Ծառուկյանը գնացել է նախագահական

>

Ինչպես հայտնի է, Ազգային ժողովի խորհուրդն այսօր հրավիրված էր ՀՀ նախագահի նստավայր՝ Սերժ Սարգսյանի մոտ խորհրդակցության։

Քիչ առաջ ավարտվել է խորհրդակցությունը, որի ժամանակ քննարկվել են մի շարք հարցեր, մասնավորապես, պառլամենտական համակարգին անցում կատարելու եւ այդ համատեքստում խորհրդարանի անելիքների վերաբերյալ։ Խորհրդակցության այլ մանրամասներին առաջիկայում կանդրադառնանք։ ԱԺ խորհուրդը գրեթե ողջ կազմով, բացառությամբ Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի, ներկա է գտնվել խորհրդակցությանը։

Ուշագրավը հատկապես Ծառուկյան խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մասնակցությունն է։ Ծառուկյանը թեեւ ի պաշտոնե իրավունք ունի խորհրդի անդամ հանդիսանալու, սակայն փաստացի նրան ԱԺ խորհրդում մինչ օրս փոխարինել է խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։ Նշենք, որ ԱԺ պաշտոնական կայքէջում հաստատված է խորհրդի կազմը, որում բացակայում է Գ․ Ծառուկյանի անունը։ Ստացվում է, որ ԲՀԿ առաջնորդը նիստերին չի հաճախում, ԱԺ խորհրդում իր տեղը զիջում է քարտուղարին, սակայն, նախագահական գնում է։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի խորհուրդը մի մարմին է, որին անդամակցում են Ազգային ժողովի նախագահն ու փոխնախագահները, խմբակցությունների ղեկավարները, ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները՝ փաստացի Ազգային ժողովի ղեկավար կազմը։ Ի դեպ, հիշեցնենք, որ օրերս Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կոչով փորձ արեց կանխել գործընկերների այցը նախագահական։ «Կարծում եմ՝ կառավարման խորհրդարանական համակարգի անցման տարի հայտարարված 2018 թվականը այդ հայտարարության ոգուն եւ տրամաբանությանը հակասող հավաքով սկսելը կասկածի տակ է դնում կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու առանց այն էլ կասկածելի գործընթացը։ Որեւէ մեկը իրավունք չունի եւ չպետք է հնարավորություն ունենա Ազգային ժողովի խորհրդին «իր մոտ կանչել» եւ նման գործելակերպը վիրավորական եմ համարում երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի համար։ Ելնելով վերը նշվածից՝ բոլորիդ կոչ եմ անում չմասնակցել վերը նշված խորհրդակցությանը։ Եթե կա ԱԺ խորհրդի հետ որեւէ հարց քննարկելու անհրաժեշտություն, Սերժ Սարգսյանը ի՛նքը պետք է ԱԺ խորհրդին հարմար ժամանակ ներկայանա Ազգային ժողով»,- իր առաջարկը հիմնավորել էր պատգամավորը, գրությունն ուղարկելով ԱԺ խորհրդի ամբողջ կազմին։

Մեկնաբանություն
X