Հայաստանին ԱԳՆ պետք չէ

Ի՞նչ կապ ունի Հայաստանի Հանրապետությունը խորհրդային մարշալ Իվան Կոնևի հետ։ Ըստ էության ոչ մի, բայց չգիտես ինչու 2017 թ․ դեկտեմբերի 22-ին Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդես է եկել Պրագայում մարշալ Կոնևի արձանի մոտ նոր ցուցանակի տեղադրման դեմ՝ միանալով Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ադրբեջանի դեսպանների նախաձեռնությանը։ Նոր ցուցանակի վրա գրված է, որ Կոնևը 1945թ․ մասնակցել է Պրահայի ազատագրությանը, ինչպես նաև՝ 1956 թ․ հունգարական ապստամբության և 1968 թ․ «Չեխական գարնան» ճնշման գործողություններին։ Հետխորհրդային երկրների դեսպանները վերջին երկու փաստերը դիտարկել են որպես հուշարձանի կարևորության նսեմացում և անարգանք նազիզմի դեմ պայքարում զոհվածների հիշատակի նկատմամբ։

Չեխիայի արտաքին գործերի նախարար Մարտին Ստրոպնիցկին նամակով դիմել է հետխորհրդային հինգ երկրների դեսպաններին՝ հայտնելով, որ Չեխիայի կենտրոնական իշխանությունները ՏԻՄ իշխանության որոշումներին միջամտելու իրավունք չունեն, քանի որ արձանի տեղադրման և մակագրության որոշումները գտնվում են ՏԻՄ իրավասությունների ոլորտում: Կոնևի արձանը պատկանում է Պրագայի 6-րդ թաղամասին և ՏԻՄ իշխանությունները այդպիսի որոշում կայացնելու իրավունք ունեն։ Բացի այդ Ստրոպնիցկին շեշտադրել է այն հանգամանքը, որ Կոնևի արձանի ճակատագիրը Պրահայի իշխանությունների և քաղաքացիների ներքին գործն է՝ հույս է հայտնելով, որ դեսպանները չեն շրջանառի այնպիսի թեմաներ, որոնք կնպաստեն փոխհարաբերությունների վատթարացմանը:

Բայց, այնուամենայնիվ, ի՞նչ կապ ունի Հայաստանի Հանրապետությունը մարշալ Կոնևի հետ։ Արդյո՞ք ԱԳՆ-ում տեղյակ չեն եղել, որ Չեխիայի գործադիր իշխանությունները իրավունք չունեն միջամտելու ՏԻՄ որոշումներին և ընդհանրապես մի՞թե Էդվարդ Նալբանդյանը չի հուշել իր դիվանագետներին, որ առհասարակ ՀՀ-ն իրավունք չունի միջամտել Չեխիայի ներքին գործերին։

Այս հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանից, որն այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։ Ընդհանրապես ԱԳՆ-ն, կարծես թե, փակ և մեկուսացած կառույց լինի, որը կապ չունի հայկական իրականության հետ։ Մեր հեռախոսազանգերին չպատասխանելու փաստը ասվածի լուռ վկայությունն է։ Հանրության հետ երկխոսելու, Հայաստանի առջև ծառացած արտաքին մարտահրավերների և հիմնախնդիրների վերաբերյալ քաղաքացիներին ու լրագրողներին բացատրություն ներկայացնելու, դրանց վրա լույս սփռելու փոխարեն կառույցն այդ պարբերաբար անհետանալու և մոռացության գիրկը հայտնվելու հատկություն ունի։ Այն աստիճան, որ ՀՀ քաղաքացիները երբեմն մոռանում են, որ արտգործ նախարար ունեն։

Այս ամեն ինչից զատ ԱԳՆ լավ ակտիվ է ստվերային գործարքներում, մասնավորապես՝ դիվանագիտական անձնագրեր է շռայլում քրեական հեղինակություններին՝ դրանց նշանակելով նախարարի խորհրդականներ։ Կամ էլ նախարար Նալբանդյանը հարկատուների հաշվին «բիզնես կլասով» շրջում է Աֆրիկա մայրցամաքում և ՀՀ-ի համար ոչ այնքան կարևոր նշանակություն չունեցող երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ է հաստատում։ Փոքր Հայաստանի ինչի՞ն են պետք այդ անկարևոր հարաբերությունները, որոնք հավելյալ ծախսեր են պահանջում։

Ահա սա է Հայաստանի արտաքին գերատեսչության գործունեության իրական էությունը։ Ո՛չ, մենք ամենևին էլ չենք փորձում ստվերել բարեխիղճ դիվանագետների աշխատանքը, որոնք մասնագիտական լուրջ ծառայություններ են մատուցում պետությանը։ Խոսքը Նալբանդյանի և ԱԳՆ-ի ինքնասիրահարված ղեկավար կազմի մասին է, որոնք համոզված են, թե իրենք ամեն ինչ ճիշտ են անում, բայց միջազգային հարաբերություններից գլուխ չհանող «կիսագրագետ» լրագրողները չեն հասկանում իրենց անփոխարինելի առաքելության արժեքը։

Ի՞նչ ձեռքբերումներ ունի ԱԳՆ-ն։ Շատերը կասեն թե ԵՄ-ի հետ համապարփակ ու ընդլայնված պայմանագիրը։ Լա՛վ, դա հասկացանք, չնայած, որ դրա կնքումը մեծ հաշվով արդյունք էր Մոսկվայի «բարի» ցանկության և ԵՄ-ի վճռականություն։ Իսկ հետո՞, էլ ի՞նչ ձեռքբերումներ կան։ Ղարաբաղյան հակամարտության շուրջ ծավալվող բանակցությունները փակուղային իրավիճակում են, բայց երբ հարցնում ենք, ամբողջ մեղքը բարդում են Ադրբեջանի վրա։ Թուրքիայի հետ երկխոսություն չկա և նորից միայն Թուրքիան է մեղավոր։ Բոլորը մեղավոր են, բացի՝ ԱԳՆ-ից։ Ենթադրենք այդ հարցերում Հայաստանը հնարավորություն չունի լիարժեք նախաձեռնողի դերում հանդես գալ, իսկ ուրիշ հարցերու՞մ։ Ուրիշ հարցն էլ երևի Բուդապեշտում և Պրահայում մարդկանց տանկերի տակ լխճած մարշալի իրավունքների պաշտպանությունն է։

Մեր ինչի՞ն է պետք արտաքին գործերի նախարարությունը, միևնույնն է Հայաստանն արտաքին որևէ քաղաքական հարցում չի կարողանում նախաձեռնող լինել, այլ միայն արձագանքող է։ Այսինքն առանց ԱԳՆ-ի էլ հնարավոր կլինի արձագանքել ու պետ․ բյուջեից հսկայական գումարներ անիմաստ չենք տրամադրի այդ պարապ նախարարությանը, որի դեսպանները նույնիսկ տեղյակ էլ չեն, որ Չեխիայի ԱԳՆ-ն չի կարող միջամտել ՏԻՄ իշխանությունների որոշումներին։

Չնայած՝ հնարավոր է և տեղյակ են, բայց, հանուն Մոսկվայի ինչ զոհուղությունների ասես, որ չեն գնա։

Մեկնաբանություն
X