Չվարկաբեկված մարդ գտնելու համար հասել են Լոնդո՞ն

ՀՀ նախագահի թեկնածուների պակաս, ինչպես տեսնում ենք, չկա: Իսկ ամենահետաքրքիրն էլ այն է, որ օրումեջ շրջանառության մեջ դրվող անունների տերերը նույնիսկ այնքան համեստություն չունեն, որ մի երկու չեմուչում անեն, հայտարարեն, որ հենց նոր լսեցին այդ մասին: Բոլորն էլ պատրաստ են լինելու ՀՀ նախագահ: Թերևս բացառություն է միայն ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, որ հրաժարվեց այդ «մեծարումից», թեև նրա անունը շրջանառվում էր դեռ առաջին թեկնածուների մեջ: Մյուսները` Էդվարդ Նալբանդյան, Արկադի Ղուկասյան, Գագիկ Խաչատրյան, Արթուր Բաղդասարյան, Հովիկ Աբրահամյան, Վազգեն Մանուկյան և այլն, տակավին համեստության նշաններ ցույց չեն տվել և, հավանաբար, ցույց էլ չեն տա, քանի որ հրապարակ է նետվել նոր թեկնածուի անունը` Հայաստանի 1996-1997 թվականների ակնթարթային վարչապետ, քաղաքական ոչ պարզ հանգամանքների բերումով Մեծ Բրիտանիա հեռացած, ապա այդ երկրում ՀՀ դեսպան նշանակված Արմեն Սարգսյան:

Մենք, իհարկե, ծանոթ ենք Սերժ Սարգսյանի աշխատաոճին և արդեն չենք զարմանում նրա որևէ անսպասելի որոշումից: Բայց այսքա՞ն անսպասելի… Երևի դեռ պետք է նաև պարզել` ունի՞ Արմեն Սարգսյանը Հայաստանում բնակվելու պահանջվող ցենզը: Ասում են` ՀՀ դեսպանի 4 տարվա ստաժը բավական է, որ նա համարվի ՀՀ-ում 4 տարի անընդմեջ բնակված: Բայց ի՞նչ է, մեր ճակատին գրված է, որ ՀՀ ղեկավարները պետք միշտ կցած-կցմցած ցե՞նզ ունենան: Խորհրդարանի ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը նշել էր, որ ՀՀ 4-րդ նախագահը պետք է ընտրվի խորհրդարանի լայն համաձայնությամբ: Ինչպե՞ս հասկանալ նրա այս հայտարարությունը, երբ ի դեմս Արմեն Սարգսյանի հրապարակ է բերվում հերթական «քինդեր սյուրպրիզը» և դիցուք` 1in.am- ին էլ հրահանգ իջեցվում` լայնորեն լուսաբանեն այդ ավետիսը: Անձամբ ես ոչինչ չունեմ Արմեն Սարգսյանի թեկնածության դեմ, բայց դա ոչ թե այն պատճառով, որ նա ով գիտի կրթված, օտար լեզուներ իմացող, անգլիական թագուհու պալատում լայն կապեր և ԵՏՄ տարածքում հաջողակ բիզնեսներ ունեցող անձնավորություն է, այլ այն, որ նրան ընդհանրապես չեմ ճանաչում: Իմ ճանաչել-չճանաչելը դեռ ոչինչ:

Իսկ ո՞վ է նրան լավ ճանաչում այսօրվա խորհրդարանում, որ մի հատ էլ լայն համաձայնությամբ ընտրեն: Ասում են բա գիտե՞ք, վարչապետի պաշտոնում շատ կարճ աշխատելով` նա չի հասցրել վարկաբեկվել: Կարելի է մտածել` Արմեն Սարգսյանին բերում են, որ այդ «բացը» լրացնեն: Ամոթ էլ է ասելը, բայց ստացվում է, որ չվարկաբեկված մարդ գտնելու համար հասել են Լոնդոն: Իհարկե, չի բացառվում որ նախագահացուների անունների այս հեղեղը կազմակերպում է Սերժ Սարգսյանը` նպատակ ունենալով ստուգել ներքաղաքական գծերն ու հասարակության վերաբերմունքը:

Դա ոչ բարդ և շատ էժան եղանակ է, մանավանդ որ Մանվել Գրիգորյանի ասած` մուրճն էլ է Սերժ Սարգսյանի ձեռքին, մեխն էլ: Այդուհանդերձ, որքան էլ ՀՀԿ-ից է կախված, թե ով է լինելու ՀՀ 4-րդ նախագահը, Սերժ Սարգսյանը, կարծում ենք, նրան ի հայտ բերելու համար ավելի շուտ պետք է խորհրդակցեր ԱԺ-ում ներկայացված ուժերի հետ և ոչ թե օրական մի անուն նետեր շրջանառության մեջ ու սպասեր արձագանքների, ընդհուպ` հեռավոր մայրաքաղաքներից: Հայաստանում, ինչ է, չկա՞ն ավելի ռեալ մարդիկ, թե՞ հույս ունենք, որ Եվրոպայում իր կապերի շնորհիվ Արմեն Սարգսյանը կարողանալու է Հայաստանը նոր բարձունքների հասցնել: Խոսելիք այս թեմայով շատ կա, բայց ժամանակ չկա այդքան խոսելու, որովհետև չի բացառվում, որ մինչ այս հոդվածի վերջակետը դնելը մի նոր անուն հայտնվի ու անիմաստ դառնա նախորդի մասին խոսելը: Այնպես որ ավելի լավ է սպասենք նոր անունների:

Էդիկ Անդրեասյան

Մեկնաբանություն
X