Բանկերում փողի ավելցուկ կա, իրացնող չկա

Մեր իշխանությունները մշտապես դժգոհում են, թե երկրում փող չկա, ներդրում անող չկա, պետք է դրսից ներդրողներ գտնել։ Բայց պարզվում է՝ Հայաստանում փող էլ կա, պոտենցիալ ներդրող էլ, պարզապես ներդրում անելու դաշտ չկա եւ ըստ այդմ՝ ցանկություն։ ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը, օրինակ, ասում է, որ մեր բանկերում փողի բավականին մեծ քանակությամբ ավելցուկ կա, որը չի իրացվում որեւէ կերպ։ Կարճ ասած՝ փող կա, այն ծախսող, ռեալիզացնող, որեւէ օգտակար նպատակի համար այդ գուրմարները ներդնող չկա։

«1 միլիարդը գերազանցող ավելցուկային իրացվելիություն կա։ Միլիարդ, միլիարդ 200 միլիոն մինչեւ ավելցուկ փող կա բանկերում։ Եվ դա այն պարագայում, երբ ավանդների տոկոսադրույքն իջեցրել են բանկերը՝ մինչեւ 5 տոկոս։ Եթե տոկոսադրույքը չիջեցնեին, եւ կամ եթե էսօր բանկերը տոկոսադրույքը բարձրացնեն, շատ ավելի մեծ քանակությամբ փող են ի վիճակի կլանել բանկերը եւ ներդնել տնտեսության մեջ։ Իսկ սա նշանակում է, որ ավել փող ունեն բանկերն ու լրացուցիչ փողի կարիք չունեն»,- մեզ հետ զրույցում ասաց ԿԲ նախկին նախագահը։

Նրա խոսքով՝ այսքան որ խոսում են, թե ներդրումներ են ներգրավում, ներդրողների ակումբ են ստեղծում եւ այլն, իրականում պետք է վարչապետը ներդրողների ակումբ ստեղծի մեր՝ հայաստանյան ներդրողների մասնակցությամբ։ Մինչդեռ մեր վարչապետը որոշել է օտար ափերից խոշոր ներդրողներ բերել։

«Հիմա պետք է նստել քննարկել՝ ինչո՞ւ բանկերը չեն ֆինանսավորում տնտեսությունը, այսքան ավելցուկային փողն ինչո՞ւ չեն կարողանում տեղաբաշխել եւ լուծել այդ խոչընդոտները»,- հարցնում է տնտեսագետը։

Նկատենք, սակայն, որ վարչապետի խոստացած խոշոր օտարերկրյա ներդրողների հստակ ներդրումները դեռ չենք տեսել, իսկ ներքին ներդրողներն էլ ներդրում չեն անում, քանի որ վստահություն չունեն մեր պետության, հարկային դաշտի ու ֆինանսական միջավայրի նկատմամբ, որ ռիսկի դիմեն ու ներդրումներ անեն։ Կառավարությունը լավ կլինի՝ դրսի օլիգարխների համար ներդրողների ակումբ ստեղծելու փոխարեն կամ գոնե դրան զուգահեռ՝ հստակ քայլեր անի ներսի գործարարների համար ներդրումային բարենպաստ միջավայր ստեղծելու ուղղությամբ, որ մարդիկ իրենց գումարները բիզնեսի մեջ դնելու փոխարեն չգերադասեն բանկերում պահել ու չնչին տոկոսներ, բայց ապահով եկամուտ ստանալ։ Սա նաեւ հնարավորություն կտա զարգացնել փոքր ու միջին բիզնեսը եւ միջին խավ ձեւավորել երկրում, որը ցանկացած երկրի հիմքն է եւ հասարակության բարեկեցության գրավականը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X