Ծառուկյանի հայտնությունն Ազգային ժողովում

Երեկ, մինչ Ազգային ժողովի նիստի մեկնարկը, «Ծառուկյան դաշինք» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ աշխատանքային նիստ է անցկացվել։ Նիստի օրակարգում եղել են ԱԺ նիստի օրակարգում ներկայացված օրինագծերի վերաբերյալ քննարկումները։ Նիստի ժամանակ Ծառուկյանը հանձնարարել է կուսակիցներին՝ հանդես գալ սեփական օրենսդրական նախաձեռնություններով ու խորհրդարանի ամբիոնից բարձրաձայնել ամենակարեւոր խնդիրները։ Նիստից հետո Գագիկ Ծառուկյանը նաեւ մասնակցել է ԱԺ նիստին։ Նրան ԱԺ միջանցքում տեսնելով՝ լրագրողներն անակնկալի են եկել եւ հարցեր ուղղել։ Հետաքրքրվել են, թե ինչու չաջակցեցին «Ելքին»՝ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու հարցում, Ծառուկյանը պատասխանել է․ «Եթե մենք ու «Ելքը» միասին վերցրած, դա չի բավարարում հաղթելու, ինչի՞ համար մասնակցենք»։ Հարցին էլ՝ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի համար անփոխարինելի է, թե ոչ, Ծառուկյանը պատասխանել է, որ իր համար անփոխարինելի մարդ գոյություն չունի։ Նա նաեւ նշել է, որ ոչ մի պատգամավոր իր չափ արդյունավետ աշխատանք չի կատարել՝ հիշեցնելով, որ մեկ ամիս առաջ Եվրախորհրդից 70 պատգամավոր էր բերել Հայաստան, որոնք մասնակցեցին համաժողովի եւ անգամ Ղարաբաղ այցելեցին՝ հայտնվելով Ադրբեջանի սեւ ցուցակում «ընդգրկվելու» վտանգի առաջ։

Ինչ վերաբերում է վարչապետի աշխատանքը գնահատելուն, նա լրագրողներին առաջարկել է Կարեն Կարապետյանի աշխատանքի արդյունքները զգալ՝ ելնելով սեփական ապրելակերպից եւ համեմատելով այս եւ նախորդ տարիների իրենց կենսամակարդակը. «Այդ հարցին դուք պատասխանեք, անցած տարի՞ էիք լավ ապրում, թե՞ այս տարի: Կարող ես դուրս գալ փողոց եւ ցանկացածին այդ հարցը տուր եւ քո հարցի պատասխանը կստանաս»:

Հարցին, թե ինչու էր ինքը հունվարի 12-ին Բաղրամյան 26 գնացել՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման` չլինելով ԱԺ խորհրդի անդամ, Գագիկ Ծառուկյանն ասել է. «Եթե տեղյակ չես, ապա տեղեկացնեմ, որ Սերժ Սարգսյանը հրավիրել էր կուսակցության ղեկավարներին, խմբակցության ղեկավարներին եւ հանձնաժողովի նախագահներին»: Դաշինքի առաջնորդը նաեւ խոսել է ժողովրդի սոցիալական վիճակը բարելավելու մասին` նշելով, որ պետք է եկամտահարկը պակասեցվի, որ մարդիկ գոնե կարողանան գոյատեւել:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X