Իսկ ինչո՞ւ ոչ Տեր-Պետրոսյանը

Հին իներցիայո՞վ, թե՞ նախագահական ինստիտուտի հանդեպ արդեն իսկ ի հայտ եկող կարոտախտով այս օրերին բոլորը՝ ե՛ւ քաղաքական շրջանակներում, ե՛ւ լրագրողական, ե՛ւ կենցաղային, քննարկում են ՀՀ 4-րդ նախագահի թեկնածուի հարցը։ Գործող իշխանությունն ամեն ինչ արեց, որ այդ հարցը մղվի երկրորդ պլան, կոնկրետ անձի՝ նախագահի պատասխանատվության ինստիտուտը փոխարինվի մեծ խումբ անձանց կոլեկտիվ անպատասխանատվության ինստիտուտով, սակայն ՀՀ քաղաքացին շարունակում է հարգել այս ինստիտուտը։

Բազում անուններ են շրջանառվում, թե ով է զբաղեցնելու նախագահի աթոռը։ Չնայած այն, ըստ ամենայնի, կվերածվի անգլիական թագուհու՝ կզբաղվի վարչապետի առաջարկները վավերացնելով, դեսպաններ ընդունել-ճանապարհելով, օրենքներ ստորագրելով, այնուամենայնիվ, եղած իրավասություններն էլ քիչ չեն, եթե չասենք, որ չգրված օրենքներով ու ավանդույթներով դրանք կարող են բազմապատկվել։ Դա է պատճառը, որ անգամ Սերժ Սարգսյանն է ընդգծում հանրային մեծ հեղինակություն վայելող, ծանրակշիռ թեկնածու ընտրելու անհրաժեշտությունը։ Սակայն առայսօր շրջանառվող անունները հանրային վարկանիշի առումով խոցելի են։ Ո՛չ ղարաբաղյան ծագումով Արկադի Ղուկասյանն է բավարար սիրված ու հարգված, ո՛չ ճամբարափոխ Վազգեն Մանուկյանը, ո՛չ թույլ ու անհասկանալի Գագիկ Հարությունյանը, ո՛չ ժամանակին Հայաստանից խայտառակ ճողոպրած Արմեն Սարգսյանը, ո՛չ դիվանագիտական աշխատանքները լիովին ձախողած Էդվարդ Նալբանդյանը։

Եվ ինձ համար անհասկանալի է, թե ինչու չի քննարկվում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, որը, ըստ իս, իդեալական է այս պարագայում՝ իր գիտելիքներով, պատրաստվածությամբ, հանրային վարկանիշով ու անցած ճանապարհով։ Տեր-Պետրոսյանի առաջադրումը գործող իշխանության վարկանիշն էլ կբարձրացնի։

Արմինե Օհանյան

Մեկնաբանություն
X