Անպաշտպան լինելը լավագույն պաշտպանությունը չէ

ԱՄՆ հակառուսական պատժամիջոցները որքան էլ թիրախային լինեն, միևնույն է, չեն կարող ազդեցություն չունենալ այն երկրների վրա, որոնք այս կամ այն չափով հարաբերվում են Ռուսաստանի հետ, ունեն պայմանագրեր և համաձայնագրեր: Բոլոր, այդ թվում և ռուսական տնտեսությունը կենդանի օրգանիզմ է և, անկախ որևէ մեկի կամքից, հակազդում է այդ պատժամիջոցներին և անընդհատ վերափոխվում է, փորձում վերականգնվել: Պատժամիջոցներով առավել թույլ տնտեսությունները, գուցե, հնարավոր է նույնիսկ ոչնչացնել, իսկ ի՞նչ անել, եթե տվյալ տնտեսությունը նման է ջրով լի ռետինե տարայի, որի մի պատը սեղմելիս մյուս պատերը ուռչում, կորանում են և հեղուկը պարզապես տեղաշարժվում է` ընդունելով նոր ձևեր: Ժամանակն էլ ցույց է տվել, որ խոշոր, ինքնաբավ տնտեսություն ունեցող երկրների դեմ կիրառվող պատժամիջոցները որքան էլ աղմկոտ են, միևնույն է, արդյունք չեն տալիս, եթե չասենք, որ նպաստում են տվյալ տնտեսության մեջ նոր ճյուղերի ու ոլորտների զարգացմանը: Օրինակները շատ են: Պարսկաստանի դեմ տասնամյակներ շարունակ ձգվող պատժամիջոցների արդյունքը եղավ այն, որ այդ երկրի գիտնականներն ու զինվորականները մի գեղեցիկ օր ամերիկյան գերժամանակակից անօդաչու թռչող սարք իջեցրեցին: Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հանգեցրել են Եվրամիության կրախին և ԱՄՆ-ից այսօր արդարանում են, թե այդ կերպ պայքարում են Խորհրդային Միությունը վերականգնելու Ռուսաստանի փորձերի դեմ: Հետաքրքիր է նաև իմանալ, թե ինչպե՞ս է տիկին Մերկելը Բեռլինից մինչև Տոկիո երկաթգիծ կառուցելու, եթե նրա դաշնակից ԱՄՆ-ն իր պատժամիջոցներով ամեն ինչ անում է, որ Ռուսաստանը վերջապես պատ կառուցի իր արևմտյան սահմաններին: Ու դեռ հարց է, թե այդ պատից ով ավելի շատ կտուժի` Պուտի՞նը, թե՞ տիկին Մերկելի Եվրոպան:

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի ռազմաարդյունաբերական ընկերությունների դեմ այն հույսով, որ դրանք կարող են այլ երկրների զերծ պահել ռուսական զենք գնելու գայթակղությունից: Գնե՞ս, դու էլ կհայտնվես թիրախում, կպատժվի նաև քո կառավարությունը: «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ԱՄՆ արտաքին քաղաքականության խորհրդի վերլուծաբան Սթիվեն Բլանկը մասնավորապես ասել է. «Վատ չէր լինի, եթե ռուսական զենքերը դադարեին Հարավային Կովկաս գալ, գուցե դա կողմերին կօգներ խաղաղության հասնել»: Կողմեր ասելով` նա, վստահաբար, նկատի ունի Հայաստանին և Ադրբեջանին` Ռուսաստանի ռազմավարական դաշնակցին մի կողմից և Ռուսաստանից միլիարդների հասնող գործարքներով զենք ներկրող պարտնյորին` մյուս կողմից: Հայաստանն, իհարկե, կողջուներ ԱՄՆ-ի այս «հումանիստական» պատժամիջոցը, եթե Վաշինգտոնը կարողանար նաև երաշխավորել, որ այդ դեպքում մեր ռազմատենչ հարևանը չի շարունակի զինվել այլ շուկաներում, մասնավորապես գնել իսրայելական, թուրքական ճապոնական կամ հենց ամերիկյան զենք: Իմիջիայլոց, աշխարհին է հայտնի, որ ամերիկյան զենքը Սիրիայում ընկել է գրոհայինների ձեռքը: Ի՞նչ ճանապարհով` էական չէ: Իրաքի կառավարական բանակը անկախության հանրաքվե անցկացրած Քրդստանի վրա գնաց ամերիկյան զենքով` հրանոթներով, զրզհատեխնիկայով և այլն: Եմենի դեմ ամերիկյան զենքով է կռվում արաբական կոալիցիան, ամերիկյան ինքնաթիռներով է Իսրայելը ռնմբակոծում Պաղեստինը, ամերիկյան զենքով Թուրքական բանակը ներխուժեց Սիրիա, իսկ թուրք խուժանը` Քեսաբ: Այսինքն` ոչ մի երաշխիք չկա, որ ամերիկյան զենքը կարող է կրակել նաև Արցախի և Հայաստանի սահմաններին:

Նույն Սթիվեն Բլանկը նաև ասել է. «Եկեք պարզ խոսենք, պատժամիջոցները Ռուսաստանին կործանում են: Հայաստանի շահերից է բխում ձերբազատվել Մոսկվայի ճնշումներից և հավասար հարաբերություններ հաստատել բոլորի հետ»: Ի՞նչ նկատի ունի Բլանկը` Ռուսաստանի կործանում ասելով: Մրցակից բևեռի ոչնչացո՞ւմ: Այ, այ, այ, ամերիկյան մեծամտությունը, ինչպես տեսնում եք, առաջ է անցել ռուսական շովինիզմից: 1776 թվականի հուլիսի 4-ին ստեղծված ԱՄՆ-ը պատրաստվում է պատժամիջոցներով կործանել 8-րդ դարից եկող, այս աշխարհում ամեն ինչ, այդ թվում և բոլշևիկյան չումա տեսած Ռուսաստանին: Բայց սա դեռ մի կողմ: Իսկ ինչո՞ւ կործանել Ռուսաստանը, Հյուսիսային Կորեան, Իրանը… Ի՞նչ է նշանակում երկիր կործանել, միլիոնավոր մարդկանց մատնել ճակատագրի քմահաճույքներին: Վերջապես, եթե ԱՄՆ-ն այդքան շատ է ուզում կործանել մեկին, թող կործանի Թուրքիան, որտեղ ոտնահարված են մարդու բոլոր իրավունքները, որ ունի աշխարհում միակ փակ սահմանը, որ բացահայտ կերպով զինում ու պատրաստում է Ադրբեջանի բանակը, որ սերտ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ:

Ցանկացած երկրի ու պետության շահերից է բխում այլ պետության, նույնիսկ Ռուսաստանի ճնշումներից ձերբազատվելը և բոլորի հետ հավասար հարաբերություններ հաստատելը: Բայց պետք է իմանալ, որ այդ ձերբազատումը գործընթացների մի ողջ համալիր է, որով պայմանավորված են «ազատագրվող» երկրի անվտանգության և կենսունակության հետ կապված բոլոր հարցերը: 21-րդ դարում հնարավոր չէ կտրուկ քայլեր ձեռնարկել` հաշվի չառնելով դաշնակից և բարեկամ երկրների շահերը, հակառակորդ և թշնամի հարևանների հնարավոր արձագանքները, վերջապես` սեփական շահերը: Դիցուք` Հայաստանին թավշյա և գունավոր առաջարկներ անող ԱՄՆ-ը կարո՞ղ է երաշխավորել Հայաստանի և Արցախի անվտանգությունը, եթե Հայաստանը մասնակից դառնա իր միակ ռազմավարական դաշնակցի կործանմանը: Իհարկե` ոչ: Մենք օրինակներ շատ ունենք: Նույն ԱՄՆ-ը, 20-րդ դարի սկզբին, ունենալով Հայաստանի ճակատագիրը տնօրինելու մանդատը, Հայաստանը թողեց Թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի ճիրաններում, Նույն ԱՄՆ-ը ոչինչ չձեռնարկեց, երբ Թուրքիայի կանոնավոր զորքերը ներխուժեցին ՄԱԿ անդամ պետության` Սիրիայի սուվերեն տարածք, երբ ռուսական զորքերը հասան Թբիլիսիի մատույցները: Մի՞թե ԱՄՆ-ում մտածում են, որ, ինչպես Կիևում, անվճար կարկանդակ բաժանելով լյումպենին, կկարողանան փոխել Հայաստանի ու հայ ժողովրդի ճակատագիրը: Մենք ոչինչ չունենք զիջելու, Ղրիմ չունենք, Դոնբաս չունենք, Աբխազիա և Հարավային Օսիա չունենք, չունենք նաև այնպիսի հարևաններ, որոնք կողջունեն Հարավային Կովկասում Ռուսաստանին գրգռելու որևէ արկածախնդրություն:

ԱՄՆ արտաքին քաղաքականության խորհրդի վերլուծաբան Սթիվեն Բլանկն իր հայտարարությամբ, հավանաբար, ցանկանում է ԼՂ հարցի կարգավորման հարթակում վերականգնել Ռուսաստան-ԱՄՆ երկիշխանությունը և հասնել հատկապես ապրիլյան պատերազմից հետո հակամարտող կողմերի հետ հարաբերություններում Ռուսաստանի «մենաշնորհի» վերացմանը: Մենք միշտ ենք ասել, որ ԼՂ հարցի կարգավորման և Հարավային Կովկասում երկարատև և կայուն խաղաղության հաստատման գործում Մինսկի խմբին, որտեղ հավասարակշվում են լուծումները, այլընտրանք չկա: Բայց և ակնհայտ է, որ համանախագահող երկրները պարտավոր են կարգավորել խնդիրը և ոչ թե իրենց քաղաքական հաշիվները մաքրեն այդ հարթակում կամ հակամարտող կողմերին սիրաշահեն դեպի իրենց:

Հայաստանում քիչ չեն այն մարդիկ, որոնք կարծում են, որ Ռուսաստանի ռազմաարդյունաբերական ոլորտի դեմ ամերիկյան պատժամիջոցները կարող են նպաստել Հարավային Կովկասում միլիտարիզացիայի մակարդակի նվազմանը, ինչը, իր հերթին, տարածաշրջանում կնվազեցնի պատերազմի վերսկսման ռիսկերը: Բացի այդ, ըստ նրանց, Վաշինգտոնը շեշտակի կարող է մեծացնել իր դերակատարությունը ԼՂ կարգավորման գործընթացում, եթե Հարավային Կովկասն առաջնահերթություն դառնա Սպիտակ տան օրակարգում: Մեր կարծիքով` սա շատ ջրիկ մտածելակերպ է: Բացատրեմ ինչու: Նախ` «սառը պատերազմի» տարիներին աշխարհում խաղաղությունը պահպանվել է հենց միլիտարիզացիայի բարձր մակարդակի և սպառազինությունների մրցավազքի շնորհիվ: Հիշեցնեմ` միջուկային մրցավազքը սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը դեռ չավարտված: Հիրոսիմայի և Նագասակիի վրա ատոմային հարձակմանը հետևել է ԽՍՀՄ-ում ջրածնային ռումբի ստեղծումը: Սրանք փաստեր են: Մյուս կողմից էլ սխալ է կարծելը, որ Հարավային Կովկասը նոր-նոր պետք է դառնա Սպիտակ տան օրակարգային հարց: Դեռ ԽՍՀՄ փլուզման և ղարաբաղյան պատերազմի օրերից է Կովկասը հայտնվել ԱՄՆ արտաքին քաղաքականության օրակարգում, ինչի վկայությունն է նաև ՄԽ-ում ԱՄՆ համանախագահությունը: ԼՂ հարցի կարգավորման նախընթաց 25 տարիներին, չնայած ԱՄՆ ակտիվությանը, երբեք չի եղել մի ժամանակահատված, որ ասեինք` նոր պատերազմի վտանգ չկա: Այդ վտանգը, մանավանդ Իլհամ Ալիևի իշխանության գալուց հետո, միշտ է եղել և, որքան էլ տարօրինակ հնչի, տարբեր միջազգային կառույցներ հենց ՄԽ-ում մեծ ակտիվություն ցուցաբերող ԱՄՆ հովանավորությամբ բազմաթիվ աննորմալ բանաձևեր են ընդունել, որոնք, մեղմ ասած, չեն նպաստել Ալիևի ռազմատենչ ձգտումների թուլացմանը: Իսկ ե՞րբ տեղի ունեցավ ապրիլյան պատերազմը: Այո, դա այն օրերին էր, երբ ԱՄՆ-ը լայնածավալ գրոհի էր անցել Մերձավոր Արևելքում և առավել աշխույժ էր գործում Մինսկի խմբում: Այսքանով հանդերձ մենք մնում ենք այն կարծիքին, որ սխալ է Մինսկի խմբում հավասարակշռության թուլացումը և մեկ գերտերության «մենաշնորհը»: Եվ եթե իրոք խաղաղությունը Հարավային Կովկասում թանկ է ԱՄՆ-ի համար, ապա Վաշինգտոնը պետք է մտածի ՄԽ-ում Մոսկվայի հետ համագործակցելու և ոչ թե Ռուսաստանը կործանելու մասին:

«Ռուսական ռազմաարդյունաբերական կոմպլեքսի դեմ ԱՄՆ պատժամիջոցներն ավելի շատ կարող են հարվածել ոչ թե Հայաստանին, այլ Ադրբեջանին, որովհետև Հայաստանի միլիտարիզացիան պարտադրված է` Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքում բալանսը պահպանելու նպատակով»,- ամերիկացի Բլանկի հայտարարություններից հետո այսպիսի ճապաղ միտք է հղացել հայ վերլուծաբանը: Թե ասեմ` այ տղա, հո դու ապուշ չե՞ս, պիտի նեղանա: Ոշադիր կարդացեք, խնդրում եմ. «Ռուսաստանի կողմից Հայաստանի միլիտարիզացիան պարտադրված է` Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքում բալանսը պահպանելու նպատակով»: Այսինքն հիմա մենք ի՞նչ անենք, հրաժարվե՞նք ռուսական զենքից, որպեսզի Ադրբեջանի հետ բալանսը խախտվի: Բա հետո՞… Իսկ գուցե մտածում է, որ Ադրբեջանը դրանից հետո կդադարի՞ զինվել ու չի՞ մտածի նոր պատերազմի մասին: Ես պնդում եմ հակառակը` Ադրբեջանին այսօր զսպում է միայն մեկ բան` հայկական զենքը, և կապ չունի, թե ինչ աղբյուրից է այն ձեռք բերվել` Մոսկվայից, Իսրայելից, թե Վաշինգտոնից: Եվ ուրեմն խաղաղության մասին խոսելուց առաջ պետք է հասկանալ այն պահպանելու նախադրյալներն ու հիմքերը: Մարդը գրում է, որ Ռուսական ռազմաարդյունաբերական կոմպլեքսի դեմ ԱՄՆ պատժամիջոցներն ավելի շատ կարող են հարվածել ոչ թե Հայաստանին, այլ Ադրբեջանին: Մոլորություն: Ադրբեջանը ռուսական զենք կգնի Ղազախստանում, Ուկրաինայում. Բելառուսում, շատ ավելի ժամանակակից զենքեր կկարողանա ձեռք բերել այլ շուկաներից: Հետաքրքիր է, թե ինչ է հակադրելու դրան Հայաստանը: Գուցե հայտարարենք, որ մեր լավագույն պաշտպանությունը անպաշտպան լինե՞լն է:

Էդիկ Անդրեասյան

Մեկնաբանություն
X