Փոխնախարարի զավեշտալի պատասխանները

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը հարցերին պատասխանելու յուրահատուկ «կոմպետենցիա» ունի։ Նա, հիշեցնենք, Վահան Մարտիրոսյանի՝ նախարար նշանակվելուց հետո փոխարինեց Արթուր Առաքելյանին, բայց ամեն ինչից երեւում է, որ չգիտի, թե որտեղ է հայտնվել, ինչ պաշտոն է զբաղեցնում, եւ ինչպես պետք է պատասխանել պատգամավորների կամ լրագրողների հարցերին։ Երեկ նա առնվազն երկու զավեշտալի պատասխան տվեց, մեկը՝ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանին, մյուսը՝ մեզ։

«Ձեր գիտելիքների անսպառ սահմաններում ես կդժվարանամ Ձեր տված հարցերին պատասխանել»,- երեկ ԱԺ-ում Մելքումյանի հարցադրումներին ի պատասխան՝ ասաց հարցերից խեղճացած փոխնախարարը։ Փաստորեն, տնտեսագետ պատգամավորն ավելի հարուստ գիտելիքներ ունի տրանսպորտի եւ կապի ոլորտից, քան այդ ոլորտը ղեկավարող գերատեսչության ղեկավարի առաջին տեղակալը։

-Պարոն Գրիգորյան, «Աջ ղեկ» նախաձեռնության դժգոհությունն առաջացրեց տրանսպորտի նախարարի ներկայացրած նախագիծը, որն ընդունվեց կառավարության վերջին նիստում։ Նրանք ասում են, որ դուք պայմանավորվել էիք քննարկել իրենց հետ առաջարկությունները, նոր մտցնել օրակարգ, բայց պայմանավորվածությունը խախտել եք։

-Չէ, մենք ինչ պայմանավորվածություն որ ունեցել ենք իրենց հետ քննարկելու, քննարկել ենք։ Հանդիպում տեղի է ունեցել, իրենց ասվել է, իրենք ներկայացրել են իրենց առաջարկները, մենք էլ ներկայացրել ենք։

-Ո՞ր առաջարկների մասին է խոսքը, իրենք հավելյալ առաջարկություններ էին ներկայացրել։

-Խնդիր չկա, հիմա էլ կարող ենք հանդիպել, ինչի՞ մասին է խոսքը, դա անընդհատ պրոցես ա։

-Այսինքն, եթե ընդունելի լինեն իրենց առաջարկները, դուք պատրա՞ստ եք փոփոխություն մտցնել արդեն իսկ ընդունված որոշման մեջ։

-Նայած թե ինչի մասին ենք մենք խոսում ու ինչ առաջարկության մասին ենք խոսում։

-Իրենք առաջարկում են երկարաձգել ներկրման արգելքի ժամկետը մինչեւ 180 օր՝ այն պատճառաբանությամբ, որ մեքենաներ կան, որ կարող է ապրիլից հետո հասնեն ու չգան մնան օդի մեջ։

-Բան չունեմ ասելու, թող ներկայացնեն, կքննարկենք։

-Ձեզ նաեւ քննադատում են նրա համար, որ նախարարության բերած հիմնավորումները հիմնավոր չեն, երբ ասում են՝ ավտովթարների 10 տոկոսն աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ է լինում, դրանով էլ վտանգավոր են դրանք։

-Եթե չեմ սխալվում՝ էդպես է։

-Եթե այդպես է, այդ 10 տոկոսից քանի՞ տոկոսն է, որ աջ ղեկ ունենալու պատճառով է վթարը տեղի ունեցել։

-Չէ, տենց չեք կարող դուք վերցնել, դուք, ախր… գիտե՞ք, չէ՞, հարցն ինչպես ա լինում, ընդհանրապես, մենք վերցնում ենք ամբողջ կոնտեքստից առանձին մի հատ հարց ու ասում ենք՝ այ, ասեք՝ սրա արժեքն ինչքան ա։ Նու, ստեղ սկսվում ա գրանցման՝ էդ վթարներն ինչպես են գրանցվել, ով ա եղել էնտեղ մեղավոր, ում հասցեն ա եղել, եւ էդ բոլոր ստատիստիկայով հավաքվում ա։ Բայց թե ով ա եղել սկզբնապատճառը, էդ րոպեին կարող ա չտեսնենք։

-Եթե աջ ղեկով մեքենայի վարորդը ՃԵ կանոն է խախտում, օրինակ՝ կարմիրի տակով անցնում է ու բախվում մեքենայի, դա աջ ղեկ ունենալո՞ւ պատճառով է, թե՞ վատ վարորդ լինելու։

-Ինչի՞ մասին եք ուզում իմանալ, ես ուզում եմ հասկանալ՝ Դուք ի՞նչ եք ինձ հարցնում, ի՞նչ եք քննում, էլի, ինձ։

-Դուք հիմնավորում եք բերում, որ վթարների 10 տոկոսը

-Էդ հիմնավորումը բոլորը տրված են։

-Այդ հիմնավորումները հիմնավոր չեն, դա է ամբողջ խնդիրը։

-Դե, ի՞նչ ասեմ…

-Ասում են, որ 10 տոկոս մասնակցությունը դեռ չի նշանակում, որ այդ տոկոսի մեջ հենց աջ ղեկն է մեղավոր, որ վթար է եղել։

-Հիմա նայեք՝ ներկայացված են վիճակագրական տվյալներ, ճի՞շտ ա։ Ավելին՝ ես բան չունեմ ավելացնելու։ Եթե Դուք ունեք ավելի լրացնելու, այսինքն՝ Դուք չէ, ում անունից, որ ասում եք։ Փաստորեն, Դուք Ձեր անունի՞ց չեք ասում, թե՞ Ձեր անունից եք ասում։

-Կապ չունի, թե ում անունից եմ ասում, ընդհանուր վերլուծությունն եմ ներկայացնում։

-Չէ, Դուք ասում եք՝ ասում են, Դո՞ւք եք ասում, թե՞ իրենք են ասում։

-Պարոն Գրիգորյան, ես հստակ հարց եմ տալիս, խնդրում եմ հստակ պատասխանեք։

-Չէ, ուրեմն Դուք ինձ հարցը ճիշտ չեք տալիս, Դուք ասում եք՝ էդ բերված տվյալներին Դուք համաձա՞յն եք, ես ասում եմ՝ այո։ Դուք ասում եք՝ ասում են…

-Առանց «ասում են»-ի, ես հիմա նորից հարցս ձեւակերպեմ իմ անունից, որպեսզի թյուրըմբռնում չլինի

-Չէ, ուրեմն հետ վերցրեք Ձեր հարցը։ Ես չեմ կարողանում ըմբռնել Ձեր մտքի թելը։

-Մտքիս թելը հետեւյալն է․ վստա՞հ եք, որ այդ 10 տոկոս վթարների 100 տոկոսն էլ աջ ղեկ ունենալու պատճառով է եղել, այլ ոչ, օրինակ, կարմիր լույսի տակով անցնելու։

-Վստահ եմ, որ էդ տասը տոկոսը, որ գրված է, ավելի քիչ է, քան իրականությունն է։

-Ի դեպ, վերլուծության արդյունքում կարող է նաեւ այնպիսի վիճակագրություն լինել, որ վթարների, ենթադրենք, 60 տոկոսը Opel կամ Mercedes մակնիշի մեքենաների մասնակցությամբ է։ Հնարավո՞ր է մի օր էլ արգելեք Opel-ների կամ Mercedes-ների շահագործումը։

-Ձեր հարցին ի՞նչ կարող եմ պատասխանել ես, Դուք հարց եք տալիս, որի պատասխանն արդեն Ձեր հարցի մեջ կա։

Վահե Մակարյան

Մեկնաբանություն
X