Իշխանությունների կողմից արվում են քայլեր այդ գայթակղությունները զսպելու համար

Հարցազրույց Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի հետ։

-Պարոն Մելիքյան, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ իշխանությունը վախեցավ, իրար խառնվեց թանկացումների դեմ սպասվելիք երթի մասին հայտարարությունից հետո, այդ պատճառով էլ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն անցկացրեց՝ հորդորելով գնաճը զսպելու մեխանիզմներ գտնել, իսկ հունվարի 23-ին նույն հարցով ԱԺ լսումներ են սպասվում։ Իսկապե՞ս իշխանությունը վախեր ունի։

-Ես ընդամենը կասեմ, որ նմանատիպ հայտարարությունները վառ երեւակայության հետեւանք են։ Իշխանություններն աշխատում են իրենց օրակարգով։ Անկախ հայտարարած երթից՝ նախագահի մոտ հանդիպումներ, խորհրդակցություն պետք է լինեին, մեր օրակարգում կար լսումներ իրականացնելու խնդիր, եւ այդ խնդիրն իշխանությունը ներկայացնում է։ Մենք բոլորին՝ թե՛ քաղհասարակությանը, թե՛ հասարակությանը, թե՛ կազմակերպություններին, թե՛ խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերին, առաջարկում ենք ակտիվորեն մասնակցել այդ լսումներին եւ իրենց առաջարկություններով հանդես գալ։ Չեմ կարծում, որ երթը, ցույցերը, միտինգները կարող են բերել գնանկում։ Կարծում եմ, որ աշխատանքով կարելի է հասնել դրան, լուրջ առաջարկներով, լուրջ քննարկումներով եւ լուրջ որոշումներով, որն էլ մենք ցանկանում ենք իրականացնել։

-Այսինքն՝ դուք բացառում եք, որ ժողովրդի ընդվզումը կարող է սոցիալական բունտի վերածվել։

-Այո, բացառում եմ։ Ես բացառում եմ նաեւ, որ երթը, սոցիալական ցնցումները, միտինգները գնանկման կարող են տանել, ավելին՝ կարող են խանգարել գնանկման գործընթացներին։

-Ինչո՞ւ։

-Որովհետեւ պահանջներով չէ, որ գնանկման են գնում, այն, ինչ որ պետք է բարձրացնեն այդ երթի կամ հավաքների ընթացքում, չեմ կարծում, որ դա որեւէ մեկի շահից է բխում։ Ժողովրդի անկառավարելի դառնալը պետության ու ժողովրդի շահերից չի բխում։

-Իսկ թանկացումներով մարդկանց կոտորելը պետության շահերի՞ց է բխում։

-Ժողովրդին որեւէ մեկը չի կոտորում, դա պետության շահերից չի բխում, եւ որեւէ մեկը ցանկություն չունի գների բարձրացման համար նպաստավոր պայմաններ ստեղծել։

-Թանկացումներն սկսվել են տարեվերջին, իսկ նոր տարում դրանք բխում են իշխանության ընդունած Հարկային օրենսգրքից, այսինքն՝ մեծ հաշվով իշխանությունն է մեղավոր թանկացումների համար։ Դուք թանկացնում եք, հետո խորհրդակցություններ հրավիրում, որ գնանկո՞ւմ լինի։

-Տարեվերջյան թանկացումները չեմ կարծում, որ որեւէ մեկի համար անակնկալ էին։ Մենք ամեն տարի ունեցել ենք տարեվերջյան թանկացումներ, ամեն տարի, եւ դրանց միշտ հաջորդել են գարնան վերջից էժանացումներ, գնանկումներ, եւ այս տարի նույնպես կունենանք։

-Իշխանությունը, փաստորեն, ի զորու չէ՞ զսպել նախատոնական թանկացումները։

-Ես կարծում եմ՝ դա ավելի շատ գայթակղության հետեւանքներ են լինում, եւ կարծում եմ, որ իշխանությունների կողմից արվում են քայլեր այդ գայթակղությունները զսպելու համար։ Իհարկե, դա կարող է չգոհացնել քաղաքացիներին։

-Օրենսգիրքը մշակելու ժամանակ գլխի չէի՞ք ընկնում, որ թանկացումներ են լինելու, թե՞ հիմա Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնում նշանակվելուց առաջ նախընտրական արշավ է սկսել, ու հիմա է պետք միջոցներ ձեռնարկել։

-Ես չեմ կարծում, որ դրանք փիառ քայլեր են, ես կարծում եմ, որ դրանք աշխատանքներ իրականացնելու քայլեր են, սովորական աշխատանքային գործընթաց, նախապես որոշված օրակարգով։

-Այսինքն՝ թանկացնում եք, հետո որոշում միջոցներ ձեռնարկել։

-Հարկային օրենսգրքի հետ կապված թանկացումները, կոնկրետ ակցիզային հարկով պայմանավորված, ես կարծում եմ, որ դրանք հատկապես մաքսատուրքերի աճը կարող են բերել տեղական արտադրության աճի, որը կարող է զսպող միջոց հանդիսանալ գների բարձրացման համար։ Եվ այն հիմնական ապրանքատեսակների վրա, որոնց վրա մաքսատուրքերը բարձրացել են, դրանք հիմնականում մենք ունենք տեղական արտադրություն, կամ ԵԱՏՄ-ում կա ապրանքատեսակների արտադրություն, որոնց մուտքը մեր երկիր այլեւս մաքսատուրքով չի հարկվում։ Այսինքն՝ կարելի է ճիշտ կազմակերպել գործընթացը, եւ, կարծում եմ, այս լսումներից հետո կլինեն առաջարկություններ, կընդունվեն որոշումներ, որոնք ազդեցություն կունենան այդ ճանապարհի վրա՝ գնանկման հասնելու համար։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Մեկնաբանություն
X