ԶԼՄ-ներից «քաշվածները» ցանկացել են սահմանափակել լրագրողների գործունեությունը

ԱԺ խորհրդի վերջին նիստերից մեկում ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանի՝ լրագրողների գործունեությունը սահմանափակելու վերաբերյալ առաջարկին, մեր տեղեկություններով, կողմ են եղել մամուլից ամենաշատ «վառված» պատգամավորները՝ Խոսրով Հարությունյանը, Հակոբ Հակոբյանը, ինչպես նաեւ Կորյուն Նահապետյանը, որոնք լրատվամիջոցներից «քաշվածներն» են։ Երբ նիստի օրակարգում ընդգրկված է եղել լրագրողների հավատարմագրման կարգի հաստատման հարցը, Բոստանջյանն առաջարկել է լրագրողների իրավունքներն ԱԺ-ում սահմանափակել եւ նույնիսկ սանկցիաներ կիրառել այն լրագրողների նկատմամբ, որոնք ԱԺ օրակարգից դուրս հարցերի վերաբերյալ նյութեր կհրապարակեն: Ինչպես ասում են՝ հասել ենք, իջեք։

Մամուլն ու ազատ խոսքը նման սահմանափակումներ, հավանաբար, տեսել են մեկ էլ սովետական ժամանակաշրջանում։ Սակայն, բարեբախտաբար, մի խումբ պատգամավորներ ընկալել են այս առաջարկի անհեթեթությունը եւ կանխել այն։ Նրանց թվում են եղել ՀՀԿ-ական պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը, Վահրամ Բաղդասարյանը, ինչպես նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Պարոն Բոստանջյանից երեկ փորձեցինք պարզել, թե, ի վերջո, ինչն է դրդել իրեն նման արտառոց առաջարկ անելու, երբ անձամբ ինքը որեւէ կոմպլեքս եւ խնդիր չունի լրագրողների հետ ազատ շփման հարցում։

-Խոշոր առումով իմ առաջարկը ճիշտ չի ընկալվել, ես ժուռնալիստների հետ որեւէ խնդիր չունեմ եւ ամենաշատը ես եմ առնչվում, եւ այդ վերաբերյալ ով-ով, բայց ես չէի կարող նրանց իրավունքների ոտնահարման վերաբերյալ արտահայտվել։

-Ո՞րն էր Ձեր առաջարկը, չէի՞ք առաջարկում սահմանափակել, որ օրակարգից դուրս նյութեր չհրապարակվեն։

-Ես առաջարկում էի, որ հնարավոր չէ՞ հավատարմագրման ժամանակ որոշակի լրագրողներ, որոնք երբեւիցե մասնագիտական մեկնաբանություններ, բացատրություններ կամ ընդհանրապես խորանալ հարցերի վերաբերյալ, պարզապես իրենք չհավատարմագրվեն։ Եվ միառժամանակ եղավ պատասխան, որ հնարավոր չէ։

-Առաջարկել էիք նաեւ, որ լրագրողներն օրակարգից դուրս հարցեր չտան պատգամավորներին կամ չգրեն նրանց պահվածքի մասին։

-Բացարձակապես չի եղել նման բան, լրագրողները կարող են իրենց զանազան կարծիքներն ունենալ ցանկացած հարցի վերաբերյալ։ Ես ընդամենը առաջարկում էի այնպիսի ժուռնալիստների հետ առնչություն ունենալ, որոնք կարող են քննարկվող նախագծերի էությունը հասկանալ։ Կան, ըստ էության, ժուռնալիստներ, որոնք դա չեն հասկանում եւ փնտրում են փոքր-մոքր բաներ, որոնք ո՛չ խորհրդարանին են վայել, ո՛չ իրենց։ Այո, սահմանափակումը վատ է, բայց, բոլոր դեպքերում, ցենզուրա կա։

-Իսկ խորհրդարանին վայե՞լ է, որ նման պատգամավորներ կան։

-Այո, ես անմիջապես իմ մտքից հետ կանգնեցի, որովհետեւ նիստի ժամանակ էլ եղավ բարձրաձայնում, որ մենք՝ այո, ունենք այնպիսի պատգամավորներ, որոնք իրենց վարքագծով ավելի շուտ կարիք ունեն շտկվելու, քան նույն այդ լրագրողները։ Նիկոլ Փաշինյանն ասաց այդ մասին, եւ ես անմիջապես դադարեցրեցի իմ պնդումը։

-Իսկ Դուք ինչպե՞ս եք Ձեզ զգում, խորհրդանշական չէ՞, որ ձեր առաջարկին կողմ են եղել հանրության շրջանում ամենավարկաբեկված պատգամավորներից ոմանք։

-Բացարձակապես ես համեմատական վերլուծությունը որեւէ մեկի նկատմամբ չեմ հասկանում, ամեն մեկը՝ իր պոտենցիալով, իր խելքով, իր մոտեցումներով ու մարդկային հարաբերություններով։ Ես ունեմ իմ վարքագիծը, լավ է, թե վատ, դուք գնահատեք։

-Սակայն դուք տեսաք, որ լրագրողների գործունեությունը սահմանափակելուն կողմ են հիմնականում հեղինակազրկված պատգամավորները։

-Տոլերանտությունը, հանդուրժողականությունը վտանգավոր ինստիտուտ է։ Ամեն ինչը սահման ունի, եթե թույլ է տրված ամեն ինչ, ուրեմն մարդ արարածը կարող է անցնել բոլոր սահմանագծերը։

-Հնարավո՞ր է ոչ միայն խորհրդարանում, այլեւ ամբողջ երկրում մի մարմին ստեղծեք, որը կգրաքննի բոլոր նյութերը։ Հնարավո՞ր է նման նախագիծ ներկայացվի։

-Բացարձակ, ես պետք է ասեմ, որ հանրապետական պատգամավորներ Շարմազանովը, Բաղդասարյանն անմիջապես ասացին, որ պետք չեն ընդհանրապես սահմանափակումներ, փաստորեն, ես այդ հարցում ավելի էքստրիմից դուրս եկա, քան իրենք։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Մեկնաբանություն
X