Ժողովրդին կարկանդակներ բաժանելու ժամանակը

Ստորև ներկայացնում ենք Էդիկ Անդրեասյանի հարցազրույցը` Էդիկ Անդրեասյանի հետ:

-Պարոն Անդրեասյան, Դուք պարաստվո՞ւմ եք մասնակցել «Ելք» դաշինքի երթին` ընդդեմ թանկացումների:

-Այո, իհարկե, ես մտքով «Ելքի» հետ կլինեմ այդ օրը:

-Այսինքն` դժգոհ եք թանկացումներից…

-Ես հո ՀՀԿ-ական պատգամավոր չե՞մ, որ գոհ լինեմ:

-Այդ դեպքում ինչո՞ւ եք որոշել մտքով, ասել է, թե` տնից հետևել «Ելքի» երթին:

-Ես չասացի, որ հետևելու եմ երթին: Կրկնում եմ. «Մտքով «Ելքի» հետ կլինեմ այդ օրը»:

-Դե այդ օրը մտքով, շատերն են լինելու «Ելքի» հետ:

-Միանգամայն իրավացի եք:

-Բայց մինչև ժողովրդական զանգվածներ փողոց դուրս չգան, թանկացումները չեն դադարի:

-Դուք նկատի ունեք նորմալ երկրներն ու հասարակություննե՞րը:

-Այո:

-Այդ դեպքում ես համաձայն եմ ձեզ հետ: Հայաստանի պարագայում` ոչ:

-Ինչո՞ւ:

-Մեզ մոտ հակառակ է ամեն բան: Մեզ մոտ լուծվում են համեմատաբար փոքրաթիվ ցույցերում բարձրացվող հարցերը և, որպես կանոն, չեն կատարվում բազմամարդ հանրահավաքներում առաջ քաշված պահանջները: Այս առումով Հայաստանը չի կարելի նորմալ երկիր համարել:

-Դուք ինչ-որ բա՞ն եք ակնարկում:

-Չէ, ի՞նչ ակնարկ, ես աչքիս տեսածն եմ ասում: Հիշեք Մաշտոցի պուրակի դեպքերը, տրանսպորտի գնի բարձրացման փորձը, վարչապետ Տիգրան Սարգսյանին գործից հանելը, երբ բավարարվեցին «ցուցարարների» բոլոր պահանջները: Փոխարենը ինչե՞ր տեղի ունեցան ՀԱԿ-ի, իսկ ավելի ուշ «հրաշալի եռյակի» և ամենավերջում «Սասնա ծռերի» հետևորդների բազմահազարանոց ցույցերից հետո: Ավելի դիպուկ օրինակ էլ կարող եմ բերել: Հիշեք Րաֆֆի Հովհաննիսյանի և Վլադիմիր Գասպարյանի քայլերթը դեպի Ծիծեռնակաբերդ: Եվ պատկերացրեք` այդ ժամանակ Սերժ Սարգսյանը չասաց` Վովա ջան, սիրուն չի: Փոխարենը, երբ Զարուհի Փոստանջյանը «բալգարկայով» սկսեց ապամոնտաժել Մաշտոցի պուրակի տաղավարները, Սերժ Սարգսյանն ասաց` Տարոն ջան, ինքդ էլ տեսնում ես, որ սիրուն չի:

-Դուք ուզում եք ասել, որ «Ելքը» փոքրաթիվ մարդկանց երթով կարող է ավելի մեծ հաջողությունների՞ հասնել:

-Հայաստանում` այո: «Ելքը» 2 անգամ արդեն դա ապացուցել է, իսկ Աստված, ինչպես ասում են, երրորդություն է սիրում: Հիմա էլ թող գնան, գարաժների գլուխները բարձրանան, իշխանություններին ուշունց տան: Մեկ էլ տեսար` ստացվեց:

-Պարոն Անդրեասյան, ձեր խոսքերից «Ելք»-ում կարող են վիրավորվել:

-Չեն վիրավորվի: Ես, ընդհակառակը, առավել ինքնավստահ լինելու կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանին և Էդմոն Մարուքյանին: Նրանց երթին միանալ չի ցանկանում ԲՀԿ-ն, Ազատ դեմոկրատները հայտարարել են, թե իրենց գրասենյակի պատուհանից են հետևելու երթին … այ այսպիսի բաներից թող վիրավորվի ընդդիմադիր «Ելքը»: Թե չէ ես ի՞նչ ասացի, որ վիրավորվեն:

-Պարոն Անդրեասյան, ընդունեք, որ մեկի անսպասելի հաջողությունների մասին անընդհատ խոսելը, դրանք աչք կոխելը, այնուամենայնիվ, վիրավորական է:

-Քավ լիցի, ես նման մտադրություն չունեմ, իսկ «Ելքի» հաջողություններն էլ անսպասելի չէին ինձ համար: Երբ նրանք ԱԺ ընտրություններում իրենցից վանում էին բոլոր ընդդիմադիրներին, ես անմիջապես հասկացա, որ շատ համարձակ տղաներ են, համարյա` «Էլեկտրիկ Երևանի» տղաների չափ: Եվ ես չսխալվեցի: «Ելքի» տղաների փոքրիկ դաշինքը մտավ խորհրդարան, այսինքն` հարց լուծեց: Հետո եկավ Երևանի քաղաքապետարան մտնելու հերթը, և նորից հաջողություն:

-Իսկ ի՞նչ կմաղթեք «Ելքին» խորհրդարանական պայքարը փողոց դուրս բերելու այս կարևոր և պատասխանատու փուլում:

-Իհարկե, հաղթանակ` թանկացումների կասեցում:

-Այո, բայց թանկացումների կասեցման բանալին ՀՀ իշխանությունների գրպանում չէ` ասում են:

-Թույլ տվեք մի անեկդոտ պատմեմ այդ դեպքի համար: Մեկին հարցնում են` եթե անապատում առյուծը հարձակվի վրադ, ի՞նչ կանես: Ասում է` կբարձրանամ ծառը: Բայց անապատում ծառ կա՞… Ախպեր, ասում է, երբ առյուծն է հարձակվում, էլ չես նայում` ծառ կա, չկա, բարձրանում ես: Հիմա երբ «Ելքն» է փողոց դուրս գալիս, ի՞նչ կարևոր է` ՀՀ իշխանությունների գրպանում բանալի կա, թե՞ չկա: Իսկույն բանալին բերում են ու թանկացումը կասեցնում:

-Բայց կարող էին չէ՞, առանց «Ելքի» փողոց դուրս գալու անել դա:

-Երևի: Ավելի լավ է այդ հարցը գրավոր ձևակերպեք և ուղարկեք Բաղրամյան 26: Ես չեմ կարող ասել, թե ինչ են մտածում այնտեղ և ինչ են ուզում անել առաջիկա երկու ամսում: Մի բան վստահ կարող եմ ասել, որ ամբողջ աշխարհում, երբ իշխանությունները ուզում են մի բան անել, դրանից առաջ մի քիչ կարկանդակ են բաժանում ժողովրդին: Այդ ժամանակ, մանավանդ Հայաստանի նման երկրում, պետք է որ մեկը պահանջի` բաժանել կարկանդակները: Այլապես ամեն ինչ շատ ցցուն կլինի:

-Շնորհակալություն, պարոն Անդրեասյան, բովանդակալից հարցազրույցի համար:

-Խնդրեմ, ես միշտ պատրաստ եմ հարցազրույց տալ Ձեզ, օրը` 24 ժամ:

Էդիկ Անդրեասյան

Մեկնաբանություն
X