայտարարությունները: Միով բանիվ` մինչ այս պահը թե՛ Սերժ Սարգսյանն է պահում իր խոսքը եւ թե՛ Կարեն Կարապետյանն է խաղում ընդունված կանոններով, որոնք ենթադրում են գործող նախագահի պաշտոնավարման սահուն ավարտ եւ անցում կառավարման խորհրդարանական համակարգին: Այլ խոսքով` ոչ ոք անհամբերության նշաններ ցույց չի տալիս, «մրցակցի» վրա «տղա չի բերում», չի փորձում մյուսի հաշվին դիվիդենտներ շահել:

Ստորեւ կանգ կառնենք Կարեն Կարապետյանի` ՊԵԿ-ում արած մի քանի ուշագրավ հայտարարությունների վրա, որոնք վկայում են, որ նա չի պատրաստվում ապագա փոփոխությունների մասին բուռն խոսակցությունների ֆոնին վայր դնել զենքերը: Առաջ չանցնելով նշենք նաեւ, որ ՊԵԿ-ը, ուր վարչապետն առաջինն է այցելել, պատահականորեն չի ընտրվել: Ընդամենը օրեր առաջ, հունվարի 11-ին, հանրապետության նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ կառավարությանն առընթեր ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը զեկուցել էր 2017 թվականի բարեփոխումները, որոնք ուղղված են եղել ինչպես հարկեր-ՀՆԱ հարաբերակցության բարձրացմանը, այնպես էլ գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծմանը եւ թափանցիկության մեծացմանը: Այդ հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ մաքսային ոլորտին, ներքին անվտանգությանը, կոռուպցիոն երեւույթների եւ անբարեխղճ տնտեսվարողների հայտնաբերման հարցերին: ՊԵԿ նախագահը ներկայացրել է նաեւ 2018թ. կոմիտեի գործունեության առաջնահերթությունները, տարեսկզբից ուժի մեջ մտած Հարկային նոր օրենսգրքի կարգավորումներով նախատեսվող աշխատանքներն ու ակնկալվող արդյունքները: Նախագահը, ըստ էության, հրահանգել է շարունակել աշխատանքները բոլոր ուղղություններով:

Վարչապետ Կարեն Կարապետյանը ՊԵԿ-ում, կարծես, շարունակել է նախագահի միտքը. «Այս տարի սկզբունքները նույնն են՝ ինչպիսի պայմաններ ստեղծենք, որպեսզի գործարարը լավ զգա, ձեռնարկատիրությունը հեշտ լինի, օրինապահ դաշտում աշխատող մարդկանց համար խաղի կանոնները հավասար լինեն»: Լսելով ՊԵԿ ղեկավարների զեկույցները՝ վարչապետը հստակ ամրագրում է կատարել ոլորտի ձեռքբերումների եւ նշված ուղղություններով հաջողությունների մասին: Իսկ դա հենց այն է, ինչ իրենից ակնկալում էր ՀՀԿ-ն` հետագա պաշտոնավարման համար: «2017-ին իրականում շատ բան ենք իրականացրել ու դեռեւս շատ բան ունենք անելու: Սահման անցնելը պետք է մաքսիմալ հեշտացնել, խաղի կանոնները հստակ հրապարակել, բոլոր խոչընդոտները, կնճռոտ հարցերը լուծել: Այս լիբերալ դաշտը բերելու է տնտեսության ակտիվացման, եւ մենք անպայման հետեւողական կերպով պետք է գնանք դրան: Ռեգուլյար պետք է բիզնեսի հետ հանդիպել, լսել ազդակները»,- ասել է Կարապետյանը եւ հանձնարարել հանրությանը հնարավորինս արագ եւ մանրամասն ներկայացնել բոլոր բարեփոխումներն ու դրական փոփոխությունները:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Կարեն Կարապետյանը, կարելի է ասել, հստակ ժամկետներ է նշել` ասես ժամանակ պահանջելով (խնդրելո՞վ) հետագա պաշտոնավարման, աշխատելու, իր ծրագրերն իրականացնելու համար: Նա ասել է. «ՊԵԿ-ի 2017 թ․ աշխատանքը գնահատում եմ դրական եւ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար: 2018, 2019, 2020 թվականներին պետք է շատ հետեւողական աշխատենք: Բիզնես իրականացնելու առումով Հայաստանը պետք է դարձնենք մաքսիմալ օրինակելի, նախանձելի երկիր: Եթե այդ դաշտն ապահովենք, մնացած բոլոր խնդիրները, որպես ածանցյալ, լուծվելու են: Եվ վստահ եմ, որ մենք դա կարող ենք անել»: Նկատենք` նա ոչ թե հանձնարարական է տալիս, այլ խոսում է միասին աշխատելու, ավելին` 18, 19, 20 թվականներին ոլորտում բարեփոխումները շարունակելու իր մտադրությունների մասին:

Չենք կարծում, որ մյուս գերատեսչություններում նրա մասնակցությամբ խորհրդակցություններն անցնեն առավել ցածր նոտայով, քան ՊԵԿ-ում: Սա ճիշտ այն տոնայնությունն է, որով կարելի է մեղմել հասարակությանը հուզող ամենակարեւոր հարցի` աննախադեպ թանկացումների հարուցած քարոզչական հարվածները` հույսեր արթնացնելով, որ դրանք ի վերջո զսպելի են: Մյուս կողմից էլ այնպես չէ, որ թանկացումները հարվածում են միայն կառավարության եւ գործող վարչապետի հեղինակությանը: Այդ թանկացումների համար, որոնք հիմնականում արդյունք են հունվարի 1-ից Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ մաքսային օրենսդրության կիրառման, իրականում պակաս պատասխանատու չեն հայ տնտեսագիտական մտքի այն հանճարները, որոնք մինչեւ Կարապետյանի գալն էլ հեքիաթներ էին պատմում ԵԱՏՄ-ի հրաշագործ էության մասին: Այնպես որ, իրավիճակը շտկելու հոգսը Կարեն Կարապետյանի ուսերին թողնելը, հասարակությանը նրա դեմ տրամադրելը, մեղմ ասած, չի բխում անցումային փուլում ՀՀԿ-ի շահերից: Այլ կերպ ասեմ` կա միասին գործելու, արդեն 18, 19, 20 թվերին հուսալքության հասցնող այս վիճակը հաղթահարելու հրամայականը: Ուստիեւ կարեւոր է, որ գերատեսչությունների զեկույցներն ու գործող վարչապետի ոգեւորությունը մեզ քաջ ծանոթ այն փուչիկները չլինեն, որոնք կարճ ժամանակ անց պայթում են ու ցուցադրում դրանք բռնողների ողջ պերճանքն ու թշվառությունը:

Էդիկ Անդրեասյան

Մեկնաբանություն
X