ՏՏ աղջիկների եւ կանանց առաջին թեմատիկ ընթրիքը Հայաստանում

>

Հայաստանի ՏՏ ոլորտում ներգրավված կանայք եւ աղջիկները հունվարի 7-ին առաջին անգամ մասնակցեցին թեմատիկ ընթրիքի՝ Geek Girls' Dinner, որ նախաձեռնել էր Girls in Tech համաշխարհային ցանցի հայկական մասնաճյուղը: ՏՏ ոլորտի թեմատիկ ընթրիքի ձեւաչափը շատ տարածված է Սիլիկոնյան Հովտում, որտեղ հենց կանայք հաճախ հանդիպում են ընդթրիքի շուրջ, կիսում իրենց մտքերն ու հանդես գալիս նախաձեռնություններով:

Հայաստանում կանանց եւ աղջիկների առաջին ՏՏ ընթրիքի համար հրավիրվել էին 4 խոսնակներ, ովքեր իրենց ոլորտի եւ մասնագիտության վերաբերյալ հատուկ զեկույցներ էին պատրաստել՝ ՏՏ ոլորտի լրագրող Նարինե Դանեղյանը, Սան Ֆրանցիսկոյից հայրենադարձ եղած UI/UX դիզայներ Աստղիկ Փիլիպոսյանը, ՏՏ ոլորտում մարդկային ռեսուրսների մասնագետ Անի Մերուժանի Մարգարյանը եւ, Կոպենհագենից հայրենադարձ եղած, ավիացիայի ոլորտում բիզնես հարաբերությունների մասնագետ Տաթեւիկ Ռեւազյանը:

«Նմանատիպ ընթրիքները լավ առիթ են ոչ միայն նոր հարաբերությունների հաստատման եւ ամրապնդման համար, այլեւ հաճախ հիմք են դառնում նոր նախաձեռնությունների եւ գործընկերության համար: Բացի այդ, սա շատ լավ հնարավորություն է հաստատելու աշխարհի ավելի քան 60 մասնաճյուղ ունեցող մեր ցանցի՝ Girls in Tech-ի գլխավոր առաքելությունը, որն է՝ ընդլայնել կանանց տեղն ու դերը տեխնոլոգիաների, առաջնորդության եւ գործարարության մեջ» - նշում է Girls in Tech Հայաստանի գործադիր տնօրեն Սեդա Պապոյանը:

Geek ընթրիքները Հայաստանում նախատեսվում է վերածել ամենամսյա միջոցառումների շարքի: Առաջին ընթրիքը կայացել է առողջ սննդի Eat&Fit սրճարանում, իսկ գինու համտեսի համար հայկական գինիներ տրամադրել է գինիների մասնագիտացված խանութ եւ ակումբ In Vino-ն:

Մեկնաբանություն
X