Խումհարդ անցած լինի (լրագրային շանսոն)

Միջազգային լրահոս

The Wall Street Journal-ը գրում է. «Հայաստանում, որն աշխարհում առաջինն է պետականորեն ճանաչել և ընդունել քրիստոնեությունը, Սուրբ Ծնունդը նշել են շատ կրեատիվ եղանակով` համաքրիստոնեական տոնը վերածելով պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի բանակի քեֆի:

Նախարարը բարձր տրամադրություն է ունեցել, գրում է թերթը:

***

The Washington post-ն անդրադարձել է Էջմիածնի Մայր տաճարում տեղի ունեցած ճրագալույցի արարողությանը` նշելով, որ ներկաների մեջ չի եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Թերթը, հղում կատարելով հայաստանյան կոնկրետ լրատվամիջոցների գրում է, որ Սերժ Սարգսյանի բացակայությունը անսպասելի չէր, քանի որ իր նախագահության վերջին տարում այդ արարողությանը չի մասնակցել նաև նրա նախորդը` Ռոբերտ Քոչարյանը, որն այդ օրը նախընտրել է Ծաղկաձուրում դահուկ քշել: Թե ինչով է զբաղված եղել Սերժ Սարգսյանը, The Washington post-ը չի մանրամասնում:

***

2018 թվականի հենց առաջին աշխատանքային օրը ՀՀ վարչապետի 4-օրյա արձակուրդի մասին լուրը հիթ է դարձել ոչ միայն Հայաստանում, այլև ողջ արտերկրում, գրում է The Guardian-ը` հղում կատարելով ՀՀ կառավարության մամլո խոսնակի ֆեյսբուքյան հայտնի գրառման վերջին հատվածին, որի համաձայն` վարչապետ Կարապետյանն իր արձակուրդն անցկացնելու է արտերկրում:

«Թե հատկապես որ երկիր է ժամանել Կարապետյանը, հայտնի չէ, թեև Հարավային Կորեայի վարչապետը հայտարարել է, որ ցողունային բջիջների վերականգման հաստատություններն այս օրերին աշխատում են մեծ ծանրաբեռնվածությամբ»,- գրում է թերթը:

***

Московский комсомолец-ը ընդարձակ հոդված է հրապարակել Հայաստանի վրա ԵՏՄ բարերար ազդեցության մասին` նշելով, որ ԵՏՄ մաքսային օրենքների ուժի մեջ մտնելուց հետո ծայր առած աննախադեպ թանկացումները հայաստանցիների մեծ մասի տանձին չեն: «Հայաստանի բնակչությունն անօրինակ կենսունակություն է ցուցաբերում` ուտելով միայն կարտոֆիլ»,- գրում է հոդվածի հեղինակը` մատնանշելով ՀՀ ԱԺ-ում հայտնի երեսփոխանների:

***

Le Figaro-ն գրում է, որ 2017 թվականին Վրաստան ամենաշատը այցելել են հայաստանցիները, 2-րդ տեղում են ադրբեջանցիները 3-ում` ռուսաստանցիները: «Առակս զի՞նչ ցուցանե»,- հարցնում է թերը և ինքն էլ պատասխանում. «Առակս ցուցանե զայն, որ Վրաստանը, իբր, զարգացնում են ամերիկացիները և եվրոպացիները»:

Մեկնաբանություն
X